Forrights.am-ին  են դիմել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողներ։ Նրանք բողոքում են, որ տղաներին արձակուրդ չի տրամադրվում։ 

«Բավական չէ, որ նրանք 44 օր մասնակցել են պատերազմին, հիմա էլ արձակուրդ չեն գալիս, իրենց զինծառայության ժամկետն էլ չի կրճատվում։ Մեր պահանջներից մեկն էլ այն է, որ վեց ամսով կրճատվի նրանց զինծառայության ժամկետը։ Արցախը մերն է, մեր հողն է։ Մենք որպես ծնող՝ պատերազմի ողջ ընթացքում մեր տղաներին հերոսության ենք մղել։ Տղայիս ասել եմ՝ հերոսական կռիվ մղած ետ կգաս։ Բայց, պատերազմից հետո ինքներդ  գիտեք՝ իրավիճակն  Արցախում ինչպիսին է։ Աստված մի արասցե, որ գերի ընկնեն, ռազմագերի էլ չեն համարվելու, ավելի վատ է լինելու», —  Forrights.am-ին իր մտահոգությունն է կիսում ժամկետային զինծառայողներից մեկի հայրը։

Ծնողներն կարծում են, որ Արցախում  այսօր զինծառայողների անվտանգությունն այսօր երաշխավորված չէ։

«Այս պահին Արցախում իրենց ծառայությունն անվտանգ չի անցնում, չկան նորմալ պայմաններ։ Սահմանները փոխվել են։ Մեր տղաները գտնվում են կողք կողքի՝ ռուս խաղաղապահների  ու ադրբեջանցի զինծառայողների հետ: Տղաներն առանց այդ էլ հոգեբանական և ֆիզիկական խնդիրներ ունեն։ Նրանք, գոնե պիտի զննություն անցնեն, զինծառայության համար նորմալ,պայմաններ ստեղծվեն և դրանից հետո նոր զինծառայությունը շարունակեն։ Առաջ սահմաններում նորմալ բլինդաժներ, զորանոցներ կային, հիմա այդ դիրքերը չկան։ Նոր դիրքեր են ստեղծել, բայց պայմաններ չկան․ տղաները վրանների մեջ են, ավտոմեքենաների վրա․․․ Պատերազմին մասնակցած տղաները այդ պայմաններո՞ւմ պիտի ծառայեին, մի՞թե նրանք այդ անտարբերությանն են  արժանի», — ասում է մեր զրուցակիցը։

​​​​​​​Ժամկետային զինծառայողներից մեկի հայրն էլ նշեց՝ Հայաստանում ծառայող  զինվորը կարող է արձակուրդ ստանալ։ Բայց, Արցախում ծառայողը դրա հնարավորությունն էլ չունի․ դա արդար ու ազնիվ չէ։

«ժողովուրդն այդպես էլ մի օր չլսեց, որ մի պաշտոնյայի որդի վիրավորում ստացած լինի։ Էդ ո՞նց է  ստացվում, որ նրանց երեխեքը տաք-տաք տներում պիտի նստեն, իսկ մեր տղաները այդ պայմաններում զինծառայությունը շարունակեն։ Պատերազմի ընթացքում կրակի ու ֆոսֆորի տակ են կռվել: Իմ տղային ու մյուսներին հարցրել եմ՝ պատերազմի օրերին ի՞նչ էիք մտածում, ասում են՝ մտածում էինք՝ տեսնես ե՞րբ ենք զոհվելու։ Իմ տղան առողջական խնդիրներ ուներ, ուստի թույլ տվեցին, որ գար՝ բուժզննություն անցնելու։ Եկավ տուն, տանը երեխան խաղում էր, մի փոքրիկ անկարգություն արեց, տղաս ներվերից այֆոնը ձեռքի մեջ սեղմեց, ջարդեց։ Հասկանո՞ւմ եք, թե այդ երեխայի նյարդերն ինչ լարված վիճակում են։ Մեկի  ականջի տակ մի  անսպասելի աղմուկ է լինում, սարսափում է, բա այդ երեխաները 44 օր դժոխքի մեջ լինեն, որ այսօր այս պետությունն այսքան անտարբե՞ր լինի»:

Ծնողներին ընդունել են վարչապետն ու պաշտպանության փոխնախարարը։ Նրանք  ասել են՝ խնդրի մասին տեղյակ են, փորձում են լուծում տալ դրան։ Սակայն, ըստ զինծառայողների  հոր՝ ամեն անգամ նույն պատասխանն է հնչում․ նրանք փորձում են ժամանակ շահել և անտարբեր են։

«Այս պահին Արցախում զորակոչ կա, բայց տղաներն Արցախ չեն գնում։  Մեր երեխաները Արցախում հիմա վրանների մեջ են  գտնվում։ Այն տեսանյութը տեսաք, չէ՞, որ համացանցում տարածվեց, որ վրանը քամին տարել էր, մնացել էին մահճակալները․ դա հո միակ դե՞պքը չէ․․․․ բազմաթիվ տղաներ այսօր այդպիսի  և է՛լ ավելի սարսափելի պայմաններում են շարունակում իրենց ծառայությունը», —  ասաց զինծառայողի հայրը։

Նրա խոսքով՝ հազարավոր տոննաներով օգնություն եկավ Հայաստան, բայց զինվորներին ոչ մի բան չհասավ:

«Պատերազմ տեսած ժամկետայիններն այսօր ընդհանրապես ոչ մի տեսակի արտոնություն չունեն։ Պիտի մեռնեին, որ պետությունը նրանց ընտանիքներին մի քանի հարյուր հազար դրամ օգնություն  տար կամ մի քանի արտոնությո՞ն։ Մեր տղաները  կռվել են ու եթե ողջ են մնացել, ապա այսպե՞ս պիտի վարվեն իրենց հետ։ 15 օր է, մեր տղաերի զինգրքույրկները հավաքել են։ ՊՆ-ից ասել են, որ պիտի դրանց մեջ նշվի, որ տղաները մարտական գործողությունների են մասնակցել։ Կես ամիս է, դա չեն կարողանում գրե՞լ․ ինչ է, սեպագիր արձանագրություն պիտի անե՞ն, չագուչով ու զուբիլով պիտի գրե՞ն, ժամանա՞կ է պետք, թե՞ էդ գրողին պիտի Անտարկտիդայից բերեն», —բորբոքված հարցնում էր Արցախում ժամկետային զինծառայությունը շարունակող տղաներից մեկի հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest