Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի 19-ամյա զինծառայող Հովիկ Վերանյանի մարմինն ընտանիքին հանձնվեց զոհվելուց 80 օր անց միայն։ Հարազատները մինչև վերջին պահը հավատում էին, որ տղան ողջ է և մեքենայի պայթյունի ժամանակ վազել է, փրկվել․
«Հոկտեմբերի 21-ին ժամը 10-ի սահմաններում տուն ա զանգել, հոր հետ խոսել, տեղեկացրել, որ տեղափոխվում են այլ տեղ․․․ու վերջ, դրանից հետո էլ իրենից զանգ չի եկել։ Երեք ժամ անց հակառակորդն իրենց երկու մեքենայի ուղղությամբ կրակ ա բացել։ Սկզբում մեզ ասում էին՝ Ձեր տղան փախել ա, փրկվել։ Հայաստանում էլ հիվանդանոց չմնաց, որ չփնտրենք, մինչև վերջ հույս ունեինք, որ ողջ ա, ինչ-որ տեղ թաքնված։ Ավաղ․․․»,- Forrights-ի հետ զրույցում Հովիկի մորաքույրը՝ Սուսաննան։
Հովիկը ծառայության էր մեկնել 2019 թվականի դեկտեմբերին, սկզբում՝ Մուղնու ՀՕՊ, վեց ամիս անց՝ Արցախի Հադրութի շրջանի զորամասերից մեկում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, պատվոգրերով և «Արիության մեդալ» շքանշանով։
Սեպտեմբերի 27-ին Հովիկն 9 ամսվա զինծառայող էր, երբ հակառակորդը պատերազմական ակտիվ գործողություններ սկսեց։
Հովիկը հմտացել էր «Իգլա» զինատեսակի վրա և հենց առաջին օրերին աչքի ընկավ հակառակորդին տեխնիկական վնաս պատճառելով։ Ժամեր անց տեղեկացավ, որ զոհվել է մանկության ընկերը՝ Տիգրանը․
«Շատ ծանր էր տանում Հովոն ընկերոջ մահը, սթրեսի մեջ էր ընկել որոշ ժամանակ։ Էդ դեպքից մի քանի օր անց մյուս ընկերը վիրավորվեց, ոտքը կտրեցին, ընկերոջ հետ հավասար տանջվում էր։ Չգիտեր, որ իր դեպքն ավելի ծանր ա լինելու․․․»։
Հարազատները գրեթե ամեն օր կապի մեջ են եղել Հովիկի հետ, բայց շատ բան իմանալ չեն կարողացել․ տղան միայն հարազատ եղբոր՝ Հայկի հետ էր կիսվում, մյուսներին ասում էր՝ դե ծիտ ենք խփում, մի՛ վախեցեք, նորմալ ա ամեն ինչ․
«Իրականում, հետո պարզվեց, որ ոչ մի բանն էլ նորմալ չէր․․․Հետագայում իր ընկերները պատմեցին, որ երկու անգամ շրջափակումից մի կերպ ա դուրս եկել, ձեռքի զենքով հակառակորդի ուղղաթիռ խոցել, բայց դե Հովոս համեստ էր, մեզ ոչ մի բան չէր պատմում։ Երևի մտածում էր կգա, գուցե մի օր՝ պատմի»։
Հոկտեմբերի 21-ին, երբ Հովիկի խումբը Հադրութի Զինավան գյուղից պատրաստվում էր այլ տեղ տեղափոխվել, երկու ավտոմեքենա էին պատրաստել, որից մեկում վիրավորներին պետք է տեղափոխեին, մյուս ՝ իրենք նստեին։ Հինգ հոգով են եղել, երբ հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է երկու մեքենային էլ։ Ցավոք, ոչ ոք ողջ չի մնացել, այնինչ Հովիկի հարազատներին ասել էին, թե տղան մեքենայից դուրս է վազել ու փրկվել․
«Մի վարկած էլ են ասում մեզ, որ ոչ թե անօդաչուն ա հարվածել, այլ իբր զենքով կռիվ ա գնացել հակառակորդի միջև ու էդ ընթացքում են զոհվել»։
Գրեթե 80 օր հարազատները որևէ տեղեկություն չեն ստացել Հովիկից, փնտրում էին նրան բոլոր հիվանդանոցներում։ Տղային գտնում են միայն հունվարի 10-ին՝ ԴՆԹ փորձաքննությամբ, այնինչ հետագայում պարզվում է, որ Հովիկի մարմինը դեռ նոյեմբերի 22-ին էր Ստեփանակերտից տեղափոխվել Հայաստան․
«Հովոյիս պրիսյագի՝ երդման արարողության օրն իրեն հողին հանձնեցինք։ Չհամաձայնվեցինք Եռաբլուրում հուղարկավորել, հեռու էր, մեր տղան մեզ մոտ պետք ա լիներ։ Թաղեցինք իր զոհված ընկերոջ՝ Տիգրանի կողքին, գնացին, հասան իրար․․․»։
Օգոստոսին բանակ կզորակոչվի Հովիկի փոքր եղբայրը, ով նպատակ ունի դիմում գրել և ծառայության անցնել Արցախում, պետք եղած ժամանակ կռիվ տալ իր և եղբոր փոխարեն։
Գագարին գյուղն Արցախյան երկրորդ պատերազմում հինգ զոհ է տվել, նրանք արդեն իսկ իրենց անվանական դասասենյակներն ունեն գյուղի դպրոցում։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: