Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը արձագանքել է մեր «Ստեփաննակերտի զորամասի հրամկազմը արգելել է պայմանագրային զինծառայողներին դիմել արձակուրդի հարցով» հրապարակմանը:

Դրանով մենք անդրադարձել էինք «Ես եմ» ծրագրով ԼՂՀ զորամասերում ծառայող զինվորների՝ իրենց օրենքով սահմանված արձակուրդները տրամադրելու պահանջին: Հայաստանցի զինծառայողները, որոնք ծառայել են Արցախում, ապա, պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստանի զորամասեր, ահազանգել էին, որ նրենց զրկել են արձակուրդի իրավունքից: Նույնն էին վկայում Ստեփանակերտի զորամասի մի խումբ զինվորներ, որոնք ՊՆ-ում ծառայության են «Ես եմ» ծրագրի շրջանակներում, ունեն պայմանագիր Արցախի ՊԲ-ի հետ, սակայն նրանց ասել են, որ 5 ամիս արձակուրդ չեն գնալու:

Ըստ ՊՆ պաշտոնյաների, «Ես եմ» ծրագրով ծառայողներին արձակուրդ չտրամադրելը պայմանավորված է համաճարակային իրավիճակով:

ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Գևորգ Մարտիրոսյանը պարզաբանում է Forrights.am-ին: «Գլխավոր շտաբի պետի հրաման գոյություն ունի, որ նոր կորոնավիրուսային հիվնդությամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների գործող կարգի համաձայն արգելվել են «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների արձակուրդները: Չնայած դրա, արձակուրդի համար նախատեսված դրամական բավարարումները տրամադրվում են: Արգելվել են նաև պարտադիր ժամկետային զինծառայողների ազատ արձակումները, ծնողների այցելությունները, իսկ արձակուրդ տրամադրվում է համաձայն ՀՀ  կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման: Բացառություն է արվում միայն հարազատի մահվան դեպքում: Այդ ժամանակ արձակուրդ տրամադրվում է»:

Հարցին, թե Ստեփանակերտի զորամասի ծառայողներին ինչու՞ չեն թողնում տուն, ինչու են նրանց ասել, որ 5 ամիս չեն գնալու արձակուրդ, պաշտոնյան պատասխանեց. «Նշված հրամանը տարածվում է և Արցախում, և Հայաստանում ծառայող պարտադիր զինծառայողների վրա: Թե որքան ժամանակ այն կգործի, չենք կարող ասել: Ժամկետներ նշված չեն»:

Ըստ Մարտիրոսյանի, «Ես եմ» ծրագրով ծառայողների շրջանում կան այնպիսիք, որոնք պատերազմական հանգամանքներով պայմանավորված վերադարձել են Հայաստան և երկար ժամանակ սահմանները չեն պահել, իսկ դա նշանակում  է, որ «Ես եմ» -ի շրջանակներում նրանց ստանձնած պարտավորությունները ևս խախտվել են: «Իրենց պահանջը այնքան էլ իրավաչափ չի, որովետև  իրենց մարտական դիրքում չեն իրականացնում հերթապահություն», — ասաց պաշտոնյան:

Այդ դեպքում, եթե եւ պարտականությունները, և իրավունքները խախտվել են, ինչո՞ւ «Ես եմ» -ով ծառայողներին տուն չեն թողնում: Այս հարցի պատասխանը այս պահին չկա, սակայն մեզ վստահեցնում են, որ ծրագիրը վերանայման փուլում է և շուտով կհստակեցվի:

Արդեն հայտնել ենք, որ «Ես եմ» ծրագրով կնքված պայմանագրերի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մասավորապես, հերթական արձակուրդը չեն կարողանում ստանալ Կռասնիի զորամասում ծառայող մի խումբ զինծառայողներ, որոնք «Ես եմ» ծրագրով  21 օր պետք է ծառայության մեջ լինեն և 7 օր՝ տանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest