Բանակայինների մահվան գործերով քննությունները պատերազմական իրավիճակում, կարելի է ասել, դադարեցվել են: Նախաքննության մարմինը, դատախազությունը այս գործերն անուշադրության են մատնել:
Մեղրիի զորամասում 2017 թվականի օգոստոսին մահացած ապրիլյան պատերազմի հերոս, հետախուզական վաշտի հրամանատար Անդրանիկ Մկրտչյանի գործը դրանցից մեկն է: Արդեն երեք տարի է անցել, սակայն նրա մահվան գաղտնիքը չեն ցանկանում բացահայտել:
26 տարեկան կապիտանի դին, հիշեցնենք՝ հայտնաբերվել էր զորամասի աշխատասենյակներից մեկում, ծնոտի շրջանի հրազենային վնասվածքով։ Հաջորդ իսկ օրը քննչական խումբը գործ հարուցեց 110-րդ հոդվածի առաջին մասով՝ «Ինքնասպանության հասցնելը», քանի որ կապիտանի գրպանում հայտնաբերել էին մի գրություն, որով նա խնդրում էր իր մահվան մեջ ոչ մեկին չմեղադրել: Հետագայում, տուժող կողմի պահանջով անցկացված կրկնակի փորձաքննության արդյունքում պարզվեց, որ գրությունից բացի կա դրա սևագիրը՝ մի թուղթ, որի վրա վերարտադրված են եղել կապիտանի ձեռագրի առանձին մասնիկներ ու գրության տեքստում օգտագործված բառեր: Այսինքն, ինչ-որ մեկը փորձել էր այդ սևագրում վերարտադրել Անդրանիկ Մկրտչյանի ձեռագիրը, այն կեղծելուց առաջ վարժություններ է կատարել, մոռանալով և թողնելով սևագիրը դեպքի վայրում: Սակայն այս փաստերն անտեսվեցին:
Քննչական կոմիտեն համառորեն շարունակեց պնդել ինքնասպանության վարկածը, իսկ 2019 թվականի դեկտեմբերին վարույթը կասեցվեց ինքնասպանության դրդող անձի անհայտ լինելու հիմքով:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Խանում Մկրտչյանը դեռևս մայիսի 22-ին միջնորդել էր վարույթն իրականացնող մարմնին գործը հանել կասեցումից և վերսկսել վարույթը, սակայն մերժվել էր առանց որևէ պատճառաբանության: «Այնուհետև քննիչի և դատախազի որոշումները մեզ մերժելու մասին բողոքարկեցինք դատարանւմ, Սյունիքի դատարանը մեզ մերժեց, պատճառաբանելով, որ քննչական մարմինը զրկված չի ցանկացած փուլում գործը կասեցումից հանելու, վերսկսելու և փորձաքննություն նշանակելու հնարավորությունից, որ դա քննչական մարմնի լիազորությունն է: Այժմ մենք բողոքարկել ենք առաջին ատյանի դատարանի որոշումը, դիմել ենք վերաքննիչ դատարան: Սպասում ենք», — ասում է Խանում Մկրտչյանը:
Նա բազմաթիվ ապացույցներ ներկայացնելով, որոնք վկայում են, որ գործով անբարեխիղճ, կեղծ քննություն է իրականացվել:
Մեր խնդրանքով Խանում Մկրտչյանը ի մի բերեց այն բոլոր փաստերը, որոնք վկայում են, որ Անդրանիկ Մկրտչյանը չէր կարող ինքնասպան լիներ և որ նրան սպանել են:
«Անդրանիկ Մկրտչյանը վայբեր սոցիալական ցանցի միջոցով իր սիրած աղջկան հաղորդագրություն է ուղարկել, որ կես ժամից կգրի նրան, սակայն չի գրել, քանի որ իրեն սպանել են: Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը: Այդ օրը Անդրանիկին զորամասից պարբերաբար զանգահարել և կանչել են զորամաս, սակայն ինքը զորամաս պիտի մեկներ միայն երկուշաբթի: Հետևապես, ինչ-որ մեկին պետք է եղել, որ Անդրանիկը զորամաս գնա հենց այդ օրը: Կապիտանի հագուստի վրա հայտնաբերված դարչնագույն հետքից, որը հնարավոր է, արյան հետք է, հայտնաբերվել է նաև Մկրտչյանի ծառայողական բնակարանում: Սակայն այս հետքը այդպես էլ չի ուղարկվել փորձաքննության: Այն վերացվել է: Քննիչների կողմից իրեղեն ապացույցների ոչնչացման մասին տուժող կողմի հաղորդումը կրկին ուղարկվել է այդ ապացույցը ոչնչացնող քննչական մարմնին, ինչը աբսուրդ է», — ասում է փաստաբանը:
Խանում Մկրտչյանը հիշեցնում է նաև, որ 2017թվականի մայիսին՝ իր մահից մի երկու ամիս առաջ, Անդրանիկ Մկրտչյանը վիճաբանություն է ունեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, նրանք ասել են, որ կսպանեն իրեն:
Անդրանիկ Մկրտչյանի դեմքին, ստորին ծնոտի հրազենային վնասվածքից բացի, հայտնաբերվել են դեմքի ձախ կեսի քերծվածքներ դեմքի ձախ կեսի /մեկ օրվա վաղեմության/ և կրծքավանդակի շրջանում /3-5 օրվա վաղեմության/, որոնք, ըստ դատաբժշկի, բութ առարկայի ներգործության հետքեր են: Սակայն քննիչները չեն պարզել, թե ինչ հանգամանքներում է մահացածը ստացել այդ վնասվածքները:
«24. 07. 2019թ․ դատակենսաբանական փորձաքննության թիվ 115 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված գնդակի վրայից վերցված քսվածքում արյան առկայություն չի հաստատվել, փորձաքննության ներկայացված գնդակի վրայից քսվածքի մզվածքից պատրաստված պրեպարատներում բջջաբանական ուսումնասիրությամբ որևէ հյուսվածքի՝ այդ թվում նաև ուղեղանյութի բջիջներ չեն հայտնաբերվել:
Դա նշանակում է, որ դեպքի վայրում հայտնաբերված գնդակը չի անցել Անդրանիկ Մկրտչյանի գլխի միջով, դա նշանակում է, որ Անդրանիկ Մկրտչյանին սպանել են, որ նրան սպանել են այլ զենքով և այլ վայրում», — ասում է Խանում Մկրտչյանը: Քննիչների կողմից կատարված հանցագործությունների մասին նրա ներկայացրած հաղորդումներին դատախազությունը չի անդրադարձել: «Ակնհայտ է , որ նախաքննական մարմինը անգործության է մատնել նշված քրեական գործը և չի էլ ցանկանում օբյեկիվ և բազմակողմանի քննություն կատարել», — նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը Forrights.am-ի հետ զրույցում:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: