Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ սենսացիոն փասաթուղթ է ի հայտ եկել՝  փորձաքննական եզրակացություն: Դրանով փորձագետը փաստորեն արձանագրել է, որ չի կարելի պնդել, որ Գասպարյանը ինքնասպան է եղել: 2020 թվականի մարտի 20-ին թվագրված փորձաքննությամբ, որը տուժողի ներկայացուցիչներին տրվել է 8 ամիս ուշացումով, փորձագետը նշում է՝ Արթուր Գասպարյանի բնավորության առանձնահատկությունները՝ շփվող աշխույժ, բարեհամբույր, ընկերասեր լինելը, և վերլուծելով քննիչի ներկայացրած փաստերը, ամենակարևոր շեշտը դնում է այն փաստի վրա, որ Գասպարյանն ինքնամփոփ չէր և նշում է, որ այդ առանձնահատկությունները «չէին կարող ազդել նրա վարքի վրա, մասնավորապես սուիցիդ կատարելու»: Այլ կերպ ասած՝ նրա բնավորությունն այնպիսին էր, որ նա չէր կարող կատարել ինքնասպաություն:

Հիշեցնենք՝ Արթուր Գասպարյանի դին, ըստ քննչական կոմիտեի, հայտնաբերվել էր 2018 թվականի մայիսի 4-ի գիշերը «Ավտոբուս 3» կոչվող մարտական դիրքի կացարանի մոտ:  Բերանի խոռոչի և գլխի գագաթային շրջանում միջանցիկ հրազենային վնասվածքներ կային: ՔԿ վեցերորդ կայազորային քննչական բաժնում գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ինքնասպանության հասցնելը»:

Սակայն ի սկզբանե, Արթուրի ինքնասպանությունը անհավանական էր թվում: Նա փարթամ, ուժեղ տղա էր, մոտ մեկ ու կես տարվա ծառայող, ով անցել էր բանակին հարմարվելու բարդ շրջանը: Նա մահվան օրը, երեկոյան հեռախոսազրույց էր ունեցել հարազատների հետ, որոնց մի քանի օրից պետք է իրեն այցելեին: Այնպես որ, ինքնասպան լինելու պատճառ շարքայինը չուներ:

Արթուր Գասպարյանի հարազատներին ներկայացնող իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը մանրամասնեց դատահոգեբանական եզրակացությունը.

«Արթուրը, ըստ փորձագետների, եղել է նեղված, եղել է  թեթև սթրեսի վիճակում, սակայն իր մոտ չի եղել ֆրուստրացիոն հոգեվիճակ, այսինքն՝ իրավիճակից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիությամ վիճակ  նրա մոտ չի եղել: Նշված է, որ Գասպարյանի անհատական հոգեբանական առանձնահատկությունները՝ անձնական, ընկերական, նյութական, կենցաղային, ֆիզիկական և այլ գործոնները չեն հանդիսանում սուիցիդի բարձր ռիսկի բարձր գործոններ: Այսինքն, փորձագետը մասնագիտորեն բացատրում է քննիչներին, որ նրանց նկարագրած բոլոր առանձնահատկությունները ինքնասպանության ռիսկ չեն պարունակել, սուիցիդի գործոններ չեն հանդիսացել»:

Քրեական գործում կան զինծառայողների ցուցմունքներ, որոնց համաձայն Գասպարյանը կոնֆլիկտ է ունեցել երկու զինծառայողների հետ, որոնք իրեն հայհոյել են, նվաստացրել: Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ այդ ցուցմունքները ձեռք են բերվել ստիպողաբար:

«Փորձագետը չի տեսնում այնպիսի պատճառահետևանքային կապ, որը դրդեր Գասպարյանին ինքնասպանության: Չկա որևէ պատճառ, որը զինծառայողին դրդեր ինքնասպանության: Այսինքն, փորձագետն անուղղակիորեն գրում է, որ ինքնասպանության պատճառ Գասպարյանը չի ունեցել», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Այս փորձաքննական եզրակացությունը վերջին ապացույցն է առ այն, որ Արթուր Գասպարյանը ինքնասպան չէ: Տուժող կողմին համառ պահանջներով նախաքննության երկուսուկես տարում հաջողվեց մի քանի փորձաքննություններ անցկացնել, որոնք ապացուցում են, որ Գասպարյանին սպանել են:

Մեխանիկական վնասվածքներ են հայտնաբերվել նրա երկարաթև շապիկի, ձմեռային անդրավարտիքի վրա, պատռվածքներ, որոնք վկայում են Ա. Գասպարյանի հանդեպ մահից առաջ գործադրված բռնության մասին։

Նրա հագուստների դատակենսաբանական-դատաբժշկական համալիր փորձաքննական եզրակացության համաձայն, արյան դարչնագույն քսվածքատիպ բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել: Տուժողի իրավահաջորդ, «Լրագրողներ հանուն մարդու իրավուքնների» կազմակերպության փաստաբան Խանում Մկրտչյանը Forrights.am-ին հայտնեց.

«Քսված հետքերը վկայում են այն մասին, որ դեպքը տեղի չի ունեցել արթուն հերթափոխի խրամաբջջում, ինչպես փորձում են համոզել քննչական մարմինները, այլ որ սպանությունից հետո դիակը քարշ տալով դեպքի վայրից տեղափոխել այդտեղ, որպեսզի ցույց տան՝ իբր այդ պահին Ա․ Գասպարյանը իրականացրել է ծառայություն։ Մինչդեռ Գասպարյանը մահվան պահին ծառայողական պարտականություններ չի կատարել: Դա պարզորոշ երևում է նրանից, որ քսված հետքեր են հայտնաբերվել միայն Ա․ Գասպարյանի ներքնազգեստների վրա՝ երկարաթև և կարճաթև շապիկների, ժիլետի, և չեն հայտնաբերվել Գասպարյանի զինվորական բաճկոնի, ձմեռային բաճկոնի կամ տաբատի վրա։ Այսինքն, ակնհայտ էր, որ Գասպարյանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել, քանի որ ներքնազգեստներով ծառայություն չեն իրականացնում»։

Մեկ այլ դատաբժշկական փորձաքննությամբ էլ հիմնավորվեց, որ հայտնաբերված վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք:

Զենքի՝ «ՌՊԿ-74» տեսակի գնդացիրի փորձաքննությունը ցույց էր տվել, որ ձգանի մեկ սեղմումով հնարավոր է կատարել միայն մեկ կրակոց։ Հաջորդ կրակոցը կատարելու համար անհրաժեշտ է բաց թողնել ձգանը և նորից սեղմել այն։

«Ակնհայտ է, որ Արթուր Գասպարյանը չէր կարող կատարելով միայն մեկ կրակոց, ստանալ հրազենային երկու վնասվածք, ստացվում է, որ մեկ անգամ պիտի իր բերանի խոռոչի ուղղությամբ արձակեր մեկ կրակոց, այնուհետև կատարեր ևս մեկ կրակոց, որից հետո մահանար։ Այսինքն՝ նշված փորձագիտական եզրակացություններով հերքվել է ինքնասպանության կեղծ վարկածը:

«Այս անհերքելի փաստը անտեսելով, նախաքննական մարմինը մինչ օրս նշված քրեական գործը շարունակում է քննել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Մինչդեռ այս փորձաքննական եզրակացությունները ստանալուց անմիջապես հետո պարտավոր էր վերաորակել գործը քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, այն է՝ սպանության հատկանիշներով», — ասում է Խանում Մկրտչյանը։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest