Ցուցարարները Ազգային ժողովի մոտ ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։ Ըստ այլ աղբյուրների, ցուցարարները նրան դուրս են հանել մեքենայից ու դաժան ծեծի ենթարկել։
Նշենք, որ ՀՀ կառավարության շենքի առջև մարդիկ են հավաքվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։
Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներն անցնում են ազդանշաններով։ Կառավարության շենքի առջև իրավիճակը թեժանում է։
Մի քանի տասնյակ մարդ մտել է կառավարության շենք։ Ոստիկանության ծառայողները համոզում են մարդկանց դուրս գալ շենքից։ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ու հավաքվածների միջև պահպանվում է փոխադարձ հարգանքը։
Վարչապետը նշել էր, որ կայացրած որոշումը չափազանց ծանր է իր համար և որ որոշումը կայացրել է ռազմական դրությունը խորը վերլուծելու և իրադրությանն ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում։
Կառավարության առջև հավաքվածներն իրենց անհամաձայնությունն են հայտնում որոշման հետ` չնայած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։
Քաղաքացիները հավաքվել են նաև Ազգային ժողովի շենքի մոտ։ Կրկին մի քանի տասնյակ մարդ մտել է խորհրդարանի շենք` հասել մինչև նիստերի դահլիճ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: