Ծեծել են Արարատ Միրզոյանին

181

Ցուցարարները Ազգային ժողովի մոտ ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։ Ըստ այլ աղբյուրների, ցուցարարները նրան դուրս են հանել մեքենայից ու դաժան ծեծի ենթարկել։

Նշենք, որ ՀՀ կառավարության շենքի առջև մարդիկ են հավաքվում` վարչապետ  Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։ 

Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներն անցնում են ազդանշաններով։ Կառավարության շենքի առջև իրավիճակը թեժանում է։ 

Մի քանի տասնյակ մարդ մտել է կառավարության շենք։ Ոստիկանության ծառայողները համոզում են մարդկանց դուրս գալ շենքից։ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ու հավաքվածների միջև պահպանվում է փոխադարձ հարգանքը։

Վարչապետը նշել էր, որ կայացրած որոշումը չափազանց ծանր է իր համար և որ որոշումը կայացրել է ռազմական դրությունը խորը վերլուծելու և իրադրությանն ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում։

Կառավարության առջև հավաքվածներն իրենց անհամաձայնությունն են հայտնում որոշման հետ` չնայած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։ 

Քաղաքացիները հավաքվել են նաև Ազգային ժողովի շենքի մոտ։ Կրկին մի քանի տասնյակ մարդ մտել է խորհրդարանի շենք` հասել մինչև նիստերի դահլիճ։