«Օրս սկսվում ա Ղուկասիս ձայնով․ զանգում ա, ներկան ստանում, չընկճվելու հրամանը տալիս ու անջատում»,- Պաշտպանական բանակի էջում հրապարակված որդու նկարները մեզ ցույց տալով իր ամենօրյա առավոտն է ներկայացնում Մերի Աբգարյանը։

Պատերազմական այս իրավիճակում Մերիին ուժ տվողը հենց առաջնագծում գտնվող իր միակ որդին է՝ 20-ամյա Ղուկաս Աբգարյանը։ 1990-ականներին Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հորեղբոր անունը կրող տղան այսօր մեծ սիրով ու հպարտությամբ է շարունակում նրա կիսատ թողած գործը։ Մոր պատմելով՝ Ղուկասը բնավորության շատ գծերով է նմանվել այդպես էլ չտեսած հորեղբորը․

«Ամուսնուս եղբայրը միլիցիայի հատուկ ջոկատից է եղել, «Մահուջի»-ի կազմում։ Զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Լաչինի միջանցքում։ Ղուկասս մեծ հպարտություն է ապրում հորեղբոր անցած ուղիով, դեռ փոքր տարիքից շատ էր հետաքրքրված այդ թվականների մարտերով, կարդում էր, ծանոթանում։ Թեև զինվորական ապագա չէր տեսնում, բայց այդ մարտական ոգին միշտ եղել ա մեջը»։

Տղան բանակ է զորակոչվել 2018 թվականի հունվարին՝ Ղուկաս Աբգարյանի անունը կրող դպրոցն ավարտելուց մի քանի ամիս անց։ Այդ ընթացքում հասցրել է սովորել և աշխատել Մոսկվայում, հետո հետ վերադարձել և մեկնել ծառայության։ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ապրող տղան, երջանիկ պատահականությամբ 6 ամիս սերժանտական դասերի է հաճախել Էջմիածնի զորամասում, հետո՝ տեղափոխվել Արցախ։

Ծառայությունից երբեք չի դժգոհել, միշտ սիրով պատմել բանակային կյանքի ու զինակից ընկերների մասին․

«Այսքան ժամանակ մեզնից բան չի ուզել։ Միայն օրեր առաջ, երբ մեր ցանկությամբ քաղցրավենիք էին ուղարկում իրենց, քրոջ նվեր ստացած «Սև այգի» (Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով- խմբ․) գիրքն էլ պահանջեց դնել արկղում։ Ասում եմ՝ այ Ղուկ ջան, մեծ հաստ գիրք ա, շատ տեղ կզբաղեցնի, ասեց՝ ոչինչ, ես իրենց հողում, իրենց դեմ եմ կռիվ տալիս, պետք ա ծանոթ լինեմ պատերազմին»։

Ընտանիքը վերջին անգամ Ղուկասին կարողացել է տեսնել նախորդ տարի՝ հասանելիք արձակուրդի ժամանակ, հետո կորանավիրուսի համավարակը վրա հասավ և տեսակցություններն արգելվեց, դրան հաջորդեց՝ սեպտեմբերի 27-ը․․․

«Էնքան բան տակնուվրա եղավ մեր մեջ․․․վիրավորանք, տխրություն, ցասում, ամբողջը խառնվեց իրար։ Ամեն զանգից վեր էի թռնում, Ղուկասս էր ինձ դուխ տալիս։ Ասում էր՝ մա՛մ, շատ սերունդներ են պատերազմներ տեսել, ամեն սերունդ էլ պետք ա անցնի սրա միջով, մի նեղվի, էս էլ կանցնի, մենակ դուք մի նեղվեք․․․լավատես ա նաև պատերազմում։

Պահ ա գալիս՝ զարմանում եմ իր մարտական ոգու վրա, որ զանգում ինքն ա դուխ տալիս այնտեղից․․․Երեկ հոր հետ խոսելու ժամանակ «Գրադ»-ի ձայնը եկավ, հայրը վախեցած հարցրեց՝ էդ ի՞նչ էր, ասում ա՝ մի՛ մտածի, պա՛պ ջան, մերոնք են, ժարիտ են անում։

Պատերազմը մի քանի տարով հասունացրեց տղաներին»,- կամացուկ ասում է Մերին և կրկին հայացքը գցում հեռախոսով անցնող լուրերին։

Մայրը չէր պատկերացնում, որ այսքան տարի անց պատմությունը կարող է կրկնվել և հորեղբոր կիսատ թողած պայքարը շարունակի իր որդին․

«․․․չնայած, գուցե ենթագիտակցորեն Ղուկասը պատրաստ էր պատերազմելու»։

Ռոզա Վարդանյան

Տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest