Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Արսեն Հարությունյանը կամավորագրվել է և սեպտեմբերի 28-ին մեկնել Արցախ։ Նա ջոկատի կազմում ներգրավվել է որպես առաջին բժշկական օգնություն ցուցաբերող մասնագետ և միշտ եղել է այնտեղ, որտեղ իր ջոկատը։ Հինգ օր առաջ վերադարձել է տուն, սակայն պատրաստվում է դարձյալ ռազմի դաշտ մեկնել։
Արսենն ասում է՝ ռազմի դաշտում միշտ մի ձեռքում զենքն է եղել, մյուս ձեռքում՝ բժշկական պարագաները։ Արսենը Վայոց ձորի մարզի սահմանամերձ Արենի համայնքի բնակիչ է, արմատներով՝ արցախցի։ Նրա ընտանիքում երեք բժիշկ կա՝ ինքը, իր եղբայր Հայկազը և հայրը՝ «Արենի» առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ Արամ Հարությունյանը, որը 1988-1994 թվականների ընթացքում մասնակցել է արցախյան գոյապայքարին․ հինգ անգամ մեկնել է Արցախ՝ հայրենիքը և հայրենյաց պաշտպաններին փրկելու։
«Եղբայրս՝ Հայկազը, Արցախ է մեկնել հոկտեմբերի 27-ին, իսկ ես՝ 28-ին։ Նա աշխատել է Հադրութի հոսպիտալում, ապա ընդգրկվել է ջոկատի կազմում՝ որպես բժիշկ։ Այժմ չեմ կարող նշել, թե մեր ջոկատը ո՛ր հատվածներում է եղել և ինչ սխրանքներ է գործել, բայց պետք է ասեմ՝ ես ապշած եմ 18-20 տարեկան տղաների քաջությամբ և կարող եմ ասել՝ ամենամարտունակը և զորեղը հենց նրանք են», — Forrights.am-ին պատմում է Արսենը և հպարտորեն հավելում՝ երբ պատերազմը վերջանա, կպատմի այն սխրանքների մասին, որոնց ինքն ականատես է եղել, հիմա դեռ ժամանակը չէ։ Բայց, մի բան կա, որի մասին հիմա կարող է նշել․ մեր քաջերը, տասն անգամ ավելի փոքրաթիվ զորքով իրենց արիությամբ մոտ տասն անգամ ավելի մեծ մարդկային կորուստներ են պատճառել թշնամուն։
Արսենը և օրդինատուրայի առաջին կուրսում սովորող նրա եղբայրը՝ Հայկազը, ապրիլ ամսից մինչև պատերազմի մեկնարկը պայքար էին մղում կորոնավիրուսի դեմ՝ որպես կամավորական՝ աշխատելով տարբեր բուժհաստատություններում։ Արսենն ասում է՝ իր բժիշկ հայրիկի մասնագիտական խորհուրդներին միշտ հետևել է, իսկ ռազմի դաշտ մեկնելուց առաջ հայրը նրան հիշեցրել է՝ հարկավոր է շատ աչալուրջ լինել և հիշել՝ բժիշկը պիտի ինքն իր կյանքը խնայի, որպեսզի կարողանա մյուսների կյանքերը փրկել։
23-ամյա Արսենը, որը նախկինում պատերազմ չէր տեսել ու նմանատիպ պայմաններում չէր աշխատել, պատմում է՝ մարտի դաշվում միանգամից համարձակորեն իր մասնագիտական առաքելությանն է անցել։
«Երբ առաջին անգամ լսեցի ինձ ուղղված ձայները․ «բժի՛շկ, վիրավոր կա», ես ժամանակ չունեի երևէ բանի մասին մտածելու, ընկրկելու իրավունք չունեի, գիտեի, որ պետք է շատ արագ կողմնորոշվեմ, որովհետև յուրաքանչյուր վայրկյանը կարող է կյանք արժենալ», — պատմում է Արսենն ու համեստորեն համաձայնում, որ մեր բժիշկները նաև անվախ ռազմիկներ են, երբ բժշկական պարագաների փոխարեն զենք են վերցնում։
«Ավելին կարող եմ ասել․ ես ավելի հաճախ զենք էի կիրառում, քան բժշկական պարագաներ։ Ես բժիշկ էի այն ժամանակ, երբ ունեինք վիրավոր, իսկ մնացած ժամանակահատվածներում ես մյուսների պես զինվոր էի։ Պատերազմի ժամանակ բժիշկը հաճախ պետք է կարողանա կռիվ տալով՝ վիրավորին կռվի դաշտից հանել, փրկել նրան, իհարկե, ինքս անցել եմ այդ ամենի միջով, ուստի պետք է ասեմ՝ մարտի դաշտում բժիշկը և՛ զինվոր է, և՛ բժիշկ», — ասում է Արսենը։
Պատերազմի դժվարությունների միջով անցած բժիշկ Արամ Հարությունյանը, խոսելով իր որդիների՝ Արսենի ու Հայկազի՝ ռազմաճակատ մեկնելու մասին, ասում է՝ տեսան, ընդօրինակեցին, արեցին այն, ինչ պետք է անեին։ Բժիշկ Հարությունյանի ներուժի կարիքը կա սահմանամերձ Արենիում գտնվող բուժհաստատությունում, որը սպասարկում է նաև շրջակա 7-8 համայնքներին, այլապես ինքն էլ անվարան մարտի դաշտ կմեկներ։ Բժիշկն ասում է՝ եթե որդիներից գոնե մեկը մնար, ինքն Արցախ կմեկներ, բայց որդիները վստահեցրել են՝ իրենք կարող են իրենց մասնագիտական ու հայրենասիրական պարտքը կատարել։
Բժիշկ Հարությունյանն ասում է՝ մինչև իր որդիները ռազմի դաշտ կմեկնեիին, իր անցած մարտական ճանապարհից մի դրվագ է պատմել նրանց, որը վերջիններիս համար պետք է դաս լինի։
«90-ականներին՝ մարտական գործողողությունների ընթացքում, մի անգամ
գնդացիրը գտնվում էր ինձանից մոտ 15-20 մետր հեռու։ Ձորի մեջ միայնակ էի։
Խոցեցի գնդացիրը և մտածեցի, որ մենք այդ գնդացրի կարիքը շատ ունենք, այն արդեն մեր
կողմից կարող էր աշխատել։ Եթե լինեի միայն զինվոր, հավանական է, որ կգնայի, իմ կյանքը
ռիսկի ենթարկելով՝ այդ գնդացիրը կվերցնեի, բայց եթե ինձ ինչ-որ
բան պատահեր, առնվազն 11 վիրավոր մնալու էր առանց անհրաժեշտ բուժօգնության։ Այդ 11
մարդու կյանքն ավելի կարևոր էր, քան գնդացիրը, որի կարիքը շատ ունեինք։ Սա
պատմելով՝ որդիներիս ասացի՝ հիշե՛ք՝ ձեր կյանքը միայն ձերը չէ։ Ձեր կյանքը նաև վիրավորներ
կյանքն է։ Իրենց ասել եմ՝ հիշե՛ք՝ դուք չեք գնում մեռնելու, գնում եք
հաղթելու և ապրելու», — պատմում է բժիշկ Հարությունյանը։
Ավագ որդին Երևանից
սեպտեմբերի 27-ին մեկնել է ռազմի դաշտ, իսկ կրտսեր որդուն՝ Արսենին ինքն է
ճանապարհել։
«Կրտսեր որդուս Արցախ ճանապարհեցի ու ճանապարհին մնացի մեն-մենակ։ Միանգամից
հորս, մորս գերեզմանի մոտ գնացի ու ասացի՝ հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչպես
եք սպասել ինձ։ Ներողություն խնդրեցի, որ իրենց այդպես սպասեցրել եմ այն
տարիներին։ Եղբորս գերեզմանը ծնողներիս գերեզմանի կողքին է․ նրա որդին
ևս այսօր ռազմի դաշտում է։ Եղբորս գերեզմանի առաջ ասացի՝ քո միակ
որդին ևս իր եղբայրների հետ Արցախ է գնացել։ Ես չեմ
ուղարկել, իրենք են գնացել։ Արել են այն, ինչ պետք է անեին»․․․
Բժիշկ Հարությունյանն ասում է՝ հպարտ է, որ հայ ազգն ունի այսպիսի զավակներ՝ քաջ,
անձնվեր ու հայրենասեր։Ասում է՝ գիտի, թե մեր քաջերն ինչ աներևակայելի ու անօրինակ
սխրանքներ են գործում։ Հիշելով իր անցած մարտական ու մասնագիտական ուղին՝
ասում է՝ հաճախ ստիպված է եղել բժշկական պարագաները մի կողմ դնել ու
մարտի բռնվել թշնամու հետ, ետ մղել թշամուն, ապա հապշտապ վերադառնալ, հոգ
տանել վիրավորների մասին։ Ասում է՝ վստահ է՝ այսօր էլ մեր «սպիտակ բանակ»-ի
մարտիկներն են ամենադժվար պայմաններում էլ հաջողությամբ
իրականացնում իրենց առաքելությունը։
Հարությունյաններն արմատներով արցախցի են։ 90-ականներին՝ արցախյան գոյապայքարի
օրերին բժիշկ Հարությունյանն իր ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի
շրջանում գտնվող Ղազանչի գյուղի պաշտպանությանը, որտեղ գտնվել է
նաև նրա պապական տունը և որը, ցավոք, թշնամին գրավեց։
«Երբ արդեն նահանջում էինք ու թշնամին գրավեց Ղազանչի գյուղը, ես հրդեհեցի իմ պապական տունը, որ
թշնամին չպղծի այն, որ տատիս ու պապիս իրերը չգողանան։ Ես
տեսնում էի, թե թշնամին ինչպես է գյուղի բոլոր տների իրերը հանում, թափում դուրս, ապա
տները հրդեհում, հերթը
պետք է հասներ մեր տանը։ Մենք նահանջում էինք, էշերով վիրավորներին մի կերպ
դուրս էինք հանում։ Եվ ես տունը, իրերն էլ մեջը հրդեհեցի, որպեսզի տատիս ու պապիս
իրերը բաժին չհասնեն ադրբեջանցիներին, որ մեր խալիները չտանեն իրենց
Բաքվի խալիների թանգարաում դնեն, ասեն՝ ադրբեջանական խալիներ են, ինչպես հիմա
անում են։ Ղարաբաղից թալանված իրերը տարել են դրել այնտեղ, ասում են՝ իրենցն է»։
Նա ասում է՝ իր սերունդը կորուստներ կրելով՝ հաղթանակներ տարավ, բայց, փաստորեն, այն կիսատ էր։
«Հիմա վստահ եմ, որ ունենք հիանալի սերունդ։ Մեզնից ավելի լավ են կռվում։
Ցանկությունս ու մաղթանքս այն է, որ հիմա պայքար մղող այս սերնդի երեխաներն այլևս մարտի դաշտում
անելիք չունենան, որ այս կռիվն, իսկապես, վերջինը լինի և հաղթական», եզրափակեց
բժիշկ Արամ Հարությունյանը:
Հասմիկ Բալեյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: