«Նարե՛կս, դու հաղթել ես,  ու ոչ միայն պատերազմն ես հաղթել, լսո՞ւմ ես, դու մահին ես հաղթել, էս աշխարհին ես հաղթել։ Հերոսս, դու չես մահացել, դու անմահացել ես… Փա՛ռք քեզ, հավերժի ճամփորդ»։

Նարեկ Սահակյանը երևանցի էր:  Եռանդուն էր, բարի, շատ սիրված բոլորի կողմից։ Բանակ գնալուց հետո տղաներն անգամ կատակում էին՝ գնացիր, շունչներս կտրվեց։

Հունվարն էր, երբ Նարեկը զորակոչվեց բանակ։ Հորաքրոջ աղջկա՝ Լիանայի խոսքով, եղբայրը մեծ հանդավառությամբ և հպարտությամբ էր պատրաստվում հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնելու։ Վրդովվում էր ծառայությունից խուսափող տղաների մասին լսելիս՝ եթե ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ գնա, ո՞ւմ թողնենք մեր հողերը․

«Չէր սիրում ասել՝ գնում եմ հայրենիքի առաջ պարտքս տամ։ Ծառայելն իր համար պարտք չէր, երևի մի այլ վեհ բան էր, որը, երևի, մենք էլ չենք հասկանա»,- Forrights-ի հետ զրույցում պատմում է Լիանան։

Ինն ամիս անտրտունջ ծառայել էր, քրոջ խոսքով՝ երբեք որևէ բանից չէր դժգոհել, միայն մեկ անգամ հարազատների հագուստ էր ուզել, քանի որ «տղամարդ է դարձել, պարապելուց մկան է ձեռք բերել, շորերը փոքրացել են»։

Սեպտեմբերի 27-ի ռազմական լայնածավալ գործողություններից հետո, Նարեկը գրեթե չի կարողացել կապ հաստատել հարազատների հետ։ Վերջին անգամ հորաքրոջ հետ խոսել է հոկտեմբերի 18-ին․ շատ բան չի ասել, խնդրել է՝ մանրամասներ չհարցնել, քանի որ հակառակորդը կարող է լսել իրենց․

«Մենակ ասել ա՝ լավ եմ, չանհանգստանաք, ինձ ուրիշ տեղ են տեղափոխում։ Դրանից հետո մի անգամ էլ ամսի 20-ին ա զանգել ընկերոջն ու վերջ։ Հոկտեմբերի 25-ին ասեցին՝ Ձեր տղան զոհվել է․․․»։

Նարեկի հարազատները մինչ օրս տեղյակ չեն, թե ինչպես է իրենց տղան զոհվել, անգամ չեն կարողացել վերջին անգամ դեմքը տեսնել։

Նա շատ նպատակներ ուներ բանակից վերադառնալուց հետո։ Կիսատ թողած ուսումը պիտի շարունակեր ….

«Եղբայրս չէր սիրում ապագայի մասին խոսել, անգամ վաղվա օրը չէր պլանավորում։ Երազում էր՝ շատ երեխաներ ունենալու մասին․․․Շատ նպատակներ, երազանքներ ուներ, ապագան դեռ առջևում էր»,- ցավով ասում է քույրը։

Նարեկը նոյեմբերի 5-ին կդառնար 19 տարեկան․․․

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest