16 դատապարտյալ մեկնել է ռազմաճակատ․ «Հիմա իմ կարիքն ավելի շատ զգացվում ա սահմանին»

1035

Օրերս դատավոր Դավիթ Բալայանն աննախադեպ որոշում կայացրեց․ «Արմավիր» ՔԿՀ-ում գրեթե մեկ տարի պահվող կալանավոր 58-ամյա Հ․Ս-ն գրավի դիմաց ազատ արձակվեց՝ ռազմաճակատ մեկնելու նպատակով։ Ամբաստանյալը, ով պաշտպանի խոսքով՝ բավականին մեծ մարտական ուղի անցած անձնավորություն է, անձամբ էր միջնորդել դատարանին փոխել իր խափանման միջոց կալանքը, շեշտելով՝ այս պահին իր կարիքն ավելի շատ սահմանին կզգացվի․

«Դատավոր Բալայանը որոշման մեջ հենց այդ հիմքն էլ նշել էր՝ հանրային շահ։ Իմ վստահորդը հենց նույն օրը գրավը վճարել է և այս պահին արդեն իսկ գտնվում է առաջնագծում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց պաշտպան Մերի Ալավերդյանը։

Նույնաբովանդակ միջնորդություն բավարարել էր նաև դատավոր Նելլի Բաղդասարյանը․ նա ևս որոշում էր կայացրել փոխել մեղադրյալի խափանման միջոցը, սակայն այս դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին կիրառելով։

Գլխավոր դատախազությունը Forrights-ին տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ արդեն իսկ 12 դատապարտյալի խափանման միջոց է փոխվել՝ ռազմաճակատ գնալու հիմքով: Չորս հոգի դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատվել՝ կրկին նույն հիմնավորմամբ․

«Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում’ խնդրի նրբությունը հաշվի առնելով»,- ընդգծեցին Դատախազությունից։

Դատավորների որոշումներն ինքնին արտառոց էին, քանի որ սեպտեմբերի 27-ից ի վեր, ինչ երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարվեց, մեծ թվով դատապարտյալներ խնդրագրեր ուղարկեցին Քրեակատարողական ծառայություն, Արդարադատության նախարարություն և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց, որ այդ դիմումների վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։

 «Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը՝ որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Նավիկյանը։

Արդարադատության նախարարությունից էլ հավելեցին, որ այս պահին օրենքում փոփոխություններ անելու կամ դատապարտյալների դիմումների քննարկում նախատեսված չէ:

Օրեր առաջ Forrights-ին ահազանգել էր նաև արդեն չորս տարի անազատության մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Նարեկ․Վ-ն (անունը փոխված է)։ Նա նույնպես դիմել է զինվորագրվելու խնդրանքով, սակայն դեռևս պատասխան չի ստացել․

«Սահմանին կատարվող իրադարձությունները լսելու հենց առաջին օրվանից ցանկություն եմ հայտնել մեկնել առաջնագիծ։ Ինքս ծառայել եմ բանակում և սերժանտի կոչումով ավարտել ծառայությունս։ Հիմա հաստատ իմ կարիքն ավելի շատ զգացվում ա սահմանին, քան էս չորս պատի մեջ նստած։ Խելագարվում ենք, ոչ նորմալ լուր ենք կարողանում ստանալ, ոչ մեզ են հայտնում, գժվում ենք էս խցում»,- Forrights-ի հետ զրույցում ասում է դատապարտյալը։

Նարեկի խոսքով՝ նման ցանկություն հայտնողներն այստեղ շատ-շատ են, սակայն  հիմնարկում որևէ հույս չեն տալիս, որ իրենց դիմումները կբավարարվեն։ Դատապարտյալներն ազատության հույս չեն փայփայում, շեշտում են՝ պատերազմի ավարտին հետ կվերադառնան և կշարունակեն իրենց պատիժը կրել կալանավայրերում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, կալանավորների խափանման միջոցը նման հիմքով փոխելու որոշումներն աննախադեպ է որակում, շեշտելով՝ անկախ Հայաստանից ի վեր նման որոշում չի մտաբերում։ Նա դրական է գնահատում դատավորների քայլը, քանի որ կալանավայրում պարապ մնալու փոխարեն, ամբաստանյալները, ովքեր զինվորական գործի գիտակ են, կարող են մասնակցել պատերազմին և հանրային շահ ձևավորել․

«Պետության մոտ ցանկության դեպքում ազատ արձակման ուղիներ միշտ էլ կարելի է գտնել՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակումից սկսած մինչև լրիվ այլ ճանապարհներ։ Չպետք է ընկնել բյուրոկրատական հորձանուտը։ Նախարարությունը, հղում անելով բյուրոկրատական ինչ-որ նորմերի, ասում են՝ իբր լուծում չկա։ Այնինչ, ցանկացած խնդիր, եթե ուզում ենք չլուծել, բյուրոկրատիան մեզ թույլ է տալիս»,- Forrights-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպանը։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը, այնինչ, կողմ չէ դատապարտյալներին ռազմաճակատ ուղարկելու մտքին։ Կարծիքը հիմնավորում է երեք կետերով՝ այլ պետություններում անազատության մեջ գտնվող անձանց բանակ են ուղարկում, քանի որ ցանկանում են լուծել բանտերի գերբնակեցվածությունը, փորձում են նվազեցնել բանտարկյալի վրա,՝ի հաշիվ հարկատուի կատարվող ծախսը․

«Վերջին, երրորդ կետը, ավելի հուզական ֆոնի վրա է․ առանձնապես ծանր հանցանք կատարած անձն ինչո՞ւ պետք է տաքուկ խցում նստի, իսկ երիտասարդները գնան սահման։ Այս մտքին ի հակադրություն, նախորդ երկու խնդիրները Հայաստանում լուծվել են համաներման շնորհիվ»,- նշում է Արշակ Գասպարյանը։

Իրավապաշտպանի մատնանշում է՝ եթե դատապարտյալն իսկապես ցանկանում է որևէ հարցով օգտակար լինել պատերազմական իրավիճակում, ապա այստեղ աշխատանք ունի տանելու «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը․

«Հիմնադրամի ծրագիրը պետք է զբաղված լինի և՛ օգտակար զբաղվածությամբ ապահովմամբ և՛ առաջնագծին օգնություն տրամադրելու առումով։ Այդ նույն ցանցերը, որոնք քաղաքների տարբեր հատվածներում գործում են քաղաքացիները, կարող են անել նաև «Աբովյան» ՔԿՀ-ի կանայք, անգամ տղամարդիկ՝ նույնիսկ խցային տիպի ռեժիմում գտնվելու դեպքում։ Սա արդեն, Արդարադատության նախարարության կատարելիքն է»։

Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Եվ, չնայած զորահավաք հայտարարվելուն, մեծ թվով մարդիկ, չսպասելով զանգի, իրենք են ներկայանում զինկոմիսարիատներ և ցանկություն հայտնում, դիմում ներկայացնում՝ որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար:

Ռոզա Վարդանյան