Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:

«Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է համանախագահների համատեղ հայտարարությունում՝ առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել.

  1. Կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ հարձակում չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա.
  2. Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում զոհվածների աճյունների փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ.
  3. Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանության տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով.
  4. Կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանությունները և հարցերը.

«Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Pin It on Pinterest