Հոկտեմբերի 4-ն է: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին՝ լեցուն: Սուրբ Խաչում Սուրբ Պատարագից հետո հոգեհանգստյան արարողություն է՝ ի հիշատակ Արցախի գոյապայքարում հերոսաբար զոհված զինվորների:

Մարդիկ սգում են զուսպ:

20-ամյա Վահե Վարդանյանը նահատակված ջավախեցիների թվում էր: Ծնվել էր Ջավախքի Գումբուրդո գյուղում, ընտանիքը տեղափոխվել էր Աշտարակ, Նոր Եդեսիա, որտեղից էլ զորակոչվել է: Զոհվել է սեպտեմբերի 28-ին: Վահեի անունը առաջին զոհվածների թվում էր:

«Պոլիտեխնիկն» էլ, որտեղ նա հասցրեց ընդամենը 6 ամիս ճաշակել ուսանողական կյանքը, դիզայնի բաժնում, գրեց Վահե Վարդանյանի անունը իր ֆեյսբուքյան էջում:  ու մի կարճ գրառում տեղադրեց որպես զոհված ուսանողերից մեկը:

«Ծառայության  մեջ ենք ընկերացել իրար հետ: Ես ուվալնյատ եղա, երկու ամիս առաջ, Վահեն հունվարի իննին էր հետ գալու: Ու իմացա, որ Վահեն էլ չկա», — գյումրեցի կոլյա Մկրտչյանն է պատմում Վահեի մասին: Նրա մտքերը, «ստատուսները», սոցցանցի «պատը» Վահեի մասին են: Վահեի նկարներն են ամենուր: Նրանք միաձուլվել են, Վահե դեմքը դարձել է Կոլյայինը: Կոլյան պատմում է.

«Մեր բանակային սպաներից Վարդգեսի պանիխիդան էր՝ Վկուլի: Իրան «չաստում» Վկուլ էինք ասում: Վկուլի պանիխիդան էր: Դիակը բերել էին, իրանց տանն էինք, մեր տղերքը զանգեցին, ասեցին՝ Վահեն չկա»:

Հարցնում եմ Վկուլի մասին՝ Վարդգես Մինասյանի, ով էր, ո՞նցն էր, ի՞նչ սպա էր: 

«Վկուլը գյումրեցի էր: Բայց ավելի շատ Ջաբրայիլում էր լինում, քան Գյումրիում: Նա միակն էր սպաներից, ում բոլորն էին սիրում ու հարգում, առանց բացառության: Իրա դեպքը, գիտենք, ոնց ա եղել: Հերոսություն ա Վկուլի արածը: Ինքը իրա հագի զրահաբաճկոնը հանել, տվել է զինվորներին, ու էդ պահին, երբ որ արկը պայթել ա, արդեն բեկորներից մահացու վիրավորում ա ստացել: Ինքը վաշտի հրամանատար էր՝ Վկուլը: Տղերքը անընդհատ նկարներ էին գցում «ֆեյսբուքում», գրում էին, ու  մենք՝ զորացրվածներս իմանում էինք, ով կա, ով   չկա», — հիշում է Կոլյան:

Հեռացած, զոհված զինծառայողների մասին նյութեր, բանաստեղծություններ է հավաքում դեռ ապրիլյան պատերազմից սկսած: Բոլոր նյութերը, լուսանկարները լցնում է մի տեղ, համացանցի մի փոքրիկ անկյունում, դիտումներ, լայքեր է հաշվում: «Ես որոշեցի, ես էլ էդ ձևով իրանց հավերժացնեմ»:

Կոլյայի բացած այդ էջը հնարավոր չի դիտել առանց ցավի: Բոլոր լուսանկարներում զինվորական համազգեստով ջահելներ են, նկար դարձած: «Հայկը, Մխոն ու Արթուրը ընկերներ էին, առհասարակ 7 ընկերներ էին (չորսը չկան, 3-ը վիրավոր են): Հայկն (Ռիժիկ) ու Մխոն կենդանի վահան էին դարձել՝ փրկելով մյուս ընկերոջ կյանքը…», — գրված է երկու ժպտացող տղաների նկարի վերևում: Մյուսից հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանն է նայում: Նա շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը: Արսենը քառօրյա պատերազմի ժամանակ էլ երեք տանկ էր խոցել և արժանացել «Արիության համար» մեդալի:

Մյուս նկարից էլ Արման Ճաղարյանն է նայում, ու նրա մոր խոսքերն են տղայի մասին. ««Տատ, հորքուրս 40 տարեկանում 4 դիպլոմ ունի, ես 20-ում՝ 3։ Հաստատ մինչև 40 էլի կունենամ: Նենց որ ինձնով ավելի շատ պետք ա հպարտանաս»:

Հիմա հպարտությունն անսահման է, հերոս տղա…

«Մամ ջան, դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, կխոսենք». էդ էր մեր լույս Արմանի վերջին խոսքերը։ Ինչ սերունդ ենք կորցնում…»:

Ըկերոջ՝ Վահեի մասին Կոլյան իր վիրտուալ մատյանում չի գրել: Դեռ  չի կարողանում գրել, սա իր անձնական իր նվիրականն է, ամենամոտ ընկերը: Նրա  մասին դժվար է գրել: Կոլյան որոշում է. հետո, հետո կգրի ու փորձում է բացատրել.

«Պատերազմը սկսում ես հասկանալ, երբ մոտիկներիդ ես կորցնում: Վերջին անգամ մի կես ժամ խոսացել ենք: Ասում էր՝ ուզում է գործ սկսել, բիզնես դնել ու իմ հետ էր պլանավորել, որ էդ գործը սկսի: Ուզում էինք առևտուր անեինք: Գաղափարը Վահեինն էր: Ուզում էր վարձով տեղ վերցնել, իրար հետ սկսեր: Ես էլ ասում էի՝ հարց չկա, Վահե ջան, դու որ կաս, քո հետ լյուբոյ գործի մեջ կմտնեմ»:

Ինչո՞ւ: «Ծառայությունն այն վայրն է, որ մարդն իր բացասական գծերը չի կարող ցույց չտալ: դրսում հնարավոր է, բայց ծառայության մեջ հնարավոր չի, դա դժվար կյանք ա, ուրիշ կյանք ա»:

Խնդրում է, որ Վահեի մասին հետևյալ տողերը գրենք: « 2019 թվականի հունվարի 9ին զորակոչվել է բանակ և Ծառայության անցել Արցախի հարավային զորամասերից մեկում՝ Ջեբրայիլում։ Բարձր առաջադիմության համար գործուղվել է Հայաստան սերժանտական դասերի որի ավարտից հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և վերադարձել Ջեբրայիլ և ըդգրկվել մարտական հերթապահություն կատարող գումարտակում։ Մարտական հերթապահության ժամանակ աչքի է ընկել զինվորական գրագիտությամբ և խիզախությամբ։ Նման դրական հատկանիշների համար Վահեն 6 ամիս անց տեղափոխվում է ուսումնական գումարտակ իր փորձը և գիտելիքները նորակոչիկներին փոխանցելու համար։ Զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 28 ին Ջեբրայիլի ուղղությամբ հակառակորդի գրոհը ճնշելու ժամանակ»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest