ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային
«խաղացողներին» կոչ է արել օգնել անհապաղ զինադադարի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Գուտերեշը քննադատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին բազմաթիվ կոչերին: Նա նաև լրջորեն անհանգստացած է բնակելի գոտիների հրետակոծության առնչությամբ:
«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասվում է Դյուժարիկի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: