Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է բուժհաստատություն տեսակցելու Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին: Այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:
«Երեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին: Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այևս վտանգ չի սպառնում»,- նշել է նա:
Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: