Նախագահության թեկնածուն ներկայիս վարչակազմին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը:
ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն իր պաշտոնական կայքում տեղադրած հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված վտանգավոր իրավիճակին:
«Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Կոչ եմ անում անհապաղ կայունացնել իրավիճակը, վերականգնել հրադադարը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները:
Բայդենի համոզմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է պահանջի ավելացնել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով տեղակայված դիտորդների թիվը և կոչ անի Ռուսաստանին «ցինիկորեն զենք չտրամադրել հակամարտող երկու կողմերին»:
Բայդենը նաև ենթադրում է, որ Միացյալ Նահանգները պետք է վերանայի անվտանգության ասպարեզում իրականացվող աջակցության ծրագրերը և երաշխավորի, որ ռազմական կարողությունները չկիրառվեն հարձակողական նպատակներով:
Դեմոկրատական թեկնածուի համոզմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նույնպես պարտավոր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների՝ համանախագահներ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ միասին որոնի խաղաղ լուծում և սատարի փոխադարձ վստահության վերականգնման միջոցառումներին:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումը կարող է հանգեցնել տարածաշրջանային լայնածավալ հակամարտության, ուստի, երրորդ կողմ հանդիսացողները չպետք է ներգրավվեն, և Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ սկսեն որոնել իրավիճակի կայունացման ու բանակցությունների վերսկսման ուղիներ»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահության դեմոկրատական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: