Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկատվական շտաբում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմին սպասելու առումով մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ ղեկավարների վերջին ամիսների և օրերի հայտարարություններին։
«Մեզ համար պարզ էր, այո՛, պատերազմ մենք սպասում էինք։ Իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 07։00-ին պատրաստ էր պատերազմի։ Հարձակումը սկսվեց ամբողջ երկայնքով մեկ՝ Օմարից մինչև Արաքս։ Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային թևով։ Ունենք տասնյակ զոհեր և վիրավորներ, ուզում եմ ցավակցել մեր բոլոր հայրենակիցներին։ Ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանակում, ունենք նաև զոհեր։ Կարծես՝ ձեռագիրը նույն է, ինչպես ապրիլյանի օրերին, բայց մասշտաբները անհամեմատելի են։ Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան»,- ասաց Արցախի նախագահը։
Ըստ նրա՝ ռազմական գործողություններում ադրբեջանական կողմը օգտագործում է թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը՝ անօդաչուներ և ինքնաթիռներ:
«Այն նույն F-16-ները, որոնք ամսից ավելի է՝ գտնվում են Ադրբեջանի տարածքում սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտից մինչև հիմա։ Արցախի հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան։ Առկա են նաև զորամիավորումներ, զինվորականներ, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին։ Արցախը կռվում է` օգտագործելով միայն Արցախի պաշտպանության բանակի ուժերը, և, իհարկե, կլինեն կամավորներ միայն Հայաստանից։ Արդեն 10 000-ից ավել կամավորականներ պատրաստակամություն են հայտնել գալ Արցախ։ Այս փուլում դրա կարիքը չկա»։
Նախագահի խոսքով՝ Արցախում արդեն սկսվել է համատարած մոբիլիզացիա։ Պաշտպանության բանակը պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Այն ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է։
«Ունենք հետախուզության տվյալներ թուրքական ինքնաթիռի խոցման մասին, բայց այս փաստը հաստատված չէ։ Հիմնականում օգտագործում են թուրքական ժամանակակից ԱԹՍ-ներ։ Սա կենաց-մահու պատերազմ է, և այդ կենաց-մահու պատերազմը մենք տալու ենք ամբողջ ազգով»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
«Հետք»-ի այն հարցին, թե արդյոք ապացույցներ կան, որ ռազմական գործողություններին մասնակցում են նաև թուրքական զինուժի ներկայացուցիչներ՝ Արցախի նախագահը պատասխանեց, որ այն տեխնիկան, մասնավորապես՝ F-16-ը, որն օգտագործում են, արդեն վառ ապացույց է․
«Ամսից ավելի է, ինչ նրանք այդ զինատեսակով իրականացնում են հետախուզական թռիչքներ։ Հիմնականում օգտագործում են անօդաչու սարքեր, որոնք թուրքական ռազմական ուժի պարծանքն են։ Ունենք փաստեր, որ վերջին օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ պատերազմի։ Սա ղարաբաղա-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթից դուրս է արդեն»,-տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: