Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:
Օմբուդսմենի գրասենյակն այնուհետև հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաված է. «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ «ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ Covid-19 համավարակի պայմաններում» և միջոցներ ձեռք առնել Արցախի հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև տեղեկացրել է, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, «հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ»:
ԼՐԱՑՈՒՄ։
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: