«Դատարանները ցանկություն չունեն խոշտանգման գործերը բացահայտելու»

0
137
Արմեն Աղաջանյան Լուսանկարը՝ hetq.am—ի

«Սա հերթական դեպքն է, երբ խոշտանգման գործը փորձում են կոծկել՝ օրենքի սխալ կիրառման տակ թաքնվելով»,- հրավիրված ասուլիսի ժամանակ իր խոսքը սկսեց փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ անդրադառնալով երկու տարի առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգված, ապա «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում «մահացած» հայտնաբերված Արմեն Աղաջանյանի դեպքին։

Տուժող կողմն այսօր էլ շարունակում է բարձրաձայնել՝ ողջ ընթացքում արդյունավետ քննություն չի իրականացվել, գործով մեղադրյալ չկա, իսկ խոշտանգող ՔԿՀ աշխատակիցներից մեկն էլ նախորդ տարի ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից։ Աղաջանյանի իրավահաջորդն արդեն երկրորդ բողոքն է ներկայացնում դատարան, սակայն Դատախազությունը կրկին գործի կասեցման որոշում է կայացնում։

«Տպավորություն է, թե դատարանները ցանկություն չունեն խոշտանգման գործերը բացահայտելու, այնինչ շատ կարևորը խնդիրը դիտարկել այդ գործերի քննության տեսանկյունից։ Չորս հոգով հոշոտել են հաշմանդամություն ունեցող անձին և դա որակել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում»,- իր վրդովմունք է արտահայտում փաստաբանը։

Արմենի մոր՝ Գայանե Աղաջանյանի համոզմամբ՝ գործը տեղից չի շարժվում, քանի որ շատ փաստեր են թաքցվում։ Նա վերհիշում է, թե ինչպես էր մահացած որդու դեմքը շոյում, երբ նկատում է, որ այն մեծ քանակությամբ գրիմի տակ քողարկված է․

«Շփման ընթացքում գրիմը մաքրվեց ու հայտնաբերվեց տառեր՝ «Ա», հետո էլի տառեր, որոնք արդեն չէին հասկացվում։ Վերնաշապիկի վերին կոճակը բացելով տեսա պարանոցի թարմ վերքերը, որոնք իմ տղայի պարանոցին չպետք ա լինեին։ Մարմնի տարբեր մասերում կային կապտուկներ։ Խեղդվող մարդու պարանոցը կապտում ա, չի կտրվում»,- ցավով արձանագրում է որդեկորույս մայրը։

Նա համոզված է, որ քննչական մարմինների անփութության կամ կանխամտածված քայլերի արդյունքում գործով անցնող կարևորագույն վկան Հայաստանից հեռացել է․

«Այդ տղան վերջին մարդն էր, ով խոսել էր տղայիս հետ, բայց քննչական մարմինները չեն համարել վկա և թույատրել լքել ՀՀ սահմանը։ Հենց նա է պատմել, որ երբ խոսել ա Արմենի հետ, կողքից ձայներ ա լսել, ինչից հետո հեռախոսն անջատվել ա․ դրանից քիչ անց իմ տղային իբր կախված են գտել լոգարանում»։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն ընդգծում է՝ եթե խոշտանգում իրականացնողը կարող է այդ մի դեպքով սահմանափակվել, ապա այն բոլոր անձինք, որոնք կոծկում են այդ դեպքերը, շատ ավելի ծանր հանցագործություն են իրականացնում․

«Հոգնել ենք կրկնելուց՝ արդադատություն իրականացնող մարմինները կրում են հանցագործ էլեմենտներից շատ ավելի վատ գաղափարախություն՝ մեկը մյուսին պաշտպանելու։ Այս անպատժելիությունը բերում է նոր ծանր, ավելի լկտի և ցինիկ հանցագործությունների։ Եվ այն թավիշը, որը կա այսօր, բոլորովին տեղին չէ: Պարոն Փաշինյանը պետք է հասկանա՝ իր թավիշը, իշխող կուսակցության, գործադիրի, օրենսդիրի թավիշը՝ ամեն հաջորդ մահացած մարդու համար պատասխանատվությունը լինելու է իրենց խղճի վրա: Աղաջանյանի ծնողը միանձնյա ավելի շատ գործ է արել, քան իրավապահները»,- նշում է իրավապաշտպանը։

Նկատենք, որ 2015 թվականից Հայաստանն արդեն իսկ ընդունել է խոշտանգումները քրեականացնելու մասին հոդված, սակայն այս տարիների ընթացքում որևէ դեպքով խոշտանգման փաստը դատարանը չի ճանաչել։ ՄԻԵԴ-ն էլ տարբեր տարիների գործերով փաստել է՝ ոչ թե տուժողը պետք է ապացուցի, որ խոշտանգման է դատապարտվել, այլ՝ պետությունը։

Հիշեցնենք, որ Աղաջանյանն ամիսներ շարունակ եղել է հետախուզման մեջ «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի հետ կապված»: 2017 թվականի մարտին նրան կալանավորել են և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ, անտեսելով Արմենի առողջական վատ վիճակը և կողի հատվածում առկա բաց աղիքը, ծեծել և բռնության են ենթարկել: Ամիսներ անց՝ հանգամանքների բերումով, Արմեն Աղաջանյանին տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ,  որտեղ 5 օր անց նրան հայտնաբերել են սավանից կախված վիճակում։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here