Այսօր Քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան երրորդ տարելիցն է․ 2017 թվականի օգոստոսի 20-ին Մկրտչյանի դին հայտնաբերվեց Մեղրիի զորամասերից մեկում։
«Գնացինք գերեզմանոց, հետ եկանք: Մեզ այս ճանապարհն է մնացել Անդրանիկից, գերեզմանի ճանապարհը»,- ցավով ասում է կապիտանի մայրը՝ Նարինե Մկրտչյանը:
Պատմում է, որ այսօր որդու ընկերները իրենց տանն էին, խոսում էին, հիշում, թե ինչպես է տղան մենակ թուրքի պոստ գրավել․
«Ինքը մենակ էր, թուրքերը՝ շատ: Որին՝ զենքով, որին՝ բահով, որին՝ նռնակով: Բա տենց տղեն իրան կսպանե՞ր: Անդոյին վրա են տվել, մի քանի մարդով են հարձակվել ու սպանել: Նա ինքը իրան կրակողը չէր», — մտքերով վերադառնում է մայրը որդու կյանքի այն վերջին խորհրդավոր րոպեներին:
Այսօր՝ նախաքննության երրորդ տարում, Մկրտչյանի մահվան գաղտնիքը չի բացահայտվել: Քննիչները գործը վարել են քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը», և փակել են ինքնասպանության դրդող անձի անհայտ լինելու հիմքով:
Տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանը պահանջել է դատախազությունից վերացնել գործով վարույթի կասեցման որոշումը և կրկին վերսկսել քննությունը և հագուստենրի դատահետքաբանական, դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություն կատարել, սակայն մերժվել է։
Նա համոզմունք ունի, որ քննիչն այս գործով չի ուզում աշխատել, որ կապիտանը սպանվել է: «Երկորդ վարկած չի կարող լինել»,- ասում է փաստաբանը և ներկայացնում է հանգամանքները, որոնք հերքում են ինքնասպանությունը: Կարճ թվարկենք դրանք:
1. Անդրանիկ Մկրտչյանը վայբեր սոցիալական ցանցի միջոցով իր սիրած աղջկան հաղորդագրություն է ուղարկել, որ կես ժամից կգրի, մինչդեռ, չի գրել, քանի որ իրեն սպանել են:
2․ Դեպքը տեղի է ունեցել կիրակի, իրեն զորամասից պարբերաբար զանգահարել և կանչել են, այնինչ նա զորամաս պիտի մեկներ երկուշաբթի:
3․ Անդրանիկի հագուստի վրա և նրա ծառայողական բնակարանում հայտնաբերվել են դարչնագույն հետքեր /հնարավոր է, արյան/: Բնակարանի հետքը փորձաքննության չեն ուղարկել և վերացրել են /սա հակասում է քննչական վարկածին, ըստ որի Անդրանիկը մահացել է բնակարանից գնալով զորամաս/:
4․ Անդրանիկ Մկրտչյանը 2017թ․ մայիսին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանություն է ունեցել, ստացել է կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրան ընկերոջ հետ տարել են ռազմական ոստիկանություն, փորձել են նվաստացնել, սափրելով:
5․ Դեպքի վայրում հայտնաբերված գնդակի վրայից վերցված քսվածքում արյան առկայություն չի հաստատվել, գնդակի վրա ուղեղանյութի բջիջներ չեն հայտնաբերվել: Գնդակը չի անցել Անդրանիկ Մկրտչյանի գլխի միջով:
«Դա նշանակում է, որ Անդրանիկ Մկրտչյանին սպանել են, նրան սպանել են այլ զենքով ու այլ վայրում»,- եզրակացնում է Խանում Մկրտչյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: