«Ուղիղ տասը տարի առաջ մեզ պատեց մի ողբերգություն, որ բազմապատկվում էր անարդարությամբ․․․ արդարության մեր պայքարում շարունակ պատերի բախվելով․․․ Ու արդարությունը դեռ չի կայացել․․․», հուլիսի 27-ին, եղբոր՝ Արտակ Նազարյանի մահվան 10-ն ամյա տարելիցին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Ծովինար Նազարյանը:
30-ամյա պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունից 10 տարի անց ընտանիքը դեռ շարունակում է պահանջել արդարության վերականգնումը։
Արտակ Նազարյանին սպանել են Մեհրաբներ զորամասում, անմարդկային խոշտանգումների ենթարկելուց հետո(պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է): Նա պայմանագրային զինծառայող էր, լեյտենանտի կոչումով: Պարտադիր զինվորական ծառայությունն անցել էր Իրանում Հայաստանի դեսպանատանը: Արտակը մասնագիտությամբ իրանագետ էր:
Ընտանիքն ու այս գործով փաստաբանները տարիներ շարունակ հայտարարում են, որ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը բազմաթիվ խախտումներով են անցել, իսկ իրենց պնդումները, որ բանակում տեղի է ունեցել սպանություն, արհամարհվել է։
Արտակ Նազարյանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, Forrights-ի հետ զրույցում ցավով արձանագրեց, որ իրենց կողմից պատկան մարմինների կատարած կեղծիքներն ու հանցագործությունները արժանի արձագանք չգտան ո՛չ առաջին ատյանի, ո՛չ Վերաքննիչ և ՛ոչ էլ Վճռաբեկ դատարաններում․
«Հիմնավորվեցին մեր կասկածներն այն մասին, որ եղբորս մահվան տեղն ու ժամանակը կեղծված են, որին նպաստեց նաև վկաների ակամա խոստովանությունները։ Միայն մեկ՝ կարևորագույն վկային մոտ ութ ամիս դատարանից թաքցնելու համար կեղծիքի դիմեցին մոտ 7-8 պետական մարմիններ, մինչև որ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից մեր հարցմանը պատասխան ստացանք, որ տվյալ անձը երբևէ չի լքել ՀՀ պետական սահմանը։
Դատարանի դահլիճում շատ վկաներ հրաժարվեցին իրենց վերագրվող նախաքննական ցուցմունքներից․ վկայություններ եղան սպառնալիքների, ապօրինի ազատազրկման ու խոշտանգումների մասին, բայց դրանք անտեսվեցին,- քրեական գործից մանրամասներ է ներկայացնում Ծովինարը և հավելում,- Դատարանն ընդհանրապես մերժում էր մեր բոլոր միջնորդությունները, որոնք կարող էին հերքել ինքնասպանության վարկածը»։
Տուժող կողմի հավաստմամբ՝ իրենց հաջողվել էր բացահայտել կեղծիքը, բայց ո՛չ ճշմարտությունը, այնինչ պետական լիազորություններ ունեցող անձիք ջանք ու եռանդ չխնայեցին, որ բացահայտումները, և ընդհանրապես, Արտակի գործը կոծկվի։
«Հեղափոխությունը շրջանցել է զինծառայողների իրավունքներն ու դատաիրավական համակարգը»
Երեք տարի ներպետական ատյանները սպառելուց հետո, 2012, ապա 2014 թվականին տուժող կողմը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Առաջին դիմումը վերաբերում էր նախաքննության ընթացքի գրեթե բոլոր նյութերին մատչելիություն չունենալուն:
«Այն բոլոր ապացույցները, որ կարևոր էին մեզ համար, չէին տրամադրվում»,- նշում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը՝ ավելացնելով, որ բոլոր դատական ատյաններում այդ մերժումները բողոքարկվել են, ապա հարցը վիճարկվել է Սահմանադրական դատարանում, որից հետո բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան:
«Մենք ի սկզբանե չենք ընդունել ինքնասպանության վարկածը, մենք պնդել ենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է: Ստիպում էինք, որ նախաքննության ընթացքում այդ ու այլ վարկածներ էլ քննության առնեին, սակայն անարդյունք՝ իրականում բազմակողմանի, այլ վարկածների քննության շուրջ քննություն չտարվեց»,- շեշտում է փաստաբան Շուշանյանը:
Երկրորդ գանգատն ուղարկվել է ՄԻԵԴ՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման մասով։ Տուժող կողմը բարձրաձյնում է՝ խախտվել է Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, պետության բացառիկ հսկողության տարածքում, ինչպիսին զորամասն է, պետությունը անձի կյանքի պահպանության պարտականություն ունի, ինչը չի կատարել, բացի այդ արդյունավետ քննություն չի իրականցրել, բոլոր մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու մասով:
Զոհվածի քույրը վստահ է՝ Եվրոդատարանը ճանաչելու է ինչպես եղբոր կյանքի իրավունքի, այնպես էլ իրենց՝ որպես տուժողի իրավահաջորդների իրավունքների խախտումները, որոնք կազմակերպված պետական հանցագործություն կարող են համարվել․
«Մեր ակնկալիքն է, որ մեկ առ մեկ գնահատական տրվի այդ հանցագործություններին, դրանց հեղինակները ենթարկվեն քննության ու պատժվեն, եղբորս գործով նոր քննություն սկսվի և բացահայտվի իրականությունը։ Ներկայում տեսնում եմ եղբորս ճակատագրին արժանացած այլ զինվորականների գործերով կոծկման միտումներ, ինչը ցավալի է արձանագրել հետհեղափոխական Հայաստանում՝ ասես հեղափոխությունը շրջանցել է զինծառայողների իրավունքներն ու դատաիրավական համակարգը»,- նշում է Ծովինար Նազարյանը։
«Հուսով ենք պետությունը կամք կունենա արժանապատիվ կերպով իր ճակատից սրբելու այս ամոթալի խարանը»
Հետհեղափոխական Հայաստանի իշխանություններից Ծովինարը մեծ ակնկալիքներ ունի։ Նա հույս ունի, որ նոր ղեկավարությունը քաջություն կունենա առերեսվել իրականության հետ՝ արմատապես փոխել դատաիրավական համակարգը և մեխանիզմներ ներդնել զինծառայողների իրավունքների պաշտպանության համար․
«Կոնկրետ եղբորս գործով մենք ակնկալում ենք, որ պետությունը կամք կունենա արժանապատիվ կերպով իր ճակատից սրբել այդ ամոթալի խարանը՝ Արտակի գործով նոր, անաչառ քննություն սկսելով և բացահայտելով ճշմարտությունը, ինչպես նաև քննելով գործին առնչված պետական այրերի հանցագործությունները և իրավական գնահատական տալով դրանց»։
Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներին՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին և Հարութիկ Կիրակոսյանին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, և 2 տարվա ազատազրկման՝ Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան:
«Արտակ Նազարյանի մահվանից հետո, Ծովինարի հետ այցելեցինք Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, որտեղ նա բնակվում էր զինվորական ծառայության ընթացքում: Երբ արդեն վերադառնում էինք, գյուղից մի կին հիշեց Արտակին: Ասում էր ամեն օր առավոտյան տեսնում էր զինվորին դիրքեր տանող մեքենան նստելիս,, որ մինչ մեքենան նստելը փոխում էր կոշիկները և հագնում փայլեցված զինվորական կոշիկները: Ահա, թե ինչ վերաբերմունք ուներ Արտակը զինվորական ծառայությանն ու բանակին, բայց նրան սպանեցին», ասում է Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ բանակում մահվան դեպքերը շարունակվում են, հաճախ դրանք որակվում են ինքնասպանություններ, իսկ քննությունը կոծկում է դրանք, ինչպես Արտակ Նազարյանի դեպքոում:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: