Նախկին զինծառայող Դավիթ Հարությունյանի գործով դատական նիստերը շուրջ 7 ամիս է հետաձգվում են: Վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերին: Միմյանց հաջորդող դատական նիստերի հետաձգումը վրդովեցնում է ընտանիքին:
Նրա մայրն այսօր ապրում է այն հույսով, որ դատարանը կբեկանի առաջին ատյանի որոշումը, համաձայն որի Դավիթը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման․
«Դատավճռի հրապարակման պահին ես հույս ունեի, որ մեղադրանքը կվերաորակվեր, բայց երբ հայտարարվեց 104 թիվը, հասկացա, որ ամեն ինչ կորած ա,․․․ ։ Ես էդ կնոջը (խոսքը՝ մահացած զինծառայող Արամ Խաչատրյանի մոր մասին է-խմբ․) հասկանում եմ, իրա ցավն անբուժելի ա։ Բայց հենց նույն զորամասը նենց ա տրամադրել տուժողին, որ հնարավորություն չի թողել, որ էդ մարդիկ մեզ ներեն»,- Forrights-ի ասում է տիկին Լիլիան։
Կրտսեր սերժանտ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով՝ դիտավորյալ սպանության և զինծառայողին վիրավորանք հասցնելու համար /Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մաս և ՔՕ 360-րդ հոդված առաջին մաս/: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017թ-ին Մատաղիսի զորամասում:
Ըստ առաջադրված մեղադրանքի, Դավիթ Հարությունյանը, վրեժ լուծելու շարժառիթով՝ Արամ Խաչատրյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու սպանել է նրան: Ըստ գործի նյութերի, Դավիթի և Արամի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ծխախոտ թաքցնելու համար։ Արամը վիրավորել ու հայհոյել է Դավիթին, վերջինս էլ, օրեր անց, վրեժ լուծել․
«Կատարվածի մասին իմացել եմ միայն դեպքի հաջորդ օրը: Զանգեց քննիչն ու ասեց՝ Ձեր տղեն ձերբակալված ա։ Արագ զանգեցի Գյոզալյանին (Մատաղիսի զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը- խմբ), ու նա, հաշվի չառնելով, որ իմ երեխուն դեռ անգամ մեղադրանք չի առաջադրվել, միանգամից ասեց՝ տիկին, Ձեր երեխան մարդասպան ա․․․»։
Դավիթը, սակայն, առաջին իսկ օրվանից կրկնում է, որ կրակոցներն արձակել է պատահաբար: Ըստ նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքների, Արամը կատակով բահը վերցրել է, իբր՝ ուզեցել է խփի իրեն, ինքը, չիմանալով, որ զենքը լիցքավորված է, բարձրացրել է այն և պատահական կրակոց է արձակվել նրա ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում հերքվել է այս վարկածը և փոխվել արարքի նախնական որակումը: Ի սկզբանե առաջադրված «Խուլիգանական դրդումներով» սպանության հոդվածը դարձել է «Դիտավորյալ» սպանություն․
«Տղայիս հետ զրուցել եմ դեպքի մասին, ասում ա՝ ես երբեք նման բան չէի անի։ Դա եղել ա պատահական կրակոց, անզգույշ կատակի հետևանք, բայց չգիտեմ ինչու, ոչ մեկ իմ երեխուն չի հավատում։ Դավիթս ոչ մի դիտավորություն չի ունեցել»։
Մոր պատմելով, որդին 1 տարի 3 ամիս ծառայել է գերազանց, արժանացել լավ բնութագրերի ու ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Ծառայությունից չի բողոքել, լարված հարաբերություններ ևս չի ունեցել ծառայակիցների հետ։
Հարությունյանների պաշտպան Անի Թորոսյանն առաջին ատյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսին։ Բողոքի հիմք է հանդիսացել գործով անցնող վկաների հակասական ցուցմունքները, արարքին սխալ իրավական գնահատական տալը և խիստ պատիժ նշանակելը։
Դատարանը դատավճռի 10-րդ կետում արձանագրել էր, որ «Դավիթ Հարությունյանը սուբյեկտիվ կերպով է հասկացել Արամ Խաչատրյանի կողմից արված արտահայտությունները, ինչը նրանց միջև ձևավորել է միջանձնային լարված փոխհարաբերություններ: Դրանից հետո իր սեփական «ես»-ը վեր դասելով մարդկային գերագույն արժեք հանդիսացող կյանքից` վրեժ լուծելու շարժառիթով, Արամ Խաչատրյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Դավիթ Հարությունյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու սպանել է նրան»:
Forrights-ի հետ զրույցում, փաստաբանը նշեց՝ կայացված դատավճռի մեջ անգամ դատարանը չի համոզել, թե ինչ դրդապատճառ է եղել, որ Դավիթը նման արարք է կատարել․
«Մենք պնդում ենք, որ դատարանը հանցանքին սխալ որակում է տվել և բուն սպանության դրդապատճառ այդպես էլ չի դրել։ Դատարանը հիմքում դրել է այն վարկածը, իբր Դավիթը լսել է իր հետևից Արամի արած անպարկեշտ արտահայտությունը, ինչն էլ վրեժի շարժառիթ է հանդիսացել։ Սակայն անգամ վկաները պնդում են, որ նրանց հեռավորությունը միմյանցից շատ է եղել, բացի դրանից Դավիթը տեղում չի արձագանքել հայհոյանքին, ինչը չի բացառում այն հանգամանքը, որ նա ուղղակի չի լսել Արամի արտահայտությունը։ Դատարանում Դավիթն ասում է՝ եթե ես լսած լինեի, հենց էդ պահին պատասխանը կտայի, հաստատ չէի զսպի իմ մեջ»,- նշում է Անի Թորոսյանը։
Փաստաբանի պնդմամբ՝ դատարանում ոչ մի վկա չի հաստատել, որ Դավիթը լսել է Արամի հայհոյանքը, այնինչ, որպես հաստատված փաստ է դիտարկվել այդ հանգամանքը։ Բացի դրանից, բոլոր վկաները բացառում են այն վարկածը, որ մինչ այդ որևէ լարվածություն եղած լինի տղաների երկու տղաների միջև։
Այսօր արդեն վերաքննիչ բողոքում պաշտպանական կողմը նաև մի քանի գործեր է մատնանշում, որտեղ նույնատիպ հանգամանքներում հանցանքը վերաորակվել էր ոչ ՔՕ 104-րդ հոդված, այլ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մաս՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
«Հաշվի չի առնվել մեղմացուցիչ հանգամանքները։ Այն, որ Դավիթը երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, արարքից հետո լաց է եղել, փորձել է օգնել Արամին։ Այս մասին փաստում են նաև վկաները»,- հավելում է փաստաբանը։
Նշենք նաև, որ վերաքննիչ բողոք դատարան է ներկայացրել նաև մեղադրող դատախազ Բորիս Բախշիյանը։ Ըստ նրա, Դավիթի նկատմամբ կիրառվել է մեղմ պատժաչափ։ Վերջինս առաջին ատյանի դատարանից պահանջել էր 15 տարվա ազատազրկում։
Հավելենք նաև՝ գործով մեղադրանքներ էին առաջադրվել նաև ջոկի հրամանատար Ալիկ Սարգիսջանյանին և շարքային Սևակ Սիմոնյանին, ըստ որի նրանք հայհոյել են, իսկ Ալիկ Սարգիսջանյանը նաև հարվածել է Դավիթ Հարությունյանին` դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը։ Սարգիսջանյանի և Սիմոնյանի նկատմամբ համաներում է կիրառվել և մեղադրանքները կարճվել են:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: