Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Այսօր արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։
Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
Սահմանադրության համաձայն՝ ԱԺ ընդունած Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահն ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Խորհրդարանից դեռևս չեն արձագանքել նախագահի որոշմանը, Արմեն Սարգսյանն էլ չի հստակեցրել՝ դիմելու է Սահմանադրական դատարան, թե՝ ոչ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: