2000 թվականին ծնված Վոլոդյա Գալոյանը, որը ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, մահացել է 2019 թվականի հուլիսին գլխի շրջանում ստացված մի քանի միջանցիկ հրազենային վնասվածքներից:

Ըստ նախաքննության, նա վիճել է դիրքի ավագ Ռ. Ստեփանյանի հետ և կրակել է նրա վրա, ապա հուզումնալից վիճակում գնացել է չեզոք գոտի ու ինքնասպան եղել: Այն տեղում, որտեղ ընկել է գլխի վերքեր ունեցող տղան և որը ներկայացվում է որպես դեպքի վայր, ոչ մի կաթիլ արյուն չի հայտնաբերվել: Դատաբժիշկը Գալոյանի մարմնին 22 «թարմ» վնասվածք է արձանագրել, ինչը վկայում է, որ նա մահից առաջ ենթարկվել է բռնությունների: Չկան տղայի տաբատի կոճակները, հավանաբար, պոկվել են ծեծկրտուքի ժամանակ:

Սակայն քննիչները չեն ուզում որևէ կերպ անդրադառնալ այս փաստերին:
Վերջերս նախաքննության մարմինը մի նոր, սենսացիոն «քննչական» գործողություն է իրականացրել՝ դեպքից մեկ տարի անց տուժող կողմի բազմաթիվ խնդրանքներից հետո հանկարծ հայտնաբերել է մահացածի կիտելը՝ վերնաշապիկը:

Բանն այն է, որ դատաբժշկական եզրակացությամբ արձանագրված 22 վնասվածքների մեծ մասը Վոլոդյա Գալոյանը ստացել է գոտկատեղից վերև, ուստի տուժող կողմի, «Լրագորղներ հանուն մարդու իրավունքներին» ՀԿ փաստաբան Խանում Մկրտչյանը միջնորդել էր քննչական մարմնին հայտնաբերել ու փորձաքննության ուղարկել Գալոյանի կիտելն ու գուլպաները: Տղայի տաբատը, կիսաճտքավոր կոշիկները, վարտիքն ու շապիկը ուսումնասիրվել են փորձագետների կողմից, սակայն զինվորական վերնաշապիկն ու գուլպաները չէին առգրավվել և փորձաքննության չի ուղարկել: Եւ ահա, փաստաբանին ուղարկում են քննիչի որոշում, որից նրա համար պարզ է դառնում, որ Գալոյանի կիտելը հայտնաբերվել է զորամասի պահպանության տեղամասում, նրա ուսապարկի ու սպորտային պայուսակի զննութամբ:

«Փաստորեն, սպանվածի անձնական իրերը, այդ թվում կիտելը, որը կարող էր արժեքավոր հետքեր պահպանած լիներ, չեն էլ առգրավել: Դրանք մոտ մեկ տարի պահվել են զորամասում: Նկարագրական մասում քննիչը նշում է, որ դրանք հայտնաբերվել են պոլիէթիլենայի տոպրակում, թարմ վիճակում, գրպաններում ոչինչ չեն հայտնաբերել», — ասում է փաստաբան Մկրտչյանը:
Ստացվում է, որ Գալոյանը գոտկատեղից վերև բազմաթիվ վնասվածքներ է ստացել, մահից 3-5 օր և անմիջապես առաջ պատճառված, սակայն նրա վերնաշապիկի վրա ոչ մի վնասվածք չկա: Ինչպե՞ս է դա հնարավոր: Forrights.am-ի հարցին պատասխանելով, Խանում Մկրտչյանը նշեց, որ գործում կան վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն շոգ եղանակին մարտական դիրքում մարտական հերթապահություն տանելու ժամանակ ժամկետային զինծառայողներին թույլատրել են վերնաշապիկ չհագնել և զրահաբաճկոնը կրել անմիջապես շապիկի վրայից: «Սրանով են բացատրում, որ կիտելը, այսինքն, վերնաշապիկը թարմ է, սակայն կարծում եմ, որ նման բան չէր կարող լինել: Կասկած ունեմ, որ Վոլոդյա Գալոյանի կիտելը փոխված է», — ասում է Խանում Մկրտչյանը:

Եթե չակերտավոր վկային տանում են ռազմական ոստիկանություն, նա կարող է խոստովանել նաև Քենեդու սպանությունը, — ասում է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, — այս գործում ամեն ինչ հիմնված է սուտ ենթադրությունների վրա: Մեջբերում եմ՝ վկաները նշել են նաև, որ Գալոյանը կարող էր ունենալ մեկ կիտել, լույսը բացվելուց հետո այն դներ սպորտային պայուսակի մեջ, իսկ գիշերային ժամերին հագներ: Այսինքն, ինչ ուզեն, կգրեն»:

Գալոյանի սպորտային պայուսակի միջից հայտնաբերվել է նաև տաբատ: Սա Գալոյանի երկրորդ տաբատն է, որը ուղարկել են փորձաքննության:

Հիշեցնենք, որ տուժող կողմը պահանջում էր փորձաքննության ուղարկել մի տաբատ, որը ներկայացվել էր որպես Գալոյանի տաբատ, և որի վրա մեխանիկական վնասվածքներ կային, սակայն այս միջնորդությունը չէին բավարարում: Եւ ահա հայտնվում է մի նոր տաբատ, որը առանց որևէ խնդրանքի քննիչներն ինքնակամ ուղարկում են փորձաքննության:
Ինչպե՞ս կմեկնաբանեք այն , որ դեպքից 11 ամիս անց նոր կասկածելիորեն «թարմ» իրեղեն ապացույցներ են ի հայտ գալիս: Մեր հարցին ի պատասխան, Ռուբեն Մարտիրոսյանը նշեց. «Փաստորեն, Գալոյանի իրական հագուստի փոխարեն «հայտնաբերել» են մի նոր տաբատ: Փոխանակ իրական տաբատը ուղարկեին փորձաքննության, իրենք այդ «լեվի» տաբատն են ուղարկել, հայտարարելով, որ իբր, այդ հագուստը Գալոյանի արդեն իսկ փորձաքննության ենթարկել են»:

Գալոյանի հագուստը, ըստ իրավապաշտպանի, պարտադիր պետք է ուղարկվեր հետքաբանական փորձաքննության, քանի որ տաբատի վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ: «Պետք է օբյեկտիվ քննություն կատարվեր ու պարզվեր, թե ինչի հետևանքով են դրանք ստացվել, դրանց տեղակայումն ու վաղեմությունը», — ասում է նա: Իսկ թե ինչու չեն արել՝ հարցին պատասխանում է. «Որովհետև հետքաբանական փորձաքննությունը կհակասեր իրենց կեղծ քննությանը: Գալոյանի մարմնի վրա 22 վնասվածքներ կային, ու հագուստը պարզ ցույց կտար, որ Գալոյանի նկատմամբ բռնություն է կատարվել:

Երկար ձգձգումներից, մերժումներից հետո ի վերջո կիտելն ու գուլպաները տրամադրվել են, սակայն Խանում Մկրտչյանը պնդում է, որ դրանք Վոլոդյա Գալոյանի իրական հագուստը չեն: Նրա միջնոդրությունները մերժվում են՝ որքան քիչ բան իմանանք, ավելի քիչ միջնորդություն կներկայացնենք, քննիչը ուզում է, որ գործը փակ մնա:

«Ես հարց էի ձևակերպել թե քանի վնասվածքներ կան Գալոյանի մարմնի վրա: Միջնորդել էի, որ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, փորձագետին այդ հարցերը տալու համար, մերժել է: Մերժել է նաև կիտելի ու գուլպաների հետ կապված միջնորդությոյոնը. գուլպաները փաթեթավորված վիճակում գտնվում են իրենց մոտ , իսկ կիտելի հետ կապված իրականացվում են քննչական գործողություններ, այդ հիմքով մերժել է: Միջնորդել էի, որ պարզեն պակաս պարկուճների հարցը: Այս միջնորդությունս մասնակիորեն է մերժել, գտել է, որ հայտնաբերվել են թվով 5 պարկուճ և այդ հիմքով մերժել է, սակայն պահեստատուփից բացակայում է 6 փամփուշտ: Իմ միջնորդությունը մերժելուց հետո քննիչն իր նախաձետռնությամբ գուլպաներն ուղարկել է փորձաքննության, փորձել է պարզել ինչ բնութի վնասվածքներ կան և կան, արդյոք, կրակոցի արգասիքներ դրանց վրա»։

Հ.Գ. Կազմակերպությունը բազմիցս անդրադարձել է նախաքննական մարմնի կողմից կատարված առևրևույթ հանցագործության փաստերի սպանված զինծառայողներ Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Գասպարյանի Գևորգ Հարոյանի, Վոլոդյա Գալայանի գործերով։ Այս գործերով մեր յուրաքանչյուր հրապարակումը կարող է հիմք հանդիսանալ քրեական գործերի հարուցման համար, ինչը, սակայն տեղի չի ունեցել: Հավանաբար, քննությունների ընթացքում տեղի ունեցող հանցագործությունների փաստերին անդրադառնալու ցանկություն չկա:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest