«Դատարանն ամեն կերպ փորձում ա իրա վատությունն անել»․ 1,5 միլիոն գրավ՝ չապացուցված մեղքի համար

415

43-ամյա կալանավոր Արտակ Այվազյանը շուրջ 15 ամիս է չի կարողանում հաշմանդամություն ունեցող իր երեխային տեսակցել։ Թեթև աստիճանի հանցանքի մեջ մեղադրվող կալանավորի խափանման միջոցի փոփոխման համար դատարանը՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, մեկուկես միլիոն գրավ է սահմանել, ինչը Այվազյան ընտանիքի համար մեծ գումար է։ Արտակն այսօր կրկին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով դատական նիստի օրը չերկարաձգել մեկ ամսով։

«Բոլոր մեղմացուցիչ հանգամանքները դատարանում են, բայց դատարանը, առանց հաշվի առնելով եղբորս սոցիալական կարգավիճակը, մի ամբողջ կարողություն գրավ ա սահմանում։ Էս պահին էդ միլիոնուկեսը գտնելը մեզ համար շատ-շատ դժվար ա»,- Forrights-ին է ահազանգում Արտակի եղբայրը՝ Վոլոդյան։

Արտակը անազատության մեջ է հայտնվել նախորդ տարվա մարտից, երբ Վրաստանի սահմանը հատելուց հետո, նրա մոտ հայտնաբերել են գողացված հեռախոսներ և հենց տեղում ձերբակալել։ Վոլոդյան, սակայն, պնդում է՝ եղբայրը կապ չունի գողության հետ․

«Քրեական գործում ապացուցող որևէ բան չկա, որ ինքն ա գողացել էդ հեռախոսները։ Դրանք բոլորը վերադարձված ա, դատարանում ա, հետևաբար իսկեր կամ տուժող կողմի հանդեպ պարտավորություններ չկան գործում, բայց դատարանն ամեն կերպ փորձում ա իրա վատությունն անել։ Հաշվի առնելով էն, որ կատարվածը ծանր հանցագործություն չի, ամենաշատը կարող են տալ 3 տարի ազատազրկում տալ։ Դատարանն էլ սահմանում ա մեծ գումարով գրավ, հստակ իմանալով, որ մենք չենք կարողանա տալ էդքան գումար։ Եղբայրս էլ հույսը կկտրի, չարած բանը վիզ կառնի, մի որոշ ժամանակ կնստի, գործն էլ կփակվի ու կգնա․․․Էդ ա մտածում դատարանը, ու հաշվի չի առնում Արտակի ու մեր հոգեբանական վիճակը»,- վրդովվում է Վոլոդյան։

Գործով դատական նիստը տևական ժամանակ է ձգձգվում է։ Վերջինը կայացել է օրեր առաջ և հետաձգվել մեկ ամսով։ Այվազյան ընտանիքը մտածում է այդ ժամանակն օգտագործել և տունը գրավ դնել, որ կարողանա վճարել սահմանված «չարաբաստիկ գումարը»։

Վոլոդյան հիշեցնում է, երբ ամիսներ առաջ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալ և կալանավոր հացադուլ էին հայտարարել, նրանց թվում է եղել նաև Արտակը։ Եղբայրը հացադուլը դադարեցրել է միայն 20 օր անց, երբ նրան է տեսակցել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և խոստացել խնդրին լուծում տալ։

Խնդրի մասին Forrights-ը կրկին ահազանգեց պատգամավորին։ Բաբաջանյանը խոստացավ նորից անդրադառնալ խնդրին և մեզ հետ զանգահարել։ Մոտ կես ժամ անց՝ մեզ հետ կապ հաստատած պատգամավորը տեղեկացրեց, որ խնդիրն արդեն լուծված է․

«Ընտանիքն իրենց հասանելիք գումար ունեին ստանալու այլ տեղից, ինչն ամիսներ շարունակ ձգձգվում էր։ Մենք կապ հաստատեցինք այդ բյուրոյի հետ և պահանջեցինք գործին շտապ ընթացք տալ։ Մյուս չորեքշաբթի օրն Այվազյանները կարող են մոտենալ բյուրո և ստանալ իրենց անհրաժեշտ գումարից դեռ մի փոքր էլ ավելի, որով կկարողանան վճարել սահմանված գրավը։ Ես կշարունակեմ հետամուտ լինել գործի ընթացքին և իմ ուժերի ներածին չափով օգնել վերականգնելու արդարությունը»,- մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը։

Forrights-ը ևս կշարունակի հետևել քրեական գործի ընթացքին և կհայտնի հետագա զարգացումները։

Հավելենք նաև, որ այս պահին «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ են գտնվում երեք դատապարտյալ և կալանավոր։ Նրանք ևս բողոքում են իրենց հանդեպ իրականացվող անարդար դատաքննությունից։

Ռոզա Վարդանյան