24 օր հացադուլի մեջ գտնվող Արման և Վաղարշակ Խոստիկյանները հինգ օր առաջ դադարեցրին հացադուլը, երբ տեղեկություն ստացան, որ իրենց կողմից բողոքարկած գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր․ երկար սպասված նիստը նշանակվել է հունիսի 4-ին․
«Մեր պահանջը մասնակի է կատարվել։ Հացադուլը դադարեցնելու բուն պահանջը տղաների գործի վերանայումն էր, բայց այս պահին բավարարվել է քննիչի մասով ներկայացված բողոքը։ Եթե այսօր դատարանն արդարացի լինի, լսի բոլոր կողմերին մանրամասնորեն դիտարկի գործը, կպարզի, որ քննիչն անօրինական գործողություններ ու միակողմանի քննություն է իրականացրել։ Նման կերպ է վարվել հասկանալով, որ իր գործընկերները՝ նախկին քննիչը, դատախազներն ու դատավորը, անօրինական որոշումներ են կայացրել ու կոծկել գործը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արման Խոստիկյանի կինը։
Հիշեցնենք, որ Խոստիկյան եղբայրները հացադուլ էին հայտարարել և պահանջել իրենց քրեական գործի վերանայումն ու դրա նկատմամբ արդար դատաքննության իրականացումը։ Նրանց պնդմամբ՝ գործը քննող քննիչը, չստանալով պահանջված կաշառքը, գործի քննությունը կեղծել է, իսկ վկաներին՝ սպառնացել․
«Ավտոմեքենա գողանալու մեղադրանքով երկուսին էլ դատել են 11 և 12 տարի, անգամ հաշվի չառան, որ նրանցից յուրաքանչյուրն ունի երկու անչափահաս երեխա, էդ սարքած գործ ա, ոչ ապացույց կա, ոչ տեսնող ա եղել, ոչ էլ գործով առկա փաստեր կան։ Քննիչը վկաներից սպառնալիքով ա ցուցմունք կորզել․ դուռը փակել ու ասել ա՝ մինչև էս ցուցմունքը չստորագրեք, ոչ մեկդ տուն չեք գնալու։ Վկաների նկատմամբ խոսշտանգում ա տեղի ունեցել։ Քննիչը փորձել ա բարեխոսի, համոզի, որ իրենց տված ցուցմունքները հետ վերցնեն կամ փոխեն։»,- Forrights-ին է պատմում Խոստիկյան եղբայրների մայրը՝ Թելինե Մկրտումյանը, որի գործը, տղաների գործի հետ միասին կքննվի նույն վարույթում։
Դատախազության կողմից ընդունվել է Խոստիկյանների բողոքն այն մասին, որ քննիչն անգործության է մատնել և պատշաճ քննություն չի իրականացրել քրեական գործի շրջանակներում։ Տղաները, սակայն, հայտարարում են՝ եթե դատարանն այս անգամ ևս արդարացի քննություն չիրականացնի ու նորից անօրինական որոշում կայացնի, ապա իրենք կրկին հացադուլի կդիմեն․
«Գործը պետք է նոր քննության ուղարկվի։ Պետք է արդարացնեն, այլ տարբերակ չկա»։
Հացադուլը դադարեցնելուց հետո տղաներին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն», որտեղ միանգամից մեկուսացրել են։ Նրանց հարազատներին վրդովեցրել է այս հանգամանքը։ Արման Խոստիկյանի կնոջ դիտարկմամբ՝ եթե տղաները հացադուլավորների համար նախատեսված խցում եղել են երկուսով, տեսակցություններն արգելված են եղել, ապա տեղափոխվելոց հետո ինչո՞ւ են մեկուսացվել․
«Հիմնարկի նկուղային հարկում են պահվում, ծանրաստիճան խոնավ խուց ա, մի անմխիթար վիճակ։ Մարդու իրավունքների պաշտպանի Թեժ գծին ենք ահազանգում, ասում են՝ դիմում պետք ա գրեք։ Ես էլ ջղայնացա՝ եթե պետք ա դիմում գրենք, բա էլ էդ Թեժ գծի իմաստը ո՞րն ա»,- վրդովված նշում է Արմանի կինը։
Քրեակատարողական ծառայության հանրային և լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը Forrights-ի հետ զրույցում, պարզաբանեց՝ հիմնարկ ընդունվելիս յուրաքանչյուր կալանավոր կամ դատապարտյալ մինչ յոթ օր ժամկետով տեղափոխվում է կարանտինային բաժանմունք․
«Կարանտինային բաժանմունքում դատապարտյալները գտնվում են պատիժը կրելու առնվազն նույն պայմաններում։ Յոթ օր անց՝ դատապարտյալները կտեղաձոխվեն համապատասխան խցեր»,- նշեց Նավիկյանը։
Խոստիկjան եղբայրները նման ծայրահեղ քայլի են դիմել ոչ միայն իրենց քրեական գործի պատճառով, այլ՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումների մերժման խնդրով։
Նրանց հետ հանդիպում ունեցած ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Forrights-ին փոխանցեց, որ եղբայրների գործով որոշակի քայլեր է ձեռնարկում․
«Պատրաստվում եմ քրեական գործը քննարկել գլխավոր դատախազի հետ։ Մինչև այդ, խնդրել եմ գործի մասին տեղեկություններ տրամադրել, որպեսզի հասկանանք, թե ինչ հնարավորություններ և պատուհաններ ունենք, որոնցով կկարողանամ իմ ձեռքի տակ առկա գործիքակազմով օգնել նրանց»,- նշեց պատգամավորը՝ այլ մանրամասնություններ այս պահին չնշելով։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: