Տուժող կողմն արձագանքել է Forrights-ի հրապարակմանը․ «Հինգ տարի առաջ տեղի ունեցած դեպքը դեռ մեծ սպի է մեր ընտանիքի համար»

0
202
Նկարի ձախ մասում՝ Դերենիկ Պապյանը, աջում՝ Արթուր Մկրտումյանը

Ամիսներ առաջ «Ես լռելու ոչ մի պատճառ չունեմ, ուղղակի էս մարդկանց հեչ վեջին էլ չի, մարդ մինչև իրեն վնաս չտա, ուշադրություն չեն դարձնի» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ Forrights-ի հետ կապ հաստատեց այդ գործով անցնող տուժող կողմը։

Սպանված Դերենիկ Պապյանի քույրը՝ Գոհար Պապյանը, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ հինգ տարի առաջ տեղի ունեցած դեպքը դեռ մեծ սպի է իրենց ընտանիքի համար և դրա վերհանումը, այն էլ մեղադրյալի կողմից, կրկնակի ծանր է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, 2015 թվականի սեպտեմբերի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին, իրեն ծեծի ենթարկելու և հայհոյանք տալու հանգամանքից վիրավորված լինելու պատճառով, Արթուր Մկրտումյանը որսորդական հրացանով կրակ է արձակել նույն գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի պարանոցի առաջային երեսի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է: Պապյանը, ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինվորական կոմիսարն էր։

«Եղբայրս հերոս տղա էր, պատերազմներին ու Տավուշի պաշտպանական մարտերի մասնակից։ Մի քանի մեդալ ու շքանշան ունի, գյուղի պատիվն ա, հերոսներից մեկը։ Թուրքի զենքից չընկավ, որ համագյուղացու կրակոցի՞ց մահանար․․․49 տարեկան էր, երկու երեխա ուներ, թոռնիկին անգամ չհասցրեց տեսնել»,- հեռախոսից այն կողմ ձայնը դողալով ասում էր Գոհարը։

Քրոջ պատմելով, դեպքի օրը երեկոյան 9 անց կեսի սահմաններում, երբ իր մայրիկի հետ է խոսել, Դերենիկը դեռ տանն է եղել, դրանից հետո են նրան դուրս կանչել և խնդրել «հանգստացնել հարբած Արթուրին»։

«Գյուղում ասում են, որ եթե լուրջ ա Արթուրը, լավ մարդ ա, բայց խմած ժամանակ՝ անկառավարելի ա դառնում։ Իրենք մտերիմ էլ չեն եղել, սովորական համագյուղացի, ուղղակի երկուսն էլ նույն համակարգում աշխատելիս են եղել։ Դերոն գնացել ա, որ Արթուրին թույլ չտա գյուղի անդորրը խախտել, էն էլ գնաց ու էլ հետ չեկավ»։

Մկրտումյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել հենց առաջին պահից, պարբերաբար նշել է, որ դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Փորձաքննությունն անգամ ցույց չի տվել, որ Պապյանը մահացել է Մկրտումյանին պատկանող զենքից արձակված կրակոցից․ նրա վրայից բացակայել է Արթուրի մատնահետքերը։

Գոհարին այս հանգամանքը ևս զարմանալի է թվում։ Նրա խոսքով՝ գործում կան փաստեր, որոնք մութ են անգամ իրենց համար․

«Մենք էլ կուզենայինք, որ մեր ընտանիքի բոլոր կասկածները փարատվեին։ Օրինակ, որ փորձաքննության ժամանակ Արթուրի մատնահետքերը չեն հայտնաբերվել զենքի վրա։ Իբր՝ զենքի վրա արյուն ա եղել, դրա համար չի ֆիքսվել։ Ես անկախ փորձագետից հարցրել եմ, ասել ա՝ դա հնարավոր չի, արյունը չի կարող խոչընդոտ հանդիսանա կամ մաքրի մատնահետքերը։ Բացի դրանից, չի կատարվել Արթուրի տան խուզարկություն, ինչը, ինձ թվում ա, շատ կարևոր հանգամանք էր։ Մի խոսքով, ընդհանուր թերի ա կատարված նախաքննությունը»,- նշում է Գոհար Պապյանը։

Նա չի բացառում այն հանգամանքը, որ այս ամենի հետևում այլ մարդիկ կանգնած լինեն։ Գոհարի կարծիքով՝ հնարավոր է Արթուրն ուղղակի այդ մարդկանց ձեռքը զենք է եղել․

«Եթե նման բան կա, թող ասի, մենք էլ չենք ուզի անմեղ մարդը դատապարտվի, բայց քանի որ չի ասել ու ասում, փաստերն ու վկաներն էլ իր դեմ են, ուրեմն էդ դատարանի տված 11, հետո արդեն 14 տարին քիչ ա, Արթուրին ավելի խիստ պատիժ էր հասնում։ Ինքը հերոսի ա սպանել․․․»։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here