Հայաստանի քաղաքացիները, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով, հաճախ չունեն դատարանի կողմից սահմանված գրավը վճարել ու մնում են կալանքի մեջ: Այսդպես պատահեց Երևանի 28-ամյա բնակիչ Տիգրան Կարապետյանի հետ: Նա մարտի 30-ի գիշերը դուրս էր եկել գնումների, երբ իրեն մոտեցան Մալաթիայի բաժնի աշխատակիցները, հայհոյելով ու բռնություններ կիրառելով բերման ենթարկեցին իրենց հետ հանդուգն խոսելու համար:
Մարտի 29-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավ: Բայց Կարապետյանը մի ամիս է, չէր կարողանում հավաքել գրավի համար պահանջվող գումարը՝ 1 մլն 900 հազար դրամ:
Բազմազավակ ընտանիքը դժվար է ապրում: 1 մլն 900 հազար դրամը չափից դուրս մեծ գումար էր Կարապետյանների համար: Ընտանիքին մի կերպ հաջողվել է այն հավաքել, և մայիսի 1-ին Տիգրան Կարապետյանը ազատվել է կալանքից: Փաստորեն, նա ստիպված էր մեկ ամիս բանտում մնալ: Այս մասին մեզ հայտնեց Տիգրան Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
«Տիգրանի հոր ընկերներն են օգնել, որ գումարը հավաքեն: Տիգրանի հայրը՝ Վարդան Հարությունյանը, մարտական մեծ ուղի ունի անցած, նա ղարաբաղյան պատերազմի մասնակից է, «Արամո» ջոկատի ազատամարտիկներից, Ապրիլյան պատերազմին էլ գնացել է, մասնակցել է: Քրեական գործում կան նրա վկայականի պատճենը, փստաթուղթր, պատվոգրեր, մեր հայրենիքի պաշտպաններից է եղել», — ասաց փաստաբանը:
Դատախազությանը, սակայն, ոչ ընտանիքի վիճակը, ոչ Տիգրանի հոր ով լինելը, ոչ էլ նույնիսկ արտակարգ դրությունը, որի պայմաններում դատարանները հաճախ են կալանքի կիրառումից հրաժարվում, չեն հետաքրքրում:
Դատախազությունը պահանջում է, որ Տիգրան Հարությունյանը նստի, և բողոքարկել է գրավ կիրառելու մասին դատարանի որոշումը: Բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին:
Օրերս ստացվել է նաև Տիգրան Հարությունյանի վնասվածքների վերաբերյալ դաբժշկական եզրակացությունը: «Եզրակացությամբ, Տիգրանը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, ինչը չէր կարող մեկ անգամ վայր ընկնելու հետևանք լինել, ինչպես գրել էին ոստիկանությունում: Նա սալջարդ ունի, այտոսկրի կոտրվածք, լուրջ տրավմաներ ունի, ու լիարժեք փորձաքննություն անցնելու դեպքում չի բացառվում, որ ավելի վատ վիճակ հայտնաբերի: Ոնց կարող է մարդն այսպիսի վիճակում պատիժ կրի: Չէ՞ որ կալանքը պատժի է հաշվակցվում», — ասում է Գուրգեն Հովհաննիսյանը:
Նա պատմում է, որ բուժզննությունը իմիջիայլոց է իրականացվել. «Ես մասնակցել եմ որոշ փորձաքննությունների, բժիշկների հետ վիճել եմ: Լավ չէին իրականացնում զննումը: Էս ինչ բժիշկը չկա, ասում էին, վաղը եկեք, մյուս օրը եկեք: Եթե ոստիկանի վերաբերյալ է լինում, կամ քննիչին է պետ լինում, իրենք շատ ավելի բարեխիղճ են կատարում հետազոտությունները, բայց եթե խոսքը ոստիկանության աշխատակցի կողմից ծեծի ենթարկված, խոշտանգված անձի է վերաբերում, սկսում են դանդաղ անելը, լոյալ իրավիճակ են ստեղծում»:
Փաստաբանը միջնորդել է, որ Տիգրանը լրացուցիչ փորձաքննության ենթարկվի:
Ոստիկանությունում գրել էին, որ Տիգրանը գլուխը աջ ու ձախ պտտեցնելով, հարվածել է պատերին:
Տուժողի հարազատներից Մուշեղ Կարապետյանը հայտնեց Forrights.am-ին, որ խոշտանգման գործը հատուկ քննչական ծառայությունում «տեղից չի շարժվում»: Տիգրանն այս գործով տուժող է ճանաչվել, ցուցմունք է տվել, բայց կասկածյալ չկա:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: