Օրեր առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով հնարավորություն է ընձեռվում կալանքը՝ որպես խափանման միջոց հնարավորինս կրճատելու իրավակիրառ պրակտիկա ստեղծել:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրած արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ սա հնարավորություն կընձեռի դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժել բոլոր այն դեպքերում, որոնք օրենսդրությամբ հնարավոր է․

«Այլ կերպ ասած`փոփոխությամբ ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելու կիրառությունը, սա նշանակում է, որ եթե մյուս բոլոր խափանման միջոցները տվյալ դեպքով համարվում են ոչ պիտանի, ապա նոր միայն կալանավորման միջնորդությունը կարելի է ներկայացնել դատարան»:

Փաստաբանները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են կալանավորման ոչ իրավաչափ և համաչափ լինելու մասին։ Սկսված 2000-ական թվականների սկզբից մինչև օրս կալանքը որպես խափանման միջոց Հայաստանում չափից դուրս շատ է կիրառվում, երբեմն՝ աննպատակ։ Շատ դեպքերում նախաքննական մարմիններն անգամ չեն կարողանում բացատրել, թե ինչու է անձը գտնվում կալանքի տակ։

Քրեական գործերում մասնագիտացված փաստաբան Գևորգ Գյոզալյանի համար սա «հերթական ինչ-որ փոփոխություն» է։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում առ այսօր կալանավորումն ակնհայտ սխալ է կիրառվում, և խնդիրը ոչ միայն օրենքների և դրանք կիրառողների մեջ է, այլ նաև՝ հասարակության․

«Մարդիկ մտածում են, որ եթե անձը կալանավորվել է, ապա նա արդեն մեղավոր է։ Իշխանությունը նախ պետք է հասարակությանը բացատրի, որ անձին կալանավորելը դեռևս ոչ մի բան չի նշանակում, նրա մեղքը կարող է ապացուցվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Գյոզալյանը։

Փաստաբանը վերհիշում է․ դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ, երբ ինչ-որ խնդրի մասին էին բարձրացնում, համակարգը վստահեցնում էր՝ այ, որ օրենքը փոխենք, ամեն ինչ լավ կլինի։ Ըստ նրա, ցավոք, այսօրվա իշխանություններն էլ բռնել են այդ գիծը։

«Դեժավյուի նման բան է ստացվում, իսկ իրականում ոչինչ էլ չի փոխվում»։

Օրենսդրական այս փոփոխությունները Գևորգ Գյոզալյանի մոտ անլուրջ տպավորություն են ստեղծում։ Փաստաբանը նկատում է՝ օրենսդրական մակարդակով գուցե քայլ եղավ, բայց խնդիրն այս դեպքում օրենքի մեջ չէ, այլ օրենքի իրավակիրառողների՝ դատավորների, դատախազների, քննիչների․

«Եթե չի փոխվում մտածողությունը, եթե քննչական մարմինները պետք է շարունակեն էլի ու էլի կալանք տալ, ապա թող տասն անգամ օրենքը փոխեն, մեկ է՝ անհույս է։ Մեզ մոտ օրենսդրական փոփոխությունների պակաս չկա, չեմ հիշի մի օրենք, որը լուրջ բեկում մտցրեց հասարակական հարաբերություններում։ Ավելի հեշտ է օրենք փոխել, քան կիրառել արդեն առկա գործիքակազմը։ Օրենքը դրական ազդեցություն կունենա միայն այն դեպքում, երբ տեսնենք ռեալ արդյունքը»,- նշում է փաստաբանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով, սակայն, օրենքն ավելի շատ կողմ փաստարկներ ունի, քան՝ դեմ։ Պետք է գնահատել այն հանգամանքը, որ գրավն արդեն առանձին խափանման միջոց է և նախաքննական մարմինն արդեն ազատ կարող է այն կիրառել։

Փաստաբանը, սակայն մի քանի անհանգստություն ունի օրենքի հետ կապված։ Ըստ նրա, քննչական մարմինների մոտ կաշկանդվածություն կա գրավը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ և առաջին հերթին նրանք պետք է կարողանան հաղթահարել այդ կարծրատիպն իրենց մեջ և դուրս գալ կաղապարներից․

«Որքանո՞վ են պատրաստ քննիչները նման կարգավորում կիրառել։ Եթե հաշվի առնենք տարիների ընթացքում ձևավորված այն վատ պրակտիկան, երբ տարբերակ կար ընտրելու ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց, նախաքննական մարմինները միևնույն է, շարունակում էին խուսափել և մտնել այդ պատասխանատվության տակ։ Նրանք այդ լծակը թողնում էին դատախազի կամ դատավորն ուսերին, իբր, որ իրենք կասկածի տակ չմնան կամ նրանց գործողություններն այլ ենթատեքստ չունենան։ Նրանք կաղապարված էին և շարունակում են մնալ այդպես»,- Forrights-ին իր մտահոգությունն է հայտնում փաստաբանը։

Արայիկ Պապիկյանի համոզմամբ, եթե գրավ կիրառելու ինստիտուտն իրեն չարդարացրեց, ապա ևս մեկ վտանգ է առաջ գալիս՝ պաշտպանության կողմը զրկվում է շատ կարևորագույն և անհրաժեշտ գործիքից։ Եթե առաջ պաշտպանական կողմը դատարանին էր դիմում գրավ կիրառելու համար, ապա այժմ, եթե քննիչը չկիրառեց նման կարգավորում և կալանք ընտրելու հարցով դիմեց դատարան, պաշտպանական կողմը զրկվում է գրավ կիրառելու խնդրով դատարանում միջնորդությամբ հանդես գալուց․

«Սա արդեն անբարենպաստ է պաշտպանական կողմի համար, քանի որ դատարանը չի կարող կիրառել մի կարգավորում, որը նախաքննական մարմնի իրավասության ներքո է»,- նկատում է Արայիկ Պապիկյանը։

Հավելենք, որ օրենքով նախատեսվում է նաև ընդարձակել գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելի դարձնելով ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի  գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդված 1-ին մասով սահմանված ցանկացած հիմքով:

Նախագիծն ընդունվեց 97 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Գրավի կիրառման գումարի նվազագույն շեմ սահմանվեց 200 հազար դրամը, հնարավորություն ընձեռելով՝ հանցագործության տեսակից կախված, անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest