Սիսիանի բնակիչները ոգևորված են: Այն բանից հետո, երբ 64-ամյա Գառնիկ  Մուրադյանը դիմեց իրավապահ ներին և Հատուկ քննչական ծառայությունում քրեակա գործ հարուցվեց «Խոշտանգում» հոդվածով, նոր անձինք հայտնվեցին, որոնք վստահեցնում են՝ ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանը իրենց ծեծի է ենթարկել:

Գառնիկ պապը պատմել է, որ իրեն նախ ծեծել են փայտե քանոնով, և երբ քանոնը ջարդվել է, շարունակել են ծեծել երկաթյա քանոնով: Նա բազմաթիվ վնասվածքեր ունի գլխի շրջանում և նույնիկ ականջների մեջ:

Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հերքել է մամուլում տարածված այս տեղեկությունները, նա պնդել է, որ իր պաշտպանյալը 64-ամյա ծերունուն ծեծի չի ենթարկել:

 Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին ու 7-ին երկու արտառոց միջադեպ տեղի ունեցավ նրա մասնակցությամբ՝ 64 տարեկան Գառնիկ Մուրադյանին գիշերվա երեքին բերման էին ենթարկել բաժին գողության կասկածանքով, և այստեղից նա վնասվածքներով տեղափոխվեց Սիսիանի հիվանդանոց: Նրան ծեծի ենթարկողը Սիսիանի ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանն է եղել: Նա հաղորդում է ներկայացրել այ մասին, որ իրեն խոշտանգել է ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանը, ստիպելով իր վրա վերցնել գողությունը:

Ապրիլի 7-ին էլ ոստիկանները նույն Սիսիանի բաժնի առաջ բռնություններ են կիրառել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի, նրա հոր ու հորեղբոր որդու՝ Արմեն Հարությունյանի նկատմամբ: Վերջիններս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Եւ ահա Սիսիանի բնակիչներից մեկը, ով  մեղադրվում է գողություն կատարելու մեջ, դիմել է Գառնիկ Մուրադյանի փաստաբան Լուսինե Զեյնալյանին և պատմել է, որ Սիսիանի ոստիկանության բաժնի պետ Գարիկ Մուրադյանը իրեն ևս ծեծի է ենթարկել, ինչպես Գառնիկ պապին:

Քաղաքացուն, որի անունը առայժմ չի հրապարակվում, ոստիկանները կասկածել են աշխատանքային գործիքներ գողանալու մեջ:

Այս դեպքի կապակցությամբ տուժած քաղաքացու քույրը փետրվարի փետրվարի 23-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

«Գողության հետ կապված նրան տարել են, ծեծել են: Ինչ-որ «կլյուչների» գողություն է եղել: Ծեծելուց, հայհոյելուց հետո տեսանյութ են նկարել ոստիկանությունում, որում նա իր բերանով ասում է, որ իրեն չեն ծեծել: Փաստորեն, նրան ստիպել են դա անել: Բայց երբ տուն է գնացել, քույրը տեսել է եղբորը ծեծված, վատ վիճակում ու զանգահարել է 1-02: Ոստիկանությունում սրա հետ կապված ձևական ծառայողական քննություն է ընթացել, բայց որևէ պատասխանատվության Գարիկ Մուրադյանի չեն ենթարկել, կապված հետաքննիչը կարճել է գործը: Այն փուլում, երբ դատախազությունը ուսումնասիրում էր որոշման օրինականությունը, տեղի է ունենում Գառնիկ պապի միջադեպը», — պատմում է փաստաբան Լուսինե Զեյնալյանը: 

Նա նկատել է, որ թե սույն քաղաքացու, թե Գառնիկ պապի նկատմամբ ոստիկա նները նույն վարքագիծն են դրսևորել: «Սա նույն ձեռագիրն է, նույն վարկագիծը», — նկատում է փաստաբանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել ոստիկանության բաժնի պետ Գարիկ  Մուրադյանի հետ, որը համոզված է՝ այն, ինչ կատարվում է իր դեմ, կազմակերպված արշավ է, «շառ են անում»:  Ճիշտ է արդյո՞ք, որ «կլյուչների» գողության մեջ մեղադրվող քաղաքացի կա, որին ինքը ծեծի է ենթարկել:

«Բնակարանային գող է, էս դեպքերը որ եղան, գնացել են, իրեն ասել են, որ ինքն էլ բողոքի: Սա էլ եկել, ասել է՝ ես չեմ գողություն արել: Ո՞նց է տարել իրեղեն ապացույցները ցույց տվել, եթե ինքը չի, ո՞նց են իր տանեցիները տուժողին ասել՝ խնդրում եմ, մի բողոքի, ինչ պետք է, կանենք: Լավ, իրեն ծեծեցինք, տան անդամներին ծեծեցինք, տուժողին ծեծեցինք: Սա ուղղակի կազմակերպված, ուղորդված արշավ է իմ դեմ, որովհետև որևէ մեկի գրպանը չեմ մտնում, որևէ մեկը ինձ իրա գրպանը չի կարողանում գցի, որոշ մարդիկ էլ գումարներ են ծախսում, որ ինձանից ազատվեն, ինձ վրա շառ անեն: Մնացածը, խնդրում եմ, ոստիկանության լրատվական վարչությունից ճշտեք», — ասաց Գարիկ Մուրադյանը, հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Տեղեկություն ունենք, որ նախկինում Գարիկ Մուրադյանը աշխատել է Մարտունու ոստիկանությունում, որպես օպերատիվ գծով պետի տեղակալ, և այնտեղից էլ տեղափոխվել է ռեզերվ քաղաքացիների նկատմամբ կոպիտ վարվելու համար: Այս կապակցությամբ ոստիկանության պետի ԺՊ Մուրադյանն ասաց. «Այո, աշխատել եմ, բայց որևէ միջադեպ չի եղել: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվել եմ կադրերի ռեզերվ», — ասաց նա:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest