Զոհված զինծառայող Կարեն Սուքիասյանի 10 հոգուց բաղկացած ընտանիքն արդեն տարիներ շարունակ ապրում է ընդամենը 59 քառակուսի մետր տան մեջ։

1996 թվականին սահմանամերձ գոտում մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունիցկի զոհված Կարենն ընտանիքի երրորդ տղա էր։ Ինքնակամ էր սահման մեկնել, գլխավորել տարածքի ականապատման աշխատանքները։ Այսօր էլ տիկին Անիկը հպարտությամբ է հիշում որդուն՝ Կարենը քաջ և անվախ տղա էր․

«Ծառայության ժամանակ հրամանատարությունից եկել հարցրել էին, թե ով ա ուզում սահման գնա, առաջինը տղես ա մի քայլ առաջ գալիս․․․տանում են դիրքեր։ Հինգ օրվա ընթացքում ականապատումն ավարտում են, բայց  Կարենս զոհվում ա հենց ականի պատճառով, դիրքերից իջնելիս մի քանի ժամ առաջ»,- Forrights—ի հետ զրույցում պատմում է որդեկորույս մայրը։

Ընտանիքը 2003 թվականից ընդգրկվում է զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ցուցակում, բնակարանի համար հաշվառվում որպես բազմանդամ ընտանիք։ Մոտ 10 տարուց ավելի Քաղաքապետարանը որևէ տեղեկություն չի տրամադրում Սուքիասյաններին, թե որ փուլում է գտնվում հասանելիք բնակարանի հարցը և միայն 2017 թվականին է տիկին Անիկն իմանում, որ հերթացուցակում 15-րդ համարն է։ Ուրախանում է, որ հերթը հասնելուն քիչ է մնացել, սակայն ուրախությունը կարճ է տևում․

«Մի քանի ամիս հետ էլի գնացի, որ ավելի հստակ հետևեմ հերթին, էն էլ պարզվեց՝ անունս հանել են ցուցակից։ Պատճառաբանում էին, որ իմ բնակմակերեսը բավարարում ա։ Բայց ինձ կամ իմ ընտանիքին էդ մասին ոչ տեղեկացրել են, ոչ բան ծանուցել»- ասում է Անիկ Պողոսյանը։

Նախորդ տարվա վերջին կայացած նիստի ժամանակ, ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ Վ․ Հարությունյանը, զոհված զինծառայողի մոր դիմումին ի պատասխան ուղարկել էր հանձնաժողովի քաղվածքը։ Ըստ այդմ, Անիկ Պողոսյանի անունը բնակհերթի ցանկից հանվել է, քանի որ հաշվառման պահին ներկայացված շահառուն չի հանդիսացել բնակարանային պայմանների կարիքավոր։ Նույնաբովանդակ նամակ զինծառայողի մայրը ստացել է նաև Պաշտպանության նախարարությունից։

«10 հոգով երկու սենյականոց տան մեջ ենք ապրում, մի կերպ յոլա գնում, Քաղաքապետարանից ինձ ասում են՝ բնակարանային կարիքավոր չի հանդիսացել։ Էստեղ էլ ո՞ւր ա արդարությունը, ո՞ւր ա տղուս պատիվը»,- նեղսրտում է տիկին Անիկը։

2017 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության նոր կարգ՝ ըստ որի, որոշ փոփոխությունների արդյունքում վերը նշված անձինք այլևս չեն կարող օգտվել բնակարանային պայմանների բարելավման ծրագրից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է ընդունել որդեկորույս ծնողին, փոխարենը, Անիկին երկու անգամ ընդունել է փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Մոր խոսքով, փոխնախարարը որևէ հստակ պատասխան չի տվել․

«Ինձ ու մի քանի որդեկորույս ծնողների ընդունելության ժամանակ, Բալայանը ոչ մի նորմալ բան էլ չասեց, ոչ ոքիս հստակ պատասխան չտվեց։ Ծնողներից մեկի հետ անգամ վիճեց, էլ ես ի՞նչ ասեի»։

2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սուքիասյանի մահից 22 տարի անց նրա մորն է հանձնում հերոսի կոչումը։ Անիկ Պողոսյանը վարչապետին չի կարողանում ներկայացնել իր խնդիրը, փոխարենը մինչև օրս շարունակում է պատկան մարմինների դիմել և խնդրել, պահանջել իրեն հասանելիք բնակարանը։

Լուսանկարը և տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest