Զոհված զինծառայողի ութհոգանոց ընտանիքն ապրում է 31 քմ տարածքում

Զոհված զինծառայող Պարգև Կարապետյանի 8 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է ընդամենը 31 քառակուսի մետր  բնակարանում։ Նրա մայրը՝ Սաթենիկ Սարգսյանը, արդեն տասը տարի է չի կարողանում ստանալ ընտանիքին հասանելիք բնակարանը։ Կարապետյանները 2010 թվականից ընդգրկված են զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, սակայն մինչ օրս չստանալով ոչինչ՝ հերթից դուրս են մնացել:

Բնակարանային հերթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով Պաշտպանության նախարարություն դիմած ընտանիքին տեղեկացրել են, որ Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է, ինչի արդյունքում ՀՀ ՊՆ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2013 թվականի նիստի որոշմամբ՝ 1 սենյականոց բնակարան գնելու համար Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին է հատկացվել 4 միլիոն 920 հազար դրամ ֆինանսական աջակցություն:

Սաթենիկ Սարգսյանը, սակայն, պնդում է՝ ինքն ապշած է այդ նորությունից, քանի որ նմանատիպ աջակցություն երբևէ չի ստացել․

«Իմ անուն ազգանունով մոտ 5 միլիոնի չափով գումար դուրսգրում են արել, իբր ես արդեն գումար եմ ստացել ու համաձայնագիր տվել, որ այլևս ոչ մի պարտքուպահանջ չունեմ։ Բայց ի՞նչ բնակարան, դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, մեր ընտանիքը ոչինչ չի ստացել։ Իմ անուն ազգանունով, բայց այլ հասցեով գումար են դուրս գրել ու պատասխանատվությունն իմ վրա գցել»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Սաթենիկը։

Վեց տարի անց մեծ դժվարությամբ հայրայթած այդ փաստաթուղթը մայրը սկզբում ներկայացրել է Զինվորական դատախազություն, հետո՝ Ոստիկանություն, սակայն հանցագործության մասին հաղորդում այդպես էլ չի տվել, պատճառաբանելով՝ վախենում էր ընտանիքի ու որդիների համար․

«Հիմա էլ եմ վախենում, բայց այլ տարբերակ չունեմ»,- նեղսրտում է կինը։

Սաթենիկ Սարգսյան

Որդեկորույս մոր մյուս տղան՝ Ահարոնը, 2006 թվականին ծառայության ժամանակ, երբ ընդամենը 6 ամիս էր մնացել զորացրմանը, ականի պայթյունի ժամանակ կորցնում է ոտնաթաթը։ Կես տարի անց միայն պրոթեզավորվում և հաշմանդամության 3-րդ կարգ ստանում։

Այդ ժամանակ գործող օրենքի համաձայն, բնակարան էր հասնում նաև նրան, սակայն բնակհերթում Ահարոնի անունը նույնպես հեռացրել են։ Քաղաքապետարանը միայն նախորդ տարի է պարզաբանել, որ պատճառն այսօրվա օրենսդրությունն է․

«Ըստ Կառավարության նոր օրենքի, 3-րդ կարգի հաշմանդամներն այսօր չեն կարող բնակհերթի մեջ լինել, քանի որ ունեն X քառակուսի մետր բնակարանային պայմաններ։ Բայց սա նոր օրենք է, որը չի հակադարձում նախկին օրենքին։ Այսինքն, իմ տղային հասնում էր, բայց էդ էլ չտվեցին»։

Ստեղծված անելանելի վիճակի մասին Կարապետյանը բազմիցս է դիմում բողոքներ հղել պատկան մարմիններին, ԱԺ պատգամավորների, Պաշտպանության նախարարություն, ահազանգելով, որ վերը նշված մոտ 5 միլիոն գումարը չի տրամադրվել և իրենք դեռևս շարունակում են ապրել այդ փոքրիկ տան մեջ։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միայն նախորդ տարվա նոյեմբեր ամսին հրաման ստորագրեց Կարապետյանների ընտանիքի բնակարանի գնման համար նախատեսված 14․456․000 միլիոն ՀՀ դրամի վկայականը, որը նախատեսում էր մեկ սենյականոց բնակարան ձեռք բերման գումար։ Տիկին Սաթենիկին այս հանգամանքը վրդովեցրել է․ անապահով, 8 անձից բաղկացած ընտանիքը, որտեղ ապրում է նաև իր նախկին ամուսինը, չի կարող այդքան քիչ գումարով բնակարան ձեռք բերել․

«31 քառակուսիում ապրում ենք ես, նախկին ամուսինս, հաշմանդամություն ունեցող որդիս, մյուս տղաս, իր կինն ու երեք անչափահաս երեխաները։ Հիմա էդ 15 միլիոնն էլ կիսվելու ա իմ ու ամուսնուս միջև, այսինքն, ես պետք ա 7,5 միլիոնով էնպիսի տուն առնեմ, որ 7 հոգով կարողանանք ապրել»,- իր բողոքն է արտահայտում տիկին Սաթենիկը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է ընդունել որդեկորույս ծնողին, փոխարենը, Սաթենիկին երկու անգամ ընդունել է փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Կնոջ խոսքով, փոխնախարարը բավականին կոպիտ ձևով է ընդունել, ապա դուրս հրավիրել նրան․

«Իմ ներս մտնելուն պես Բալայանը նախօրոք ասեց՝ հնարավոր չի, մեկ սենյակ եմ ձեզ տալու և վերջ, ինչ ուզում եք արեք։ Էնքան կոպիտ էր խոսում, խոսակցության կեսից էլ սկսեց գոռալ, ապա ձեռքը մեկնեց ու ասեց՝ դու սուտ ես խոսում, դուրս արի։ Ես ինձ ոչնչացված ու խոցված էի զգում, վիրավորված եմ շատ մինչ օրս։ Բա ես երկու տղա տամ բանակին, մեկը զոհվի, մյուսը՝ հաշմանդամ դառնա ու ինչ-որ մեկն ինձ սուտասան ասի ու դո՞ւրս հրավիրիր, իրեն ո՞վ ա էդ իրավունքը տվել»։

Սաթենիկ Սարգսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս դատարանի «դռներն ընկնել», նրա խոսքով՝ ոչինչ չի տա մի քանի հոգու պատժվելը, ինքն ընդամենը ցանկանում է  իր հասանելիք բնակարանի հարցը լուծել։

Forrights-ը գրավոր հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և Պաշտպանության նախարարություն՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ Պատասխանը կհրապարակվի այն ստանալուն պես։

Երեկ Պաշտպանության նախարարություն դիմում է ուղարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Տղայիս մահը ճիշտ չեն ներկայացրել ու կոծկել են հակառակորդի գործողոթյան արդյունքում տեղի ունեցածը»

Տիկին Սաթենիկն այլ մտածմունք ևս ունի։ Նրա պնդմամբ՝ որդու մահը ճիշտ չեն ներկայացրել իրենց և կոծկել են հակառակորդի գործողոթյան արդյունքում տեղի ունեցածը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, 2009 թվականի մարտի 26-ին, Արցախի N զորամասերից մեկում զինծառայողների կողմից կառուցած ինքնաշեն տնակը փլվել է, ինչի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Պարգև Կարապետյանը։ Մայրը, սակայն չի հավատում այս տեղեկությանը։ Նրա պնդմամբ՝ որդին զոհվել է դեռ մարտի 23-ին՝ հակառակորդի գործողությունների արդյուքում, երբ թշնամին գնդակոծել է նրանց դիրքը․

«Էդ գնդակոծության արդյունքում մեծ հրդեհներ են առաջացել, երեխեքն էլ մնացել են դրա տակ։ Դիակները պահել են ու այլ լուրի տակ ուղարկել տուն։ Որդուս դիակը մեզ բերեցին մարտի 27-ին, գույնը մի տեսակ էր, պատճառաբանեցին, իբր սառնարանում ենք պահել, դրա համար ա էդ գույն, բայց ես հո տեսնում էի, որ սա այլ բան ա։ Այդպես էին ասել, որ դեպքը էդ գնդակոծության հետ չկապենք ու զինվորական գրքույում չգրվի՝ զոհվել է մարտական գործողությունների արդյունքում»,- նշում է տիկին Սաթենիկը։

Որդու մահվան վերաբերյալ կասկածները մինչ օրս Սաթենիկ Սարգսյանին հանգիստ չեն տալիս։ Նախկինում չի կարողացել դրանք փարատել, քանի որ որդու մահը մեծ հարված է եղել իր համար, իսկ հետաքննության վարելու կամ դրա հետևից գնալու ուժ չի ունեցել․

«Իմ որդու մահից հետո ես չկամ, ուղղակի մարմինս մի տեղից մյուս տեղն եմ տեղաշարժում, որ մի բանով օգնեմ երեխեքիս։ Մեկը՝ զոհված, մյուսը՝ հաշմանդամ դարձավ էսօր տանն ա, չի կարողանում աշխատել, երրորդ տղաս էլ ինչքան անի, չի հասցնում․․․ ու էսքան բանի մեջ մի հատ էլ իրենք են իմ վրա գոռում ու դուրս հանում»։

Ռոզա Վարդանյան

Լուսանկարը և տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest