Ապրիլի 2-ին Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի աշխատակիցներից 5 աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19, 28 աշխատակիցներ մեկուսացվել են։ Նախարարության հանրային կապերի բաժնից հանգստացրեցին, թե «վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն»։

5 օր անց, ապրիլի 7-ին նախարարությունը հայտնեց արդեն 8 վարակվածների մասին. «ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 8 աշխատակցի մոտ թեստի պատասխանը եղել է դրական», — ասված է yerevan.today կայքի հարցմանն ի պատասխան: Նախարարությունը նաև ներկայացրել է կանխարգելիչ միջոցառումները, որոնք իրականացնում են կալանավայրերում՝ արգելվել են տեսակցությունները, հանձնուքներն ու ծանրոցները, շենքերն ու բնակելի գոտիները ախտահանվում են, ազատազրկվածներին պարբերաբար բուժզննության են ենթարկում, ջերմությունն են չափում, և այլն: 

Համոզվելու համար, որ տվյալներն այս հավաստի են, դիմեցինք «Արդարություն, հասարակութուն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Զեյնալյանին: Նա հաճախ է այցելում քրեակատարողական հիմնարկներ, քանի որ կազմակերպությունն այս զբաղվում է դատապարտյալների և կալանավորված անձանց առողջական խնդիրներով:

«Անգամ ջերմաչափներն են անսարք, ի՞նչ բուժզննության մասին է խոսքը: Օրերս  ՔԿՀ-ներից մեկում դատապարտյալը ջերմաչափ է պահանջել, որով չափել է իր ջերմությունը, և ցույց է տվել 55 աստիճան: Մեկ այլ տեղում չափել են, ցույց է տվել 34 աստիճան», — ասում է Զեյնալյանը: Միայն սնունդ ու հարազատի հետ տեսակցությունները արգելելով, ըստ նրա, հնարավոր չէ պայքարել վիրուսի տարածման դեմ, քանի որ քննիչները, փաստաբանները ազատ ելումուտ ունեն կալանավայր և կարող են ներս տանել վարակը:

Լուսինե Զեյնալյանի դիտարկմամբ, կալանավայրում հակահիգիենիկ իրավիճակ է տիրում: «Նախկին իշխանությունների ժամանակ, 2019 թվականի նոյեմբերից բուժսպասարկման բաժինները առանձնացրեցին ՔԿՀ-ներից, մտցվեցին առանձին ՊՈԱԿ-ի մեջ: Այժմ բժիշկները չեն ենթարկվում պետին: Առաջ, եթե բուժաշխատողը թերանում էր, մենք կարողանում էինք դիմել հիմնարկի պետին, և նա և նրա տեղակալները անմիջապես միջոցներ էին ձեռնարկում: Այժմ բժիշկների վրա որևէ կերպ ազդել չես կարող: Ես կալանավոր եմ ունեցել՝ մարդը ձեռքը կոտրած վիճակում մտել է ՔԿՀ, իրեն ընդունել են, հինգ օր ձեռքը երկու տեղից ջարդած, ցավերի մեջ, չէին մոտենում», — պատմում է Լուսինե Զեյնալյանը:

Նրան մի քանի հարց ուղղեցինք:

— Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ ախտահանիչ նյութերով մշակվում են շենքերը: Դուք նկատե՞լ եք, սա արվու՞մ է, թ՞ե ոչ:

— Այո, կալանավորներից տեղեկացել եմ, որ «Կոշում» և «Նուբարաշենում» այո, եղել է, սա փաստ է: Բայց միայն Արմավիրի քննչական սենյակ որ մտնի, կեղտը զիբիլը, փոշին տեսնի, բավական է, որ հասկանա, ոնց են ախտահանում: Անգամ հասարակ աթոռ չկա, որ մենք նստենք: Ի՞նչը ախտահանեն:

— Ասում են, որ առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման:

— Հենց հիմա կալանավոր ունեմ, «Արմավիր» ՔԿՀ-ում, ով դիմել է մեկ շաբաթ առաջ, որ բժշկի կարիք ունի, իրենք դիմումը չեն վերցրել և ասել են, որ հոգեբան պետք է գա, բայց հոգեբան չկա, որովհետև նա ունի հոգեկան խնդիրներ: Ամսի 7-ին ես եմ միջամտել, որ գրավոր դիմի:

— Կալանավորներին տեղաշարժելից դիմակներ և ձեռնոցներ նրանց տալի՞ս են, ինչպես հայտարարվում է պաշտոնապես:

— Նախ, այս շրջանում նրանց գրեթե չեն տեղաշարժում: Նույնիսկ կալանքի երկարացման, միջնորդություններով որ մենք դիմում ենք, նրանց չեն բերում: Բայց մենք որ մտնում ենք ՔԿՀ, մեզ դիմակ, կամ ձեռնոց չեն տալիս: Օրերս մտա «Արմավիր» ՔԿՀ, սպիրտ էր դրված, սեղմեցի, սրվակից ոչինչ դուրս չեկավ: Մեզ էլ ասում են՝ գնացեք, ջերմություններդ չափեք բուժկետում, նոր մտեք ներս:

— Նախարարությունից վստահեցնում են, որ կորոնավիրուսային վարակի ախտանշաններ ունեցողների մեկուսացման համար հիմնարկներում առանձնացվել մեկական խցեր։ Այսնինք, մարդիկ մի խցում բոլորով պետք է մեկուսանա՞ն, թե մի մարդու պետք է ամեն հինարկում մեկուսացնեն: Այս մասին ի՞նչ կասեք:

— «Դատապարտյալների հիվանդանոցում» են առանձնացրել սենյակներ: Նույնիսկ կալանավորներին ուզել են տանել հիվանդ վիճակում: Նրանք բունտ են արել, դոշակներն են դուրս նետել: Մարդկանց հիվանդ սրսկել են, տեղափոխել են, մարդիկ վատացել են: Շտապօգնությունը եկել է, ցուցում է տվել հոսպիտալացնել, ՔԿՀ բժիշկը չի ընդունել: Պաշտոնական անձինք հրապարակում են այն տեղեկությունները, որոնք իրենց փոխանցում են, իսկ մենք անձամբ գնում ենք կալանավորի հետ ենք զրուցում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest