Սիսյանում կրքերը բորբոքված են, ընդվզում  է հասունանում ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանի դեմ, որը իսկական պատուհաս է դարձել քաղաքի գլխին:

Ապրիլի 6-ին ու 7-ին երկու արտառոց միջադեպ տեղի ունեցավ նրա մասնակցությամբ՝ 60 տարեկան Գառնիկ պապի նկատմամբ  բռնություն կիրառվեց ոստիկանության բաժնում այն բանից հետո, երբ նրան գիշերվա երեքին բերման էին ենթարկել բաժին: Ամբողջ գիշեր բաժնում է անցկացնելուց հետո Գառնիկ Մ-ն տեղափոխվել է Սիսիանի հիվանդանոց, որտեղ կաթիլային են միացրել: Նա այս օրերին հրաժարվում է զրուցել լրագրողների հետ, բայց իր փաստաբանին՝ Լուսինե Զեյնալյանին ասել էր, որ իրեն ծեծի ենթարկողը Սիսիանի ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանն է եղել: Նա այդ կերպ փորձել է ստիպել Գառնիկ պապին, որ իր վրա վերցնի գողության մի գործ:

Ապրիլի 7-ին էլ ոստիկանները նույն Սիսիանի բաժնի առաջ բռնություններ են կիրառել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի, նրա հոր ու հորեղբոր որդու՝ Արմեն Հարությունյանի նկատմամբ: Վերջիններս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նրանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասավոր Տեր Ներսես աբեղա Հարությունյանի հարազատներն են: Նրանք աշխատացնում են իրենց ընտանիքին պատկանող վաճառքի կետը: 

Հոգևորականը տեղեկացրել էր լրատվամիջոցներին, որ եղբայրները միասին դրսում են եղել, նրանց են մոտեցել երկու ոստիկան, պահանջել են տեղաշարժի թերթիկ, որը նրանց ցույց են տվել, բայց 5 րոպե անց կրկին մոտեցել են Հարությունյաններին, կրկին պահանջելով նույն թուղթը, որից հետո լեզվակռիվ է սկսվել:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, տուժողները ոստիկաններն են: Հարությունյանները չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը: Նրանց կանչել են բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի  նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Փաստաբան Լուսինե Զեյնալյանը, որն այս գործով ևս ներգրավված պաշտպան է, հակառակ պատկերն է նկարագրում: «Երբ որ ոստիկանապետը վաճառքի կետ է եկել ու սեռական հայհոյանքներով դիմել է Մարտին Հարությունյանին ու նրա հորը, խառնվել է հորեղբոր տղան: Ոստիկանության աշխատակիցներից մեկը հափշտակել է Մարտին Հարությունյանի հեռախոսը նրա ձեռքից», — պատմում է փաստաբանը:

Ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանը, նրա տեղակալ Վարդան Մկրտչյանը և քրեականի պետ Պետիկ Ալեքսանյանը զոռով նստացրել են եղբայրներին մեքենան, որ տանեն բաժին:

«Մենք ունենք ականատես վկաներ, որոնք  տեսել են, թե ինչպես են այս մարդիկ եղբայրների գլխին բռունցքներով հարվածելով, նստացնում մեքենան, որ տանեն: Այնուհետև նրանք տեսել են, որ նկարում են հեռախոսով: Դա տեսնելով, պետի տեղակալն իր աշխատակիցներին հրահանգավորել է որպեսզի վկաների վրա ազդեցություն ունենան, հանդիպեն վկաներին: Նրանց սպառնալիքներ են տվել, բայց նրանց չի հաջողվել ճնշում գործադրել: Ականատեսները պատրաստվում են հաղորդում տալ ոստիկանապետի ԺՊ-ի դեմ», — պատմում է Լուսինե Զեյնալյանը:

Ըստ փաստաբանի, երբ տղաներին տարել են ոստիկանություն, այնտեղ  բազմաթիվ քաղաքացիներ են եղել հավաքված: «Մարդիկ վրդովված են եղել, որ հոգևորականի ընտանիքի հետ նման կերպով են վարվում ու ինքնաբուխ հավաքվել են, նրան աջակցելու համար գնացել են ոստիկանության դիմաց», — նշում է Լուսինե Զեյնալյանը:

Ոստիկանները փորձում են մաքրել հետքերը: Զանգում են ականատես վկաներին ու համոզում են, որ իրենց տրամադրեն տեսանկարահանված նյութերը:

«Մենք պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել գլխավոր դատախազություն, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի, նրա տեղակալ Վարդան Մկրտչյանի, քրեականի պետ Պետիկ Ալեքսանյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու պահանջով, մինչև որ նախաքննություն իրականացվի», — ասաց փաստաբանը:

Գառնիկ Մ-ն, որը ծեծի է ենթարկվել ոստիկանապետի կողմից, հրաժարվում է այս օրերին խոսել լրագրողների հետ: Նա իր փաստաբանի միջոցով փոխանցեց, որ կխոսի, բայց ոչ հիմա: Նա ընկճված է և վատառողջ է: Գարիկ Մուրադյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նա անջատել է բջջայինը:

Ոստիկանությունից Forrights.am-ին մանրամասներ չտրամադրեցին, ընդամենը նշելով, որ բռնության հնարավոր դեպքերի կապակցությամբ ծառայողական քննություն է ընթանում: ՀՔԾ-ն նյութերը դեռ չի ստացել:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest