Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել 60-ամյա քաղաքացուն` չկատարած գողությունը իր վրա վերցնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 6-ին։

Քաղաքացուն բերման են ենթակել գիշերը ժամը երեքին․«Գողության համար տարել են, Սիսիանի միլպետը ծեծեց։  Գիշերն էլ եմ էդ բաժնում եղել»,- պատմում է քաղաքացին, մանրմասնելով, որ երեկոյան ժամը 5-ին արդեն իրեն տուն են թողել։

Ինչպես քաղաքացին է պատմել, քանի որ ամբողջ գիշեր բաժնում է անցկացրել, տուն գնալու պարագայում անմիջապես քնել է, արթնանալով զգացել է թուլություն և երկու անգամ գլխապտույտ է ունեցել, որից հետո տեղափոխվել է Սիսիանի հիվանդանոց, որտեղ էլ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել՝ կաթիլային են միացրել

60-ամյա Գառնիկ Մ. -ի դեմքին առկա են բազմաթիվ կապտուկներ, որոնց մեծ մասը, ըստ նրա՝ առաջացել է չկատարած գողության մեղքը իր վրա վերցնելու համար ծեծի հետևանքով․

 «Ասում էր՝ գրի, որ դու ես արել, պետք ա ասես՝ ո ւ՞ր ես տարել վեշերը և այլն։ Դու ես տարել ոնց ուզում ա լինի։ Ասում եմ՝ հիմա վիզ վերցնեմ, որ ես եմ տարել, բա չես ասելու վեշերը բեր, ասում եմ՝ բա որ ես չեմ տարել ո՞նց բերեմ»,-մտահոգված պատմում է քաղաքացին, նշելով, որ այնուամենայնիվ պատրաստ էր գրել, որ ինքն է արել, քանի որ չէր դիմանում նման խոշտանգման․ «60 տարեկան մարդ՝ ինձ ծեծում են, ես էլ չեմ դիմանում»։

Փաստաբան Լուսինե Զեյնալյանը Forrights-ի հետ զրույցում նանրամասնեց, որ Գառնիկ Մ. -ն այժմ գտնվում է դատաբժիշկների հսկողության տակ, առողջական վիճակհ նորմալ է գնահատվում, սակայն ակնհայտ կապտուկներ ունի։

«Մարզերում ոչինչ չի փոխվել և ժամանակին մարդիկ ոստիկանությանն ընկալում էին որպես միլպետ ու փոքր բդեշխ, հիմա էլ շարունակում են այդպես ընկալել, իսկ բդեշխներն էլ շարունակում են իրենց այդպես պահել»,-այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը նկատում է, որ  երբ նրանց նախկին կատարածների համար պատասխանատվության չեն ենթարկվել, այլ հակառակը՝  շնորհակալություն է հայտվել և մեդալներ  շնորհվել, ապա՝ բնականաբար վերաբերմունքն էլ պետք է լիներ սա, որ միլպետը կարողանար իրեն թույլ տար գար՝ ուրիշին  էլ չհանձնարարեր, այլ անձամբ այդ հաճույքը վայելեր մարդուն ծեծելու։

«Այս բոլոր համակարգերից ես ավել բան չեմ սպասում, դեռ մենք շատ տեղեկություններ ենք ստանալու․Երբ որ գա պահը և արդարադատություն իրականացնողիրավապահ մարմինները հնարավորություն ունենան ըմբոստանալու հին կարգերը վերադարձնելու, ապա առիթը բաց չեն թողնելու և թիկունքից հարվածելու են հեղափոխությանը, ներկայիս իշխանությանը։ Նրանք ուղղակի լավ չեն պատկերացնում, որ շնորհակալություններով և կարմիր գծեր աննպատակ գծելով, իրենք ավելի քաղաքակիրթ չեն սարքում այդ բոլոր մարմիններին, այլ ուղղակի հնարավորություն են տալիս, որ այս բոլոր մարմիններն առանց բարեփոխվելու շարունակեն իրենց աշխատանքը»,-նկատում է իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ հեղափոխությունից անմիջապես հետո արդարադատություն իրականացնող մարմիններն անկեղծ սպասում էին պատասխանատվության, քանի որ իրենք մեզնից լավ գիտեն՝ ինչեր են արել և հասկանում էին, որ առանց պատասխանատվության ենթարկվելու չէին կարող մնալ, արդյունքում մի փոքր զուսպ էին պահում։ Հիմա հասկացել են, որ որևէ պատասխանատվության չեն ենթարկվել և չեն էլ ենթարկվելու, որովհետև նախկինում կատարված հանձագործությունները պարտակվել են և այսօր էլ շարունակվում են պարտակվել։

«Ակնհայտ է, որ անպատիժ մնացած հանցագործը դառնում է ավելի ցինիկ և լկտի կատարում է նոր հանցագործություններ»,-համոզված է է իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցը համոզված է՝ խոշտանգման նման դեպքերն ավելի շատ են, սակայն մարդիկ շարունակում են չբարձրաձայնել, քանի որ երբ չունեն շրջապատ, ընկերներ, բարեկամներ, ապա հաստատ գիտենք, որ դա կուլ են տալու, իսկ բարձրաձայնելու պարագայում էլ վստահ չեն լինի, որ գլխներին գործ չեն սարքի, ինչպես սովորաբար լինում է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ խոշտանգման նման դեպքերը ոչ թե վերջին շրջանում է շատ, մեզանում դա միշտ եղել է, ուղղակի այսօր հնարավորություններ կան նման դեպքերը բարձրաձայնելու և վեր հանելու․

«Դրան նպաստում են լրագրողները, սոցիալական կայքերը, որը նոր հնարավորություն է մեր օրերում։ Նախկինում շատ ավելի շատ է նման դեպքեր եղել՝ ուղղակի չեն բարձրաձայնվել և հանրությունը տեղյակ չի եղել։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ևս ահազանգել էր, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել ևս 3 քաղաքացիների նկատմամբ, որոնցից  մեկը Սիսիանի ավագանու անդամ է, իսկ մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։

«Ըստ տեղեկությունների՝ նրանցից մեկի ծնոտը ջարդել են, սակայն Սիսիանի հիվանդանոցից ոչ հերքեցին ոչ էլ հաստատեցին այս տեղեկությունը»,-Forrights-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, հավելելով, որ հետևողական է լինելու այս դեպքին՝ համապատասխան գրություններ է ուղարկել գերատեսչություններ։

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպերով կանցկացվի ծառայողական քննություն:

«Եթե Ծառայողական քննության արդյունքում, պարզվի, որ իրոք խոշտանգումներ եղել են՝ այդ մարդը պետք է պատժվի խստագույնս, ոչ միայն պաշտոնից ազատվելու մասին է խոսքը, այլ պետք է նաև քրեական պատասխանատվության ենթարկվի»,-ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, նկատելով, որ փորձը ցույց է տալիս՝ ծառայողական քննությունները միշտ չէ որ պարզում են, այդ իսկ պատճառով պետք է լինի և  հասարակական վերահսկողություն, և իհարկե իշխանությունները պետք է իրենց առաջ բացահայտելու խնդիրը դնեն։

«Փակ համակարգերը՝ իրենց յուրայիններին պաշտպանելու փոխարեն պետք է զբաղվեն իրականությունը բացահայտելով և խնդիրները վեր հանելով»,-ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest