Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը Սերժ Սարգսյանի ժամանակների քաղբանտարկյալներից է, որը 2013 թվականին դատապարտվեց անհեթեթ մեղադրանքով՝ ընկերոջ հորը թունավորելու համար, իսկ 2018 թվականի նոյեմբերին համաներումով ազատ արձակվեց: 4 տարի քաղաքագետը եղել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակիչ, իսկ ազատվելուց առաջ մոտ մեկ ամիս անցկացրել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այդ ընթացքում նա մանրամասն ուսումնասիրել է բանտային պայմանները և եկել է համոզման, որ Հայաստանիքրեակատարողական հիմնարկներում հակասանիտարական վիճակ է տիրում, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում կորոնավիրուսի տարածման համար: 

Արկադի Վարդանյանը առաջարկում է Նիկոլ Փաշինյանին համաներում հայտարարել: «Կալանավայրերը պետք է ազատել, մոտ 80 տոկոսով: Այնտեղ պետք է թողնել միայն ամենավտանգավոր հանցագործներին, որոնք որ պետության, ազգի դեմ են հանցագործություններ կատարել, և նրանց կենտրոնացնել մեկ կալանավայրում Սա շոշափելի քայլ կլինի», — ասում է Վարդանյանը: Այս առաջարկը նա մի անգամ էլ է հնչեցրել, սակայն ոչ մի արձագանք չի ստացել իշխանությունից:

Forrights.am-ը մի քանի հարց ուղղեց քաղաքագետին: — Այսօր աշխարհի տարբեր երկրներում դատապարտյալներին ազատ արձակելու որոշումներ են ընդունվում: Չե՞ք կարծում, որ եթե մեզ մոտ նման միջոցներ ձեռնարկեն, ասենք, ազատ արձակեն թեթև գողություններ արածներին, հանցավորությունը կտրուկ աճ կապրի: 

-Հիմա մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ հանցագործությունների ավելացման մասին մտածելու ժամանակը չի: Մեզ ավելի լուրջ վտանգ է սպառնում: Դրա մասին պետք է մտածել, առաջնային հարցերը պետք է կարգավորել, և ընդհանրապես, կյանքը կարգավորել: Եթե կյանքը կարգավորված է լինում, հանցագործություները պակասում են: Հանցագործությունները ինչի՞ց են լինում: Պակասից, ղքատությունից, չէ՞: Մարդիկ հենց այնպես, սպորտային  հետաքրքրություն չեն գնում, գողություն անում, չէ՞:

 — Դուք 2018 թվականին ազատվեցիք, դուք ասում եք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հակասանիտարական պայմաններ են, իսկ հնարավոր չե՞ք համարում, որ վերջին երկու տարում այնտեղ փոփոխություններ եղած լինեն, 2 տարի անցել է:

— Դժվար թե:

 — Իսկ ի՞նչն է առավել վտանգավոր:

— Օրինակ, օդափոխության համակարգ «Արմավիր» ՔԿՀ-ում չկա: Մինչդեռ «Արմավիրը» նորակառույց կալանավայր է: Շինարարության ընթացքում՝ մեզանում ձևավորված չար ավանդույթի համաձայն փողի կեսը գողացել են: Չ՞է, որ գումարը Եվրոպան է հատկացրել: Ոչ կարգին ֆունդամենտ են կառուցել, ոչ օդափոխման համակարգ են տեղադրել: Այդ է պատճառը, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հակասանիտարական իրավիճակ է տիրում:  — Իսկ բժշկական պարագներ ու միջոցները, խոհանոցային սպասք, նորացվու՞մ են: — Ոչ, նման բան գոյություն չունի: Բոլորը հին են:

 — Հիմա ձեզ եթե Նիկոլ Փաշինյանը զանգեր, նրան ի՞նչ կասեիք:

— Նա ինձ երբեք չի համարձակվի զանգել: Դա՝ մեկ: Երկրորդը՝ քաղաքացիներին զանգելը էժան պոպուլիզմ է: Ինքը չգիտ՞ի, որ երկրում 700 հազար հոգի ապրում են աղքատության մեջ: 700 հազար բնակիչ աղքատ ունենք:

Հ.Գ. Մենք դիմեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայություն, խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք նախարարությունը չի՞ պատրաստվում  միջոցներ ձեռնարկել կալանավայրերը կորոնավիրուսից պաշտպանելու, դրանք բեռնաթափելու ուղղությամբ: Մանավանդ, որ այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի մարդու իրավունքնեների բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետը և շատ երկրներում բանտերը բեռնաթափելու որոշումներ են ընդունում:

Մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ նախարարությունը իրավասու չէ այս հարցին պատասխանելու և խորհուրդ տվեց կապվել պարետատան հետ: Սակայն պարետատնից մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեցին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest