«Ես դեպքի հետ որևէ առնչություն չունեմ, այլապես չէի գնա ու դիակից 20 մետր այն կողմ պառկի ու քնի»
46-ամյա դատապարտյալ Արթուր Մկրտումյանն արդեն չորս տարի է բարձրաձայնում է իր դեմ «կարված» գործի մասին, սակայն նրա բոլոր դիմում-բողոքներն անպատասխան են մնում։ Մկրտումյանը պնդում է՝ մեղսագրվող հանցանքում ինքը որևէ մասնակցություն անգամ չի ունեցել։ Նա մեզ է մեկնում 50 էջից բաղկացած փաստաթղթերն ու վրդովված ասում․
«Ընդամենն այ էսքան թղթով են վրես գործ սարքել, այ էսքանն անգամ մի հատոր չի կազմում, բայց էսքանի պատճառով 14 տարի նստելու եմ»։
Չնայած դեպքը կատարվել է 2015 թվականին, դեպքի մանրամասներն այսօր էլ Արթուր լավ չի հիշում։ Միայն մտաբերում է՝ սեպտեմբերի 18-ն էր, ինքն էլ աշխատանքից հետո ընկերոջ տանը մի քանի բաժակ բան է խմել, ապա՝ ուղևորվել տուն, սակայն մոտ 100 մետր գնալուց հետո, մեքենան կանգնեցրել է․
«Քաշեցի մի տեղ կանգնեցի, երաժշտություն միացրի ու նստեցի․ 100 մետր շառավիղով բնակելի տուն էլ չկար, որ մտածեի՝ ինչ-որ մեկի հանգիստն եմ խանգարում։ Աչքերս բացեցի, երբ ինձ իմ մեքենայի մեջ ծեծում էին, էնքան անջատված էի, որ գիտակցությանս մեջ ոչ բան չի տպավորվել։ Էդ պահին միայն մահացող՝ Դերենիկ Պապյանի դեմքն եմ տեսնում, իմ հիշողության մեջ դա ա մնացել մենակ»,- Forrights-ին է պատմում դատապարտյալը։
Արթուրը դեպքի մասին տեղեկացել է միայն Ոստիկանությունում, որտեղ իրեն տեղափոխել են դեպքից ժամեր անց։ Ըստ մեղադրանքի, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին, իրեն ծեծի ենթարկելու և հայհոյանք տալու հանգամանքից վիրավորված լինելու պատճառով, Մկրտումյանը որսորդական հրացանով կրակ է արձակել նույն գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի պարանոցի առաջային երեսի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:
Պապյանը, ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինվորական կոմիսարն էր։
Մկրտումյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել հենց առաջին պահից, պարբերաբար նշել է, որ դեպքի հետ որևէ առնչություն չունի, այլապես չէր գնա ու դիակից 20 մետր այն կողմ պառկի ու քնի․
«Վկաներից երկուս ասում են, իբր ես սպանելուց հետո ոտքով երկու անգամ գնացել եմ գյուղի վերջը, հարևաններից երկուսին սպառնացել ու հետ եկել։ Լավ, էդքան չե՞մ հասկանում, որ եթե ոչ ոք չի տեսել ինձ, ինչ իմաստ ունի գնալ, սպառալ, հետո էլ հետ գալ ու դիակից մի քանի մետր էն կողմ քնել, որ ինձ շուտ գտնեն»,- ասում է դատապարտյալը։
Փորձաքննությունն անգամ ցույց չի տվել, որ Պապյանը մահացել է Մկրտումյանին պատկանող զենքից արձակված կրակոցից։ Արթուրն այստեղ ևս զարմանալու առիթ ունի։ Իր զենքը դեպքի օրը գտնվել է տանը, սակայն, ըստ ոստիկանների, այն հայտնաբերվել է Արթուրի մեքենայի միջից։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ զենքի վրայից բացակայել է Մկրտումյանի մատնահետքերը․
«Դեպքից մի քանի օր հետո իմանում եմ, որ ջարդված ա լինում տանս էն սենյակի պատուհանը, որտեղ գտնվում էր զենքը։ Քննիչներին եմ հայտնում, ասում՝ գնացեք, ուսումնասիրեք, արյան հետքեր էլ կան, փորձաքննության ենթարկեք, ասում են՝ դա գործի հետ առնչություն չունի։ Լավ, էդ մեկը չունի, էն մյուսը՝ չունի, բա ո՞ր մեկն ունի, ձեր սարքա՞ծը»,- վրդովվում է նա։
Ըստ Արթուրի, վկաները հակասական ցուցմունքներ են տվել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ, սակայն քննչական մարմինները կրկին անտեսել են այդ հանգամանքը։
«Առերեսման ժամանակ վկաներից մեկին ասում եմ՝ ինձ տեսե՞լ ես, թե բա՝ չէ, դեմքս տեսե՞լ ես, ասում ա՝ չէ, ասում եմ՝ բա ինչի՞ց ճանաչեցիր, ասում ա՝ դե եսիմ, ոնց որ թե ձայնիցդ։ Ըհըն, էլ ի՞նչ ասեմ»։
Մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Արթուր Մկրտումյանը դատապարտվում է 11 տարի ազատազրկման, որը վիճարկում է Վերաքննիչ դատարանում։ Այստեղ նրա պատիժը խստացվում է․կցվում նոր հոդված և վերջնական պատիժ նշանակում 14 տարի ազատազրկում․
«Վերաքննիչում հոդված առաջ բերեցին, թե բա՝ որ էս հոդվածը չառաջադրենք, կգնա կկորի։ Դե լավ ա էլի, որ Արթուրն էլ եկավ, թե չէ՝ կորելու էր գնար հոդվածը»։
Արթուրը զրկվել է իր դեմ կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից
Մինչև վերջ գնալու ցանկությունը, սակայն, ինչ-որ մի տեղ խաթարվում է․ Վճռաբեկ դատարան դիմելն Արթուրի մոտ չի ստացվում, սակայն՝ ոչ իր մեղավորությամբ։
Այսօր նա Մկրտումյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պատճառն այն է, որ Արթուրը զրկվել է իր դեմ կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից, քանի որ գործով ներգրավված հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը բաց է թողել բողոքարկման ժամկետը:
Դատապարտյալի խոսքով, ֆինանսական խնդիրների պատճառով մասնավոր փաստաբան վարձելու հնարավորություն չի ունեցել, ուստի դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ։ Բողոք պատրաստելու համար, անգամ ցանկացել է փոխհատուցել փաստաբանի այցերի ճանապարհածախսը, որ «ավելի շուտ-շուտ գա հիմնարկ», սակայն Մարգարյանը հրաժարվել է, պատճառաբանելով՝ մեզ չի թույլատրվում գումար վերցնել, բայց մենք կանենք ամեն հնարավորը․
«Ամեն հնարավորը ո՞րն էր։ 17 օր ենք ունեցել բողոքարկման համար, անընդհատ իրեն ասում էի՝ Մարգարյա՛ն, նայի չուշացնենք, սենց որ նայում եմ, հույսեր չկան, ուղղորդված գործ ա, պետք ա քայլեր ձեռնարկենք, ինքն էլ հանգստացնում էր ինձ։ Եկավ հասավ օրը, պարզվեց 40 ժամ ուշացրել ենք, ասենք դա երկու օր էլ չէր անում»,- նեղսրտում է դատապարտյալը։
Փաստաբան Գարեգին Մարգարյանը Վճռաբեկ դատարան չէր ներկայացրել նաև՝ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը․
«Ստացվում է, որ պետության մեղքով ես անհիմն զրկվել եմ իմ դեմ կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից։ Էդ փաստաբանի մատուցած ծառայության որակի համար պատասխանատվությունն ընկնում ա պետության վրա, իրա անփութության կամ թերացման արդյունքում ես զրկվել եմ իր պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու հնարավորությունից»։
Forrights-ի հետ զրույցում հանրային պաշտպանը պարզաբանեց, որ ուշ է ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչով պայմանավորված էլ Վճռաբեկ ուշ է դիմել․
«Ինչ է թե բողոքիս մեջ չեմ նշել «միջնորդություն» բառը, Վճռաբեկը որոշել է վարույթ չընդունել։ Սա այդ դատարանի այն նույնօրինակ պատասխանն է, որը ստանում են շատուշատ փաստաբաններ։ Իրենց ուղղակի մի բան է պետք, որ մերժեն բողոքի քննությունը»,- ասաց փաստաբան Մարգարյանը։
Դիմելով ՄԻԵԴ՝ դատապարտյալ Մկրտումյանը շեշտում է,, որ չի ապահովվել գործի արդարացի քննության իրավունքը, որը կապված է նաև դատական ատյանի մատչելիության իրավունքի հետ։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: