ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 5 դեպքերը հանցագործությունների հետևանք են և դրանց կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել, և 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Այս նույն թվերը օրերս հանրային հեռուստատեսության եթերում կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն վիճակագրությունն այս հավատ չի ներշնչում։ Կարող է պարզվել, որ մահերը, որոնք համարվում են առողջական խնդիրների հետևանք, իրականում բոլորովին այլ պատճառներ ունեն։
Հունվարի մեկին Մարտակերտի հոսպիտալում մահացավ 2000 թվականին ծնված զինծառայող, եֆրեյտոր Արտյոմ Ղազայանը։ Նա ծառայում էր Մարտակերտի հոսպիտալում։ Հունվարի 1-ին Արցախի ՊՆ-ն հայտարարեց, որ Արտյոմի մահը վրա է հասել նույն օրը ժամը 11:30-ի սահմանում «հիվանդության հետևանքով»։
Սակայն հարազատներն ունեն հիմքեր չհավատալու, որ տղայի մահվան պատճառը հիվանդությունն է եղել։ Նրա մայրը՝ Եսենիա Ղազարյանը վստահեցնում է՝ որդին մեկ տարուց ավելի ծառայել է և ոչ մի բողոք երբևիցե չի ունեցել։
«Դեկտեմբերի 22-ին եկավ օտպուսկ։ 27-ին տարանք, ճանապարհեցինք։ Ոչ մի բողոք չի ունեցել, գոնե ասեր՝ էս ինչ տեղս ցավում է։ 31 -ի գիշերը տասներկուսը հենց խփել է, երեխես զանգել ա, մեր հետ խոսել, քույրերի հետ, ամեն ինչ լավ։ Նա ոչ մի բողոք չուներ, ուղղակի հարթաթաթություն ու ողնաշարի ծռություն ուներ»։
Նա պատմում է, որ առնելով որդու մահվան լուրը, ուշագնաց է եղել։ «Ոտքերս թուլացան, էլ ոչինչ չեմ հիշում»։ Նրան տարել են հոգեբուժարան, սակայն թե ինչ է իր հետ կատարվել այնտեղ՝ չի հիշում։ Երեք օր կինն անցկացրել է հոգեբուժարանում, ծանր վիճակում։
«Աչքերս բացեցի ուժեղ ցավ էի զգում, ուզեցի շարժվել, տեսա ձեռքերս ու ոտքերս կապած են։ Զգում էի, որ ցավում է, խնդրեցի, որ կապերը արձակեն։ Հարցնում էի՝ ինչու եք ինձ այստեղ բերել։ Ասեցին՝ լավ չես եղել, բերել են։ Մենակ գիտեմ, որ երկրորդ օրը ինձ քնաբեր տվեցին, որ քնեմ։ Երեք օր եմ մնացել, չորրորդ օրը եկավ աղջիկս ու ինձ տարավ»,- վերհիշում է այդ սարսափելի օրերի դեպքերը Եսենիան Forrights.am-ի հետ զրույցում։
Նա, փաստորեն բացակայել է՝ չի մասնակցել որդու հուղարկավորությանը, հրաժեշտ չի տվել նրան և սա է, որ ցավ ու տառապանք է պատճառում մորը։
Արմավիրի Ալաշկերտ գյուղի բնակիչ Արտյոմ Ղազարյանը զորակոչվել է 2018 թվականի հուլիսին։ Նա պիտանի է ճանաչվել սահմանափակումներով ծառայության համար, քանի որ ունեցել է հարթաթաթություն և ողնաշարի խնդիր։
Զինվորական քննչական վարչության երրրորդ կայազորային բաժնի քննիչները պարզել են, որ եֆրեյտոր Արտյոմ Ղազարյանը, գտնվելով հսկիչ անցագրային կետի վերակարգում նշված շինության ներսում ուշաթափվել է և վայր է ընկել, այնուհետև ընդունվել է նույն զորամասի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մոտ մեկ ժամ անց արձանագրվել է սրտի կանգ և մահ։
Քրեական գործ է հարուցվել միաժամանակ երեք հոդվածներով՝ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և 376-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Անցել է մոտ երկու ամիս, բայց մինչ օրս դատաբժշկական եզրակացություն չկա։
«Սպասում ենք էդ փաստաթղթին, որ իմանանք, ինչ է կատարվել մեր երեխու հետ։ Արդեն երկրորդ ամիսն է, չեն տալիս», — ասում է որդեկորույս մայրը։
Արտյոմ Ղազարյանի հայրը՝ Արթուր Մխիթարյանը, նկատել է, որ որդու մեջքին ահռելի կապտուկներ կան, որոնք նրան կասկածելի են թվացել։ «Ջանն էր կապտած, մեջքի մեծ մասը, հասնում էր ոտքերին», — ասում է նա։
Երբ հարցրել է, թե ինչո՞ւ է այդպես, դատաբժիշկը պատասխանել է, թե մի քանի ժամ ճանապարհ են բերել, հնարավոր է, դա է եղել պատճառը։ Արթուր Մխիթարյաինին այս բացատրությունը արժանահավատ չի թվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Անի Գևորգյանի
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: