Դատախազության և ամբաստանյալի միջև գործա՞րք է տեղի ունեցել. ինչպես են «կարվում» զինվորական գործերը

0
456

Գյումրեցի զինծառայող, շարքային Կարեն Կարապետյանի սպանության գործը նոյեմբերից դատարայում է, սակայն դատավարությունը ոչ մի կերպ չի սկսվում: Մեկ դատարանը ծանուցումը չի կարողանում ապահովել, մեկ տուժողի իրավահաջորդին հարմար չի Գյումրիից հասնել Ստեփանակերտի դատարան, որտեղ լսվում է գործը: Նա խնդրել է Հայաստան տեղափոխել քննությունը: Իսկ դատարանը նույնիսկ «սպառնացել» է տուժողի իրավահաջորդին՝ սպանված Կարեն Կարապետյանի մորը, որ եթե նա նորից չներկայանա դատարան, ապա բերման կենթարկվի:

Կարեն Կարապետյանը սպանվել է 2019 թվականի մարտի 12-ին՝ վաղ առավոտյան, Մատաղիսի զորամասում: Ամբաստանյալի աթոռին է Կարապետյանի ծառայակից, Գորիսի բնակիչ Արտյոմ Գրիգորյանը: Նա զորամասում «ջոկի» վարորդն է եղել, խեղճ ընտանիքից է: Ըստ գործի նյութերի, զորամասում ավլում էր տարածքը: Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար: Դատախազությունը, ի դեմս մեղադրանքը պաշտպանող Բորիս Բախշիյանի /այս դատախազի անունը հաճախ է հայտնվում սկանդալային, թերի քննված գործերում — Ս.Ս./, ապացուցված է համարել, Արտյոմ Գրիգորյանը կատակ է արել՝ ինքնաձիգի փողը  պահել է Կարենի վրա և կրակել է: Ամբաստանյալը ամբողջությամբ ընդունել է մեղքը, և ամենայն հավանականությամբ, գործն ուզում են քննել արագացված կարգով: 

Գործի նյութերում փաստաթուղթ կա, որը վկայում  է, որ զինդատախազությունը գործը կոծկելու միտում է ունեցել: Արտյոմ Գրիգորյանը օգոստոսի վերջին դիմել է քննիչին, հայտնելով, որ հրաժարվում է իր դեմ ցուցմունքներ տված վկաներին հակընդդեմ հարցեր տալու իրավունքից, առերեսումներից:

Այնուամենայնիվ պետք է նկատել, որ նախաքննությունն այնքան էլ հարթ չի ընթացել և Գրիգորյանով լավ զբաղվել են: Նրա արարքը երեք անգամ տարբեր որակումներ է ստացել: Այս հանգամանքի վրա մեր ուշադրությունը հրավիրում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Խանում Մկրտչյանը: Ի սկզբանե, Արտյոմին մեղադրել են «Սպանության» հոդվածի առաջին մասով, հետո խստացրել են մեղադրանքը, երկրորդ մաս կիրառելով՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանություն: Այն ենթադրում է ազատազրկում 12-ից 20 տարի, կամ ցմահ: Մի քանի ամսից սակայն այս խստագույն պատիժ ենթադրող մեղադրանքը կրկին փոխվում է, և Արտյոմի նկատմամբ  այս անգամ կիրառում են մեղմագույն հոդված՝ Քր. օր-ի 373, 3-րդ մաս, զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Այս դեպքում սահմանված է ազատազրկում 3-ից 8 տարի: Հասկանալի է, որ Գրիգորյանի դիրքերը նրա արցախյան փաստաբանի պաշտպանության շնորհիվ չեն բարելավվել:

Խանում Մկրտչյանը, ուսումնասիրելով նախաքննության նյութերը, եկել է համոզման, որ դատախազության և ամբաստանյալի միջև տեղի է ունեցել գործարք, և իրական մեղավորը Արտյոմ Գրիգորյանը չի:

Նրան ձերբակալելուց առաջ նույնիսկ բացատրություն չեն վերցրել: Խանում Մկրտչյանը նշում է. «Քրեական գործում չի երևում, թե ինչպես են իրենք պարզել, որ կասկածյալը հենց Արտյոմ Գրիգորյանն է: Միայն դեպքի վայրի զննություն է կատարվել, և միանգամից Արտյոմ Գրիգորյանը դարձել է կասկածյալ: Դեպքի վայրում գտնվող զինվորներից վերցվել են խծուծներ, և Արտյոմ Գրիգորյանի ձեռքերի վրա կրակոցի արգացիք չի հայտնաբերվել: Նշանակում է, կրակողն այս մարդը չի»:

Խանում Մկրտչյանն ուշագրավ է համարում  այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում դատախազը ցուցում է տվել գործը քննող քննիչին վերաորակել արարքը: Քննիչը ցուցումը բողոքարկել է վերադաս դատախազին: Վերջինս քննիչի բողոքը թողել է առանց քննության, ու դատախազի ցուցումը թողել է օրինական ուժի մեջ, որի հիմքով էլ նախաքննության ավարտի փուլին վերաորակվել է, դառնալով զենքի հետ վարվելու կանոնների խախտում: «Այս ամենը նշանակում է, որ  նախաքննության մարմնի մոտ համոզմունք է եղել, որ կատարվել է դիտավորյալ սպանություն»:

Ավելի վաղ «Լրագրողեր հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն էր մի շարք տարօրինակ հանգամանքներ նկատել, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը: Օրինակ, քննիչը գրել էր, որ Արտյոմ Գրիգորյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել Կարենի ուղղությամբ, սակայն հետագայում կրակոցները, որոնք կարող են վկայել կանխամտածված սպանության մասին, դարձել են «կրակոց»: Կարեն Կարապետյանի և մյուս զինվորների մարմնին, ըստ դատաբժշկական եզրակացության, եղել են բազմաթիվ վնասվածքներ, բութ առարկայով հասցվածների հետքեր, այդ թվում մահից րոպեներ առաջ հասցված, և ամենակարևորը՝ Կարեն Կարապետյանի զենքից ևս կրակոց է եղել արձակված:

Մարմնական վնասվածքներ են եղել նաև 8 զինվորներից վեցի վրա: «Այդ վնասվածքների վերաբերյալ վկաներին հարցեր տրվել են, սակայն չեն խորացվել», — ասում է Խանում Մկրտչյանը: Արտյոմ Գրիգորյանի մարմնին, ի դեպ, ոչ մի վնասվածք չի եղել, հետևապես, նա չի մասնակցել զորամասում ակնհայտորեն տեղի ունեցած ծեծկռտուքին ու չի բացառվում, որ առհասարակ չի եղել դեպքի վարում: Հետաքրքրաշարժ դետալ՝ անմիջապես սպանությունից առաջ փոխվել է դիտակետում տեղադրված տեսախցիկը:

Forrights.am-ի փորձագետներն այցելել են Արտյոմ Գրիգորյանին, զրուցել են նրա հետ: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի վրա երիտասարդը ճնշող տպավորություն է թողել․

«Նա տանն էր, շատ անտրամադիր, ճնշված վիճակում: Բնակարանային անտանելի պայմաններում են ապրում։ Միակողմանի ծնողազուրկ է», — նկարագրում է իրավապաշտպանը:  Խոսել սպանության շուրջ Գրիգորյանը չի ցանկացել, հարցերի չի պատասխանել, լացել է:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here