Տավուշի մարզի Չինչին գյուղից այս տարվա փետրվարի 1-ի զորակոչին զորակոչված Վազգեն Գյոզալյանը չի ներկայացել զորակոչին: Ծնողները զինկոմիսարիատից թուղթը չեն վերցրել, հետևը գրել են՝ «զինակոչիկն ունի բուժման կարիք ու վերջ»:
Զինակոչիկի ծնողները տեղեկացել են, որ Վազգենի թղթերն արդեն զինկոմիսարիատից ուղարկել են քննչական մարմիններին՝ որպես զորակոչից խուսափողի: Այժմ նրան կարող է սպառնալ քրեական պատասխանատվություն:
Վազգենը մարտի 5-ին կդառնա 20 տարեկան: Նա արդեն 2 անգամ ազատվել է բանակից տարկետումով՝ սրտի խնդիրների պատճառով, սակայն այս անգամ հանրապետական զինկոմիտարիատի բժիշկը՝ սրտաբան Հարություն Ղռմաջյանը գտել է, որ նա պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով:
«Իջևանի տարածքային զինկոմիսարիտի բժիշկը թղթերը նայել, ասել է, որ Վազգենը պիտանի չէ ծառայության համար, ՊՆ հասարակական խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանի մոտ էլ ասել են, որ ոչ պիտանի է ծառայության: Հանրապետական հիվանդանոց 4 անգամ ուղարկել են ուղեգրով, ակտերը կան, որ պիտանի չէ, բայց գենկամիսիայի բժիշկը թե ինչ ուզեց անի, ես չհասկացա, գրեց՝ պիտանի է ծառայության՝ սահմանափակումով»,- Forrights.am-ին պատմեց զինակոչիկի մայրը՝ Էլմիրա Ալավերդյանը՝ հավելելով. «Հանձնաժողովում իր փաստաթղթերը նորմալ չնայեցին ու ասեցին՝ բարի ծառայություն՝ սահմանափակումով»:
Զորակոչային հանձնաժողովի որոշումը եղել է հունվարի 18-ին, որը ծնողները բողոքարկել են, 2-րդ անգամ հանձնաժողովը Վազգենի գործը քննել է հունվարի 24-ին. «Էլի նույն բժիշկն ասեց՝ ես ասել եմ, պիտի ծառայի, պիտի ծառայի: Ես գիտեմ, որ իմ երեխեն հիվանդ ա, սրտի կանգեր ունի, արյան հետհոսք ունի: Ինքը շուտ շուտ վատանում ա, գիտակությունն ա կորչում»,-պատմեց մայրը՝ պնդելով, որ բժշկական հիմնավորումները իրենց ձեռքում են, որոնցով Վազգենը ունի սրտի լուրջ պրոբլեմ:
Վազգենի հայրը՝ Գյոզալյանը գերադասում է, որ տղայի դեմ քրգործ հարուցվի ու քննչականը քննի տղայի գործը՝ հիվանդության հետ կապված, քանի որ վստահ է, որ տղայի առողջական վիճակը անհամատեղելի է ծառայության հետ: «Տղայիս հաշմանդամության երկրորդ կարգ է հասնում, բայց ինքը հրաժարվել ա, ամաչել ա, որ կիմանան ու կասեն, թե ինքը հաշմանդամ է, թոշակ է ստանում»,-ասաց նա՝ դժգոհելով. «Գենկամիսիայի բժիշկը գրել է՝ անցողիկ: Եթե անցողիկ է՝ բուժի, նոր տար բանակ: Մարզային զինկոմիսարիատի բժիշկը գրել էր, որ տղաս պիտանի չի ծառայության կառավարության 404 որոշում 26 հոդվածի «գ» կետով: Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում ունի, վերփորքոային միգրացիա, արտահայտված առիթմիա: Շատ քայլելելուց կարող է պպզի սրտի ծակոցից, լինում ա շրթունքներն են կապտում, գունատվում ա, գիտակցության կորուստ էլ է ունենում»:
Աշոտ Գյոզալյանի խոսքով՝ տղան, ըստ բժիշկների, սրտի զարկերը կարգավորող սարքի տեղադրման կարիք ունի մաշկի տակ, սակայն դա 3.5 մլն դրամ արժի, որն ինքը չունի, իսկ պետությունն այդ վիրահատության համար չի հոգում: «Մենակ թղթում գրել են՝ զինոկաչիկն ունի բուժման կարիք ու վերջ: Ի ծնե է հիվանդությունը: Սրտի զարկերը մեկ իջնում են 34, մեկ բարձրանում՝ 170: Եթե ֆինանս ունենայի, վաղուց կդնեի: Եթե պետությունը հենց էսօր տղայիս բուժի, ես վաղը իմ ձեռքով կտանեմ նրան ծառայության: Մեր երեխուն թող բուժեն, վերցնեն, տանեն»,-պնդեց հայրը:
Վազգեն Գյոզալյանը նաև դպրոցը մինչև վերջ չի ավարտել. «8-րդ դասարանից հանել ենք, քանի որ իրան լավ չէր զգում: Որ ասեմ՝ լավ էր սովորում, լավ չէր էլ սովորում»,-պատմեց հայրը:
Իրավիճակի հետ կապված ընտանիքում ամենաանհանգիստը Վազգենի մայրն է. «Ախր, էս երեխեն էս վիճակում, չգիտենք, ինչ անենք, ահավոր վիճակում ենք: Էս ինչ են անում էս ժողովրդին, չգիտեմ: Ինքը ուշաթափվում ա, գիակցությունը կորցնում ա: Ես հարց տվեցի գենկամիսիայի բժիշկին, ասեցի բժիշկ ջան, իմ երեխեն հիվանդ ա, Ղռմաջյանն ասում ա՝ ինչ անեմ, կառավարության որոշում ա, գնացեք բողոքեք, ինչ ուզում եք, արեք, գնացեք կառավարություն»,-պատմեց տիկին Էլմիրան:
Նրա խոսքով՝ հանրապետական զինկոմիսարիատում կենտրոնական բժշկական հանձնաժողովի սրտաբան Հարություն Ղռմաջյանը շատ կոպիտ է իրենց ընդունել. «Էնքան էլ կոպիտ, շատ կոպիտ, ոնց որ իրանց տուն մտած լինես, էնտեղ ասեցին, որ թիկունք ունի, մի ահավոր վիճակ էր»:
Հիվանդ որդու ճակատագրով տեղը չգտնող մայրը որոշել է հետևել բժշկի հորդորին ու բողոքի գնալ կառավարության դիմաց. «Որոշել եմ՝ մարդիկ հավաքեմ, գնամ կառավարության շենքի առաջ վարչապետին ասեմ՝ էս ի՞նչ եք անում»:
ՊՆ պարզաբանումը դեպքի առթիվ կհրապարակենք ստանալուն պես:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: