Սեպտեմբերի 28-ին ՊԲ Մատաղիսի զորամասում սպանված զինծառայող Արման Լևոնյանի հարազատները տեղեկությունենր չունեն նախաքննության ընթացքից: Կատարվել է սպանություն, գործը հարուցված է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով /104 հ. 1-ին մ/, սակայն կասկածյալ և մեղադրայլ չկա: Կալանավորված է դիրքի ավագը, որին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 358-րդ.1 հոդվածով՝ «Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, կամ դրանք կատարելու սպառնալիքը» /մաս 3/:
Այս «բռնի գործողությունների» հետքերը, ինչպես արդեն հայտնել ենք, հայտնաբերվել են տղայի մարմնի տարբեր մասերում: Կոտրված են եղել նրա մատներն ու կողերը, գլխին է վերք ունեցել: Նշել էինք նաև, որ գործով զբաղվող ՔԿ երրորդ կայազորային քննչական վարչությունը, զինծառայողի հարազատներին չի տրամադրել գործով կայացրած որոշումները և միակ փաստաթուղթը, որ տուժող կողմն ունի՝ դատաբժշկական եզրակացությունն է:
Արցախի փաստաբան, տուժողի ներկայացուցիչ Աշոտ Ապրեսյանը վստահեցնում է, որ քննիչները որևէ թերություն այս հարցում չունեն: Forrights.am-ին նա պատասխանեց. «Քննիչը իրավունք ունի տալ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներն ու փորձաքննական եզրակացությունները, որոնք բոլորը տրամադրել են և գտնվում են ինձ մոտ»:
Փաստաբանին մի քանի հարց տվեցինք, համարելով, որ նա բավականին տեղեկացված է, քանի որ գտնվում է Արցախում, այնտեղ, որտեղ աշխատում են վարույթն իրականացնող քննիչները:
Ինչո՞վ են քննիչները բացատրում տղայի մարմնի այդ հետքերը:
Գործադրված բռնությամբ: Այս պահի դրությամբ մենք ունենք մեկ անձ կալանքի տակ, որի վերաբերյալ կա ցուցմունք, որ նա բռնություն է գործադրել: Ունենք նաև մեկ անձ, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը, որը վիրավորանք է հասցրել: Բայց բռնությունների ընդհանուր ծավալի վերաբերյալ, այն չափով, որ դրանք հայտնաբերվել են, բոլոր ապացույցներով, դեռևս այս պահի դրությամբ վկաները դրանց մասին ցուցմունք չեն տալիս:
Անցել է բավականին երկար ժամանակ, բայց սպանության պատճառի, մարդասպանի մասին ոչինչ հայտնի չէ: Ես ճի՞շտ եմ հասկանում:
Դրանք ենթադրություններ են՝ սպանություն է, ինքնասպանություն է, դժբախտ դեպք է: Այս պահի դրությամբ ունենք քրեական գործ հարուցված մահվան փաստով: Այս պահի դրությամբ դիտարկվում են, ուսումնասիրվում են բոլոր վարկածները: Համենայն դեպս, այս պահի դրությամբ սպանության համար որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Կան որոշակի հանգամանքներ, որոնք մեզ, որպես տուժող կողմ հիմք է տալիս ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ կան որոշակի կասկածներ մի քանի վարկածների վերաբերյալ: Ըստ դատաբժշկական եզրակացության, կրակոցը տեղի է ունեցել վերևից ներքև, ինչը մտածելու տեղիք է տալիս:
Բայց դա նշանակում է, որ ինքնասպանությունը բացառվում է, այնպես չէ՞:
Չէ, այդպես միանշանակ մի ասեք:
Այսինքն, անձամբ դուք ունեք կասկած, որ հնարավոր է նաև ինքնասպանությու՞ն լինի:
Չէ, բերեք, մի ասեք, թե ես ինչ կասկածներ ունեմ: Քանի որ ես տուժողի ներկայացուցիչ եմ, ես հակված եմ օբյեկտիվ քննության բոլոր վարկածների ուղղությամբ:
Բայց տուժողի իրավահաջորդը, տղայի հարազատները բացառում են, որ ինքնասպանություն լինի:
Բերեք, ես էլ բացառեմ, որպեսզի չհակասեմ իմ վստահորդներին, բայց նրանց ասածները դուք դոգմա մի ընդունեք: Նույնիսկ իմ ասածն էլ դոգմա մի ընդունեք: Նշանակված են մատնահետքաբանական, քսաճարպային փորձաքննություններ: Փաստորեն, ձգանի վրա հետք են մնում, որոնք պետք է հետազոտվեն: Այդ փորձաքննության եզրակացությունը կլինի, ըստ քննիչի տված տեղեկատվության, ամսի վերջին: Այս փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, քանի որ դատաբժշկական եզրակացությունը տվել է, որ դիակի վրա կրակոցի լրացուցիչ գործոններ չկան, եւ բնականաբար անձը չի կարող ինքն իրեն վնասվածք պատճառել մեծ տարածությունից, սպասում ենք շորերի եւ զենքի դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության, որով կպարզվի, թե հագուստի վրա լրացուցիչ գործոններ կան, թե չկան, որից հետո միայն կարողանան եզրակացություն անել հեռավորության վերաբերյալ /թե ինչ հեռավորությունից է արձակվել կրակոցը/:
Իսկ դիրքի ավագը և մյուս մեղադրյալը ինչ են ասում, ինչու են բռնություններ կիրառել, վիրավորել տղային:
Այն անձը, որը կալանավորված է, ասում է, որ մատով էդ երեխուն չի կպել: Մենք ունենք մի վկա, որը մահացած զինվորի հետ միասին հերթապահություն է իրականացրել: Նա միակ վկան է, որ ասում է, որ դիրքի ավագը իր և մահացած տղայի նկատմամբ բռնություն է կիրառել դիրքում քնելու համար, բայց ոչ այն աստիճանի, որի որ դատաբժիշկը հայտնաբերել է վնասվածքներ:
Այսինքն, հնարավոր է, որ ավելի շատ մարդիկ են բռնություն կիրառել:
Ես այդպիսի բան ասեց՞ի: Հերթապահության կանգնած զինվորը, որն այսօրվա դրությամբ միակ վկան է, ցուցմունք է տվել, որ դիրքում քնելու համար դիրքի ավագը բռնություն է կիրառել և իր, եւ մահացած զինվորի նկատմամբ: Նրա ասածով, երկու անգամ ապտակել է, բայց դա այն բռնությունը չի, որի հետքերը դատաբժիշկը հայտնաբերել է դիակի վրա: Թե այդ վնասվածքները ինչ հանգամանքներում են առաջացել, թե այնտեղ տասը հոգի էլ են ծեծել, թե մի հոգի է ծեծել, այդ երեխան ընկել է, թե ինժեներական աշխատանքների պատճառով ա ստացել, թե վայր ընկնելու պատճառով, թե հետագայում, դիրքից հանելու ընթացքում են էդ վնասվածքները առաջացել՝ դրանք դեռևս խորությամբ պարզաբանման ենթակա խնդիրներ են:
Ըստ դատաբժշկական եզրակացության, մատներն են ջարդած, կողերն են վնասված, գլխի շրջանում կա վերք: Բայց էս բոլոր վնասվածքները կարո՞ղ են ընկնելուց լինել:
Ես փորձագետ չեմ, ես իրավաբան եմ, և այդ բոլոր հարերը, թե ինչից կարող են վնասվածքներն առաջանալ, տալիս են նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետի: Ինձ ևս շատ է մտահոգում, որ այս գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտվի:
Զինծառայողի հայրը՝ Արմեն Լևոնյանը հարցրել է քննիչին, թե ինչպես են բացատրվում իր որդու մահից առաջ ստացած վնասվածքները, և քննիչի պատասխանը նման է եղել Լևոնյանի փաստաբանի պատասխանին: Նա ասել է, «Կարող է, տղադ ընկել է, մատները ջարդվել են»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: