2018 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Արցախի N զորամասերից մեկում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստանում կրտսեր սերժանտ Հայկ Սարգսյանը։ Գնդակը փշրել է զինծառայողի աջ ձեռքի արմունկը։ Վիճակը գնահատվել է բավարար։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դեպքի ժամանակ Հայկն իր իսկ նախաձեռնությամբ, դիտանցքը կահավորելու համար, խրամատում աշխատանքներ իրականացնելիս է եղել։ Սակայն, այս անգամ ևս պաշտոնական հաղորդագրությունը ստվերում է իրականությունը ․․․
21-ամյա Հայկ Սարգսյանը բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսի 2-ին։ Կարգապահ և օրինակելի ծառայության համար արժանացել մի շարք շնորհակալագրերի և կրտսեր սերժանտի կոչման։ Ծառայությունն անցել է Արցախի N զորամասերից մեկում, իրականացրել՝ մարտական հերթապահություն։
Դեպքի օրը եղել է դիրքում, հրամանատարներից մեկի (անունը նշել չցանկացավ-խմբ․) կարգադրությամբ ինքը՝ որպես դիրքի ավագ, և մի քանի այլ զինծառայողներ, խրամատի դիտանցքում աշխատանքներ իրականացրելիս են եղել, երբ հակառակորդը սկսել է անկանոն կրակահերթ իրականացնել․
«Մոտ 2-3 կրակոց արձակվեց ու էդ ժամանակ զգացի, որ աջ ձեռքիս ինչ-որ բան կպավ, հետո արյուն նկատեցի, հասկացա, որ վիրավերվել եմ»,- Forrights-ի հետ զրույցում դեպքի մանրամասներն է պատմում Հայկը։
Հենց մարտական դիրքում զինծառայողները փորձում են բուժօգնություն ցուցաբերել, սակայն անհրաժեշտ բժշկական պարագաները մաշվածությունից իրենց նպատակին չեն ծառայել․
««Ժգուտը» հենց ձեռքների մեջ պոկվեց, ստիպված մայկայովս կապեցին ձեռքս՝ մինչև Շտապ օգնությունը կհասներ։ Մի ժամ էլ սպասեցինք էդ օգնությանը»։
Հայկին տեղափոխում են Մարտունիի, ապա՝ ծանր առողջական վիճակով պայմանավորված, գիտակցությունը կորցրած տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ։ Հայկի հորաքույրը, որը մասնագիտությամբ բժիշկ է, ասում է, որ զինծառայողին պաշտաճ բուժօգնություն չի ցուցաբերվել և նրանց՝ Երևանի «Մուրացան»-ի հոսպիտալ տեղափոխելու ջանքերն ապարդյուն են անցել․
«Երեխան անընդհատ թևի ցավերից էր բողոքում, չնայած կատարվել էր վիրահատություն, սակայն իր նպատակին չի ծառայել։ Վիրավորումից երկու ամիս անց էլ՝ բուժումն այդպես կիսատ թողնելով, Հայկին կրկին տեղափոխել են զորամաս։ Ասել էին՝ տղա՛ ջան, կգնաս զորամաս, թևդ կաշխատեցնես ու էդպես կլավանա։ Ես չգիտեի, որ զորամասերը դարձել են վերականգնողական բժշկության կենտրոններ»,- իր վրդովմունքն է արտահայտում Մարինե Սարգսյանը։
Նման առողջական վիճակով Հայկը դիրքերում է մնում մինչև հունվար ամիս՝ մինչև ինքնազգացողության կտրուկ վատացումը։ Զորամասում Հայկին չեն հավատում, մտածում են՝ «սիմուլյանտություն» է անում․
«Հրամանատարներիցս մեկն ասում էր՝ էդ ձև ես տալիս, որ չծառայե՞ս։ Մյուսն էլ ասել էր՝ պետք ա թևիդ չկպներ, այլ՝ գլխիդ, բայց չմեռնեիր, այլ՝ տանջվեիր»,- վերհիշում է Հայկը։
Այնուամենայնիվ Հայկին իջեցնում են դիրքերից և տեղափոխում Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ ֆիզիոթերապևտիկ բուժում է ստանում որոշ չափով։ Հոսպիտալից 3-4 շաբաթ անց դուրս են գրում ու կրկին բարձրացնում դիրքեր՝ մարտական հերթապահության։ Հայկն ասում է, որ իրեն ամրակցված զենքը չէր կարողանում բռնել, միայն որոշ չափով, ձախով էր կարողանում բռնել զենքը
«Նման ծանրաբեռնվածությունը հնարավոր է բերեր ամպուտատիայի՝ այսինքն՝ անդամահատման»,- ասում է Հայկի հորաքույրը։
Նախորդ տարվա մայիս ամսին Հայկին կրկին իջեցնում են դիրքերից ու ներկայացնում հաշմանդամության կարգ ստանալու, սակայն հանձնաժողովը նրան հաշմանդամ չի ճանաչում և կրկին ուղարկում դիրքեր; Այսպես դիրքերում նա մնում է մինչև ծառայության ավարտ և զորացրվում հուլիսի 2-ին։
Դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, սակայն՝ կարճվում նախաքննական մարմինների կողմից։ Վերջիններս պատճառաբանել էին, որ գործով հետագա վարույթի խոչընդոտող անհաղթահարելի ուժ է գործում։
Հայկի հարազատները դիմել են նաև Պաշտպանության նախարարության «Թեժ գիծ», սակայն, հիասթափվել են․
«Զանգահարելուց հետո տղայիս ավելի շատ վնաս տվեցինք, ավելի տրամադրվեցին Հայկի նկատմամբ»,- բացատրում է տիկին Մարինեն։
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը, ով նաև համակարգում է «Թեժ գծի» հեռախոսազանգերը, նշեց, որ զորամասում բացասական վերաբերմունքի համար Սարգսյանները պետք է կրկին ահազանգեին և տեղյակ պահեին։ Ինչ վերաբերում է հաշմանդամության կարգ չտրամադրելուն, դա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասության տակ է, իրենք ոչինչ անել չեն կարող, եթե հանձնաժողովը նման որոշում է կայացրել․
«Եթե նախարարությունը որոշում է, որ հաշմանդամության կարգ սահմանելու անհրաժեշտություն չկա, Պաշտպանության նախարարությւոնն այդտեղ անզոր է, այլ հարց է, երբ կարգը տալիս են։ Այդ ժամանակ արդեն մենք ենք զբաղվում և համապատասխան զինվորական թոշակ տրամադրում»,- ասաց Ավետիսյանը։
Մեր այն հարցին, թե որքանով է ճիշտ և արդյունավետ հակառակորդի կողմից վիրավորում ստանալուց հետո զինծառայողին կրկին մարտական հերթապահության նշանակել, Ավետիսյանը նշեց՝ պարտադիր ժամկետային զինծառայությւոնից ազատելու կամ զորացրելու դեպքերն արդեն իսկ նշված են օրենսգրքում և փոփոխությունների ենթակա չեն։
Զորացրվելուց հետո փորձել է աշխատել, սակայն մի քանի տեղ աշխատելուց հետո, հասկացել է, որ չի կարողանում, թևի ցավն անտանելի է դառնում։ Բացի դրանից, Հայկը շարունակում է գտնվել հոգեբանական ծանր վիճակում։
«Հոգեբանական ծանր վիճակը կա Հայկի մոտ։ Դարձել է նյարդային ու դյուրագրգիռ, ագրեսիվ։ Դեղեր է խմում, նրա հետ հոգեբանական աշխատանքներ ենք տանում։ Բուժումը միայն ժամանակավոր է արդյունք տալիս, լրիվ բուժում չկա։ Ուղղակի դեպքից հետո, նամանավանդ նման առողջական և հոգեկան վիճակով պայմանավորված Հայկին պետք է զորացրեին և հաշմանդամության կարգ սահմանեին, բայց․․․»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: