Մինչ Հայաստանը խանդավառությամբ նշում է բանակի տոնը, զորակոչի հետ կապված բողոքները չեն դադարում Forrights.am-ի խմբագրություն: Այս անգամ մեզ դիմել է զորակոչիկ Հովհաննես Մեհրաբյանի եղբայրը՝ Գևորգ Մեհրաբյանը, որը պնդում է, որ եղբորը բազմաթիվ հիվանդություներով բանակ են տանում, սակայն իրենք հրաժարվել են զինկոմիսարիատից թուղթը վերցնել ու պատրաստվում են մինչև վերջ բողոքել:
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ 19-ամյա Հովհաննես Մեհրաբյանը, ըստ եղբոր, մեկ տարի առաջ տարկետում է ստացել հիվանդությունների պատճառով, սակայն այժմ զորակոչվել է, չնայած այն հանգամանքին, որ նրա հիվանդությունները չեն բուժվել:
Եղբոր խոսքով՝ Հովհաննեսը ձախ աչքի բնածին կատարախտ ունի, այդ աչքը չի տեսնում: Հովհաննեսի մոտ նաև սրտի առիթմիա կա, որի պատճառով էլ անցյալ տարի տարկետում է ստացել: Առիթմիան այսօր էլ բժիշկներն արձանագրել են, սակայն նա պիտանի է ճանաչվել ծառայության համար:
Եղբայրը պնդում է, որ Հովհաննեսը նաև մտավոր հետամնացություն ունի, սակայն «Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում», որտեղ մեկ օր հետազոտվել է զորակոչիկը, եզրակացության մեջ գրել են, որ նա ունի «սոցմանկավարժական բացթողում», մտավոր հետամնացությունը չեն շեշտել:
«Ես հիմա իրենց հարց եմ տալիս՝ ո՞նց կարա մարդը էդքան հիվանդություներով, սրտի արիթմիա, ձախ աչքի բնածին կատարակտայով գնա ծառայության: Եթե բուժվող հիվանդություններ են՝ վիրահատի, տար բանակ, ոչ թե առանց վիրահատելու, առանց բժշկական օգնություն ցույց տալու, վերցնես, մարդուն տանես բանակ»,-մեր հետ զրույցում տարակուսանք հայտնեց զինակոչիկի եղբայրը:
Նրա խոսքով՝ արձանագրված է, որ եղբոր ճնշումը իջնում է 85-70. «Եղբայրս առիթմիայով օրվա կեսի մեծ մասը պառկած ա, ոտքերը, ձեռքերը թուլանում են: Իրանք ասում են՝ պիտանի ա ծառայության: Ես եմ իրա հետ ապրում, ինչի ես չգիտե՞մ, չեմ տեսնում՝ ինչ ա կատարվում իրա հետ: Երեք հատ սահմանափակումով ակտ ունի: Դուք տանում ես իրան ինչի՞ համար: Եթե պիտանի ա, առողջ ա, տղամարդը պիտի ծառայի: Եթե հիվանդ ա, ունի խնդիրներ, տանում են, որ խնդիրները խորանա՞ն: Էդ հանձնաժողովը պիտի հասկանա, որ միայն թղթի վրա գրածով չի կարելի ասել, պիտանի ա ծառայության»:
Ուստի զինվորի եղբայրը կրկնակի փորձաքննություն է պահանջում, ոբողքել է որտեղ հնարավոր էր: «Հանձնաժողովն ասում է, մենք թղթերի վրա ենք հիմնվում, ես էլ ասում եմ, էտ դեպքում նորմալ հիվանդանոց ուղարկեք, որտեղ կարան և նորմալ հետազոտեն, և նորմալ վիրահետեն, բուժեն աչքը: Ոչ թե ուղարկի նենց տեղ, որ քացով դուռը վրեդ փակում են, ոնց որ «Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի» բաժնի պետ Ուստյանն արեց»,-բողոքեց եղբայրը:
Նրա խոսքով՝ երկու օր է մնացել զինակոչին, բայց բողոքներն անպատասխան են. «Մարդիկ ասում են՝ որտեղ ուզում ես, բողոքիր, ինքը պիտանի է ծառայության: Մտնում ես Նուբարաշեն, բաժնի պետ Ուստյանը դուռը քացով խփում ա վրեդ, ասում ա դուրս եկեք, չգիտեմ ինչ: Շատ վատ վերաբերմունք: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ասում ես՝ դու բնածին կատարակտան բուժե՞լ ես, որ գրում ես պիտանի է: Բոլոր հարցերի պատասխանները մնում են օդում, փուչիկ: Ոչ մի բան չեն պատասխանում: Ոչ մի բան չեն անում: Ի վերջո, իրավական երկրում ենք ապրում, պետք է որ մարդիկ իրանց իրավունքները կարողանան պաշտպանել, թե չէ: Պավեստկեն տվել են, բայց ես չեմ վերցրել պավեստկեն»:
Մեզ դիմած Գևորոգ Մեհրաբյանի խոսքով՝ շատ զինակոչիկների հարազատներ ու ծնողներ իր պես բողոքում են. «Թե էս հանձնաժողովի մեջ ա խնդիրը, թե բժշկական հաստատություններ մեջ ա, որ նորմալ չեն կարողանում հետազոտեն, պրոստո պետպատվերի շրջանակում փող են ստանում պետությունից: Ասումեն՝ քեզ բարի ծառայություն: Քննչական մարմին կա, դատախազություն կա, թող զբաղվեն էդ հարցերով: Չի կարելի մարդկանց էդքան տագնապի մեջ պահել»:
Forrights.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և պարզաբանում խնդրել դեպքի առթիվ, որը կնեյրակայացնենք ստանալուն պես:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: