Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց

1078
Աշոտ Մանուկյան

24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանն աննախադեպ որոշում կայացրեց և բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատարանը 10 տարի փորձաշրջան նշանակեց։

Աշոտ Մանուկյանը բացառիկ դատապարտյալ է, որին ներել են սպանված զինվորների ծնողները:

Աշոտ Մանուկյանն անազատության մեջ էր գտնվում 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել էր երեք զինծառայողի սպանության համար, որոնցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձևով, պատժի նմանատիպ կիրառումը, սակայն, 2003 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, մահապատիժը փոխարիվեց ցմահ ազատազրկմամբ։

Անազատության մեջ գտնվող դատապարտյալը ձեռքերը ծալած չի նստել։ Այսօր Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս։ Ազատ արձակվելուց հետո նա ապահովվելու է աշխատանքով։ Պատժի կրման տարիներին ամուսնացել է:

Անկախ Հայաստանի պատմության մեջ Աշոտ Մանուկյանը երկրորդ ցմահականն էր, որը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց ոչ առողջական հիմքով։