Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, դատարանն այսօր մերժեց  է պայմանական վաղաժամկետ ազատման մասին ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը։

Դեռևս 2018-ի օգոստոսի 1-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը ցմահ դատապարտյալի գործով որոշում էր կայացրել՝ ապօրինի ճանաչելով ՔԿՀ Տեղաբաշխման հանձնաժողովի այն որոշումը, որով մերժվել էր փոխել ցմահ .դատապարտյալի պատժի կրման ռեժիմը՝ փակից դարձնելով կիսափակ:

Դատարանը պարտավորեցրել էր վերոնշյալ ծառայությանը վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները, սակայն, ինչպես Արթուրը դատարանում հայտարարեց՝ դա միայն թղթի վրա է, և ոչ մի էական փոփոխություն չկա։

Նոյեմբերի 15-ին, գործով դատախազ Զաքարյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանում իրենց դիրքորոշումը՝ Արթուրի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ, հայտնեն նաև տուժողների իրավահաջորդները:

Այսպիսով, արդեն երկու դատական նիստ դատարանը լսեց տուժողների իրավահաջորդներին: Այսօր դատարան էին ներկայացել Արտաշես Մխիթարյանը և Ժենյա Հարությունյանը, որոնց որդիները սպանվել են 23 տարի առաջ:

Տուժողի իրավահաջորդ, հանգուցյալ զինծառայող Էմիլ Մաթևոսյանի մայրը՝ Ժենյա Հարությունյանը դատարանի ամբիոնի մոտ դեռ չհասած հայտարարեց. «Մինչև ինքը ճիշտը չասի՝ ես դեմ եմ, որ ազատվի»,-ասաց նա, անընդհատ կրկնելով, որ դեմ է միայն այն բանի համար, որ Արթուրը գիտի, բայց ճիշտը չի ասում՝ թաքցնում է.

«Ես գնացել եմ բանտ, խնդրել աղաչել եմ, որ ճիշտն ասի՝ ովքեր են սպանել։ Իմ տղան քնած է եղել, որ սպանել են․․»,-վրդովված հայտարարեց Ժենյա Հարությունյանը:

Forrights-ի հարցին, թե արդյո՞ք վստահ եք, որ Ձեր որդուն Արթուրն է սպանել, տիկիրն ժենյան արցունքները հազիվ զպելով պատասխանեց. «5 մարդ ա մահացել, երեք տարբեր զենքերից են կրակել, վստահ չեմ, բայց կարծում եմ, որ  գոնե մեկին ինքն է սպանել. Թող ճիշտն ասի»,-ասաց նա:

Հաջորդ տուժողի բներկայացուցիչը ևս աչքի ընկավ զգացմունքային ֆոնով և վրդովված հայտարարություններով. «Եթե իմ որդին չկա, թող ինքն էլ չլինի»,-հայտարարեց Արտաշես Մխիթարյանը, նշելով, որ դեմ է Արթուրի պայմանական վաղաժամկետ ազատմանը:

«Ինչի պետք ա ես իմ սգի մեջ ցմահ դատապարտվեմ, բայց ինքը պայմանական վաղաժամկետ դուրս գա»,-ասաց նա, որին  հաջորդեցին վիրավորական արտահայտություններ Արթուրի հասցեին՝ նիստերի դահլիճում մթնոլորտը թեժացավ,  նախագահող դատավորը դուրս հրավիրեց տուժողի իրավահաջորդին:

Արթուր Մկրտչյանն արձագանքեց տուժողների կարծիքներին. «Եթե կասկածներ ունեք ապա ձեզ պետք ա հետաքրքրի գործի վերաբացելը: Ես ասում եմ՝ գործը բացեք, ես բերդում ո?նց բացեմ, օգնե՜ք, դիմենք, որ բացեն»,-դիմելով տուժողի իրավահաջորդներին ասաց Արթուրը՝ շեշտելով՝

«Ես երբեք չեմ ընդունի մեղադրանքը, երբեք չեմ ընդունի այն ինչը չեմ արել»,-ասաց նա, հավելելով,-«Ես հասկանում եմ՝ որդի են կորցրել, բայց ես էլ 23 տարի կյանքս եմ խորտակել չարածիս համար: Ես հասկանում եմ, ես էլ եմ տանջվում ամեն օր բերդում ապրելով»:

Գործով դատախազը հայտնեց իր դիրքորոշումը. «Ես գտնում եմ, որ վաղաժամ է Արթուրի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննել, ուստի սույն բողոքը ենթակա է մերժման»,-հայտարարեց նա՝ նշելով, որ Արթուրը այս 23 տարիների ընթացքում ունեցել է 9 տույժ, չի աշխատել, չի խրախուսվել, ինչպես նաև մեղքը չի ընդունել:

Անդրադառնալով դատախազի վկայակոչած տույժերին, ցմահ դատապարտյալն ասաց , որ 4 տարի է ինչ քննվում է իր պայմանական վաղաժամկետ ազատման դիմումները և այդ 4 տարվա մեջ միշտ բերվում է սույն փաստը, որ ինքն ունի 9 տույժ.

«9 տույւժերը այս 4 տարվա մեջ ոչ ավելացել են ոչ էլ, 50 տարի էլ անցնի էլի կասեն 9 տույժ ունի»,-ասաց Արթուրը: Ինչ վերաբերվում է աշխատանիքն, ապա նշեց, որ երբեք չի խուսափել աշխատանքից, նույնիս եթե դա չվարձատրվող է եղել. «Ես պատրաստ եմ եղել և արել եմ, եթե աշխատանք եղել ա»:

Ազատազրկման 23 տարիներին 9 անգամ կարգապահական տույժի է ենթարկվել Արթուր Մկրտչյանը, վերջինը 2013 թվականին է եղել՝ բջջային հեռախոս պահելու համար։ Ընդ որում՝ բոլոր տույժերը մարվել են: Նկատենք, որ Մկրտչյանը 9 տույժերի գերակշիռ մասն ստացել է ոչ թե պայմանավորված վարքագծով, այլ՝ հեռախոս պահելով: 

Փաստաբան Խանում Մկրտչայնն անդրադարձավ աշխատանքի վերաբերյալ դատախազի հայտարարությանը, հարցնելով. «Գործի նյութերում կա՞ որևէ փաստ, որ Արթուր Մկրտչյանին աշխատանք առաջարկել են և նա մերժել է»,-ինչին մեղադրողը չարձագանքեց:

Փաստաբանը նաև անդրադարձավ տույժերի մարմանը՝ քաղհայցով, նշեց, որ բոլոր տույժերը մարված եսն, ուստի դատախազի սույն մեջբերումը իրավազուրկ է:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց բողոքը մերժելու մասին որոշումը: Նշենք նաև, որ մինչ այս պահը ցմահ դատապարտյալներից որևէ մեկը դեռևս պայմանական վաղաժամկետով չի ազատվել

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտյանին 1996թ-ին մեղադրել էին հինգ ծառայակիցների սպանության մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել։

Նախորդ նիստին դատարան էր ներկայացել տուժողի իրավահաջորդ, զինծառայող Վարդան Մարտոյանի հայրը՝ Ռաֆիկ Մարտոյանը: Նրա որդին սպանվել էր այն ողբերգական օրը՝ 23 տարի առաջ։

Դատարանը տուժողի ներկայացուցչից  ճշտեց, արդյոք Արթուր Մկրտչյանը քաղաքացիական հայցով նախատեսված տույժը վճարել է և պարտք ու պահանջ չունի, ինչին Ռաֆիկ Մարտոյանն արձագանքեց, որ վճարվել է.«Ես ի՞նչ պարտք ու պահանջ պետք ա ունենամ, չունեմ»։

 «Իմ երեխան չկա, էս մարդն էլ անմեղ մարդ ա՝ 23 տարի նստել ա: Ես բողոք չունեմ»,-հայտարարեց նա։ «Ընդունում եք, որ ձեր որդուն սպանողը Արթուրը չէ՞», հարցը հստակեցրեց դատավորը․  «Արթուրը չէ սպանողը» ևս մեկ անգամ հայտարարեց  Մարտոյանը։ Փոքրիկ հարց ու պատասխանից հետո ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանն արձագանքեց. «Ես իրոք չգիտեմ՝ ով է»:

«23 տարի է իմ երեխան չկա, ես իրանից ի՞նչ պահանջեմ, ասենք թե 2 տարի էլ նստեց, ես ի՞նչ օգուտ ունեմ»,-դատարանին դիմելով ասաց սպանված զինվորի հայրը, ապա հայացքն ուղղելով Արթուրին ասաց. «Աստված տա՝ ազատվես»:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest