ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավատեսություն չի ներշնչում: Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանի անցած շաբաթ արված հայտարարությունը, թե այն փաստը, որ Գրիգորյանը դեռ ողջ է, շատ լավ նորություն է, միանգամայն արժանահավատ է:
Ցավոք, հայաստանյան իրավական պրակտիկայում կալանավորներին և դատապարտյալներին հազվադեպ են տուն ուղարկում կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների պատճառով: Դա որպես կանոն տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բժիշկները նրան ապրելու հույս այլևս չեն տալիս:
Գեներալի նկատմամբ կիրառած խափանման միջոց կալանքի փոխարինումը չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ առիթ դարձավ վերհիշելու Սասնա Ծռերին հաց բերող Արթուր Սարգսյանին, որը ազատվելուց հետո ընդամենը 10 օր ապրեց ազատության մեջ, ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին, որը բանտից դուրս գալով 16 երջանիկ օր ապրեց մահճակալին գամված և մահացավ սրտի անբավարարությունից, «Հայնյուզ» կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանին, որը մահացավ 44 օրյա հացադուլի հետևանքով: Այս առիթով արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ մարդը ունի մեռնելու իրավունք:
Ավելի քիչ է հայտնի 2014 թվականին խարդախության, 11 մլն դրամի լվացման և էլի մի շարք հանցանքների համար մեղադրվող Սուրեն Գաբրիելյանի պատմությունը: Նա անցնում էր «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործով: Կիրակոսյանը փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և այլ հանցանքների համար երկարատև դատաքննությունից հետո ի վերջո դատապարտվեց 13 տարվա ազատազրկման:
Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը միջնորդել էր կալանքից ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություններ ուներ, այդ թվում լյարդի ցիրոզ և շաքարային դիաբեթ:
Միջնոդրությունը չէր բավարարվել, և կալանավորը դիմել էր փախուստի ոչ թե պատժից խուսափելու, այլ բուժվելու համար, ինչպես վստահեցնում է փաստաբանը։
2014 թվականի սեպտեմբերին Գաբրիելյանը բուժվում էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղից էլ հաջողացրել էր փախչել: Forrights. am-ին հաջողվեց պարզել, որ Գաբրիելյանը իր ազատման խորամանկ պլան էր մշակել: Նա գիշերը, ժամը 04.00 թան է առաջարկել իր պալատը հսկող ոստիկաններին, որի մեջ լցրել է քնաբեր դեղամիջոցի պատկառելի չափաբաժին: Ոստիկանները արթնացել են միայն լուսադեմին, երբ Սուրեն
Գաբրիելյանն արդեն հասցրել էր ծլկել ոչ միայն հիվանդանոցից, այլև հանրապետությունից:
Նրան հաջողվել էր հասնել հայ-վրացական սահման, շրջանցիկ ճանապարհով, անտառով հատել սահմանը: Վրաստանից նա մեկնել էր Թուրքիա, այնուհետև Ռուսաստան, Գերմանիա: Սա այն դեպքն է, երբ մահացու հիվանդ կալանավորը, չհավատալով մեր իրավապահների գթասրտությանը, օգնել է ինքն իրեն:
Կալանավորի փախուստի մասին ոստիկանությունը հայտնեց տաս օր ուշացումով, երբ տեղեկություն ստացավ, որ Գաբրիելյանին հաջողվել է հեռանալ Հայաստանից և նրան հայտնաբերելու որևէ հույս այլևս չկա:
«Արտաքին նշաններն
են. հասակը՝ 165 – 170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,
— հաղորդեցին իրավապահները, խնդրելով նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու
վայրի վերաբերյալ, դիմել ոստիկանության մոտական բաժին: Իհարկե, դա այլևս անհնար էր,
քանի որ Սուրեն Գաբրիելյանը Հայաստանում չէր:
2016 թվականին, գտնվելով Գերմանիայում նա նույնիսկ հարցազրույց տվեց 1in.am լրատվականին, որտեղ ասում էր, որ բուժվելու է, այնուհետև վերադառնալու է Հայաստան, իր անմեղությունն ապացուցելու:
«Ես փախուստի չեմ դիմել։ Ես օրենքը կիրառել եմ մինչև վերջ, օրենքով մարդուն, որը իմ հիվանդություններն ունի, իրենք իրավունք չունեին պահել, իսկ իրենք ինձ պահում էին։ Ու հիմա ստացվում ա, որ ես փախել եմ, իսկ իրենք՝ իրավապահ մարմինները, էդպես անմեղ են էլի։ Հլը ես վերադառնալու եմ Հայաստան ու պարզելու եմ, թե ով է փախնողը։ Ու հետո իրենք ինչ հետույք ունեն, որ իմ նկատմամբ հետախուզում հայտարարեն։ Հեսա ման եմ գալիս Գերմանիայում իմ համար, ֆռֆռում եմ, ի՞նչ միջազգային հետախուզման մասին է խոսքը։ Էդ միջազգային հետախուզում ասվածը բառերի կույտ է, դրա համար բավարար հիմքեր են պետք։ Առանց հիմքի ի՞նչ միջազգային հետախուզում», — հարցնում էր Սուրեն Գաբրիելյանը։
Նա մահացավ 2016 թվականին, Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում, այդպես էլ չբուժված: «Աճյունը Հայաստան բերեցին «կճուճով»», — պատմում է Հակոբ ճարոյանը: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ «Հայբիզնեսբանկի» նախկին նախագահի գործը դեռ դատարանում էր: Դատաքննությունն ավարտվեց 2017թվականին, երբ Գաբրիելյանը վաղուց մահացած էր: Իսկ 2018 թվականին Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը ՀՀ Գլխավոր դատախազությանը միջնորդեց կարճել Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետախուզումը նրա մահվան փաստը հաշվի առնելով:
Մինչ օրս այս միջնորդությունը չի բավարարվել: Իրավապահները չեն հավատում, որ Սուրեն Գաբրիելյանը այլևս չկա:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: