Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստի ժամանակ դատարանը փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը, խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին։
Նշենք, որ նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։ Դատախազությունը միջնորդել էր ընտրել այնպիսի խափանման միջոց, որը հնարավորություն չի տա վերջինիս լքել հանրապետության տարածքը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և շարունակում է գտնվել այնտեղ: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Մանվել Գրիգորյանի գործով դատախազության կողմից հրավիրված արտահերթ նիստում բժիշկ Հարությունյանն ասաց, որ իրենք հետևել են բժշկական փաստաթղթերի տվյալներին, որոնք արվել են «Նաիրի» ԲԿ-ում, ստացված տվյալներով «Արմենիա» ԲԿ-ում էլ է փորձաքննություն կատարվել և այստեղ էլ բոլոր ախտորոշումները համընկել են.
«Գրիգորյանի առողջական վիճակում բարդացում է ի հայտ եկել, ոչ ցանկալի բարդություն է և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Սրտի կծկումների հաճախականությունը կարող է բերել անկանխատեսելի բարդությունների, սուր սրտային անբավարարությունը նրա մոտ 3-րդ 4-րդ աստիճանի է, որը վերջին ստադիան է: Այն, ինչ կա այս փաստաթղթում կարող է բերել սրտի կանգ, կարող է ախտահարվել ուղեղը: Այս վիճակը որն արձանագրվել է կյանքին վտանգ սպառնացող է»,- ասաց նա:
Պատասխանելով Դատախազության հարցին՝ բժիշկը նշեց, որ նման առողջական վիճակով քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ Մանվել Գրիգորյանին պահել:
«Քրեակատարողական հիմնարկում ռեանիմացիոն պայմաններ չկան: Այս վիճակում նա պետք է գտնվի բժշկական հսկողության տակ, որը կարող է հնարավորություն տալ դրական ելքի: Առողջական վիճակով պայմանավորված Գրիգորյանը չի կարող նաև մասնակցել դատական նիստերին»,- ասաց բժիշկը:
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը վերանայի մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:
Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, Մանվել Գրիգորյանի գործով Դատախազության կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը չի այցելել Մանվել Գրիգորյանին հիվանդանոց, քանի որ չի թույլատրվում:
Նա Դատախազության՝ արտահերթ նիստ հրավիրելու այս քայլը և նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը բացասական գնահատեց, իսկ թե ինչու, ասաց. «Բացասական եմ վերաբերվում Դատախազության միջնորդությանը, որովհետև Դատախազությունն իրեն անկանխատեսելի հետևանքներից ապահովագրելու համար է այս միջնորդությունն արել: Նման միջնորդություն է անում, բայց որոշում կայացնելու ուղղորդում է տալիս. կայացրե՛ք այնպիսի որոշում, որ հանրապետությունից չկարողանա դուրս գալ»:
Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն էր տարածել, ըստ որի Մանվել Գրիգորյանի Առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր.
« Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանին այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատուն և տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ: Մանվել Գրիգորյանը ներկայում գտնվում է բժշկական հսկողության ներքո և ստանում դեղորայքային բուժում: Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի հունիսի 7-ի հայտարարությամբ հետո, երբ հաղորդագրությունից նշվել էր, որ ՔԿՀ-ում պայմանները չեն բավարարում Մ.Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտոթյան ենթարկելու և բուժօգնություն ցուցաբերելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանն ընգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայում գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական վարույթին միջամտություն, իսկ Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում » ,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: