Վարչապետն իր մոտ չկանչեց պաշտպանության նախարարին, որ հարցեր ուղղեր նրան տուժողի ներկայությամբ

0
90

Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարարազատները այսօր երկրորդ անգամ էին բողոքի ակցիա կազմակերպում:

Նախորդ անգամ նրանք Ազգային ժողովի շենքի մոտ էին, որտեղ հանդիպեցին պատգամավորներին ու  նրանցից Արթուրի մահվան գործի շուտափույթ բացահայտման խոստումներ լսեցին: Այս անգամ էլ կառավարության շենք էին եկել՝ վարչապետին հանդիպելու:

Եզդի տղայի հարազատները մենակ չէին այստեղ: Նրանց միացած բազմության մեջ էին նաև այլ սպանված զիվորների ծնողներ, որոնք տարիներով գալիս են այստեղ: Ամեն նոր կառավարության հետ նրանք խոստումներ են ստանում պաշտոնյաներից, որ իրենց երեխաների սպանությունը կբացահայտվի, հանդիպումներ են ունենում կառավարությունների ղեկավարների, նախարարների հետ: Բայց հանդիպումների ծնած հույսը և ուրախությունը, որ ահա բարձրագույն պաշտոնյան է իրենց ընդունում, անցնում են, և մարդիկ կրկին մնում են խաբված: Ու կրկին գալիս են Հանրապետության Հրապարակ, հերթական ըմբոստացողին աջակցելու: Այդպես եղավ նաև այս անգամ:

Եզդի զինծառայողի՝ Արթուր Աջամյանի հարազատներին գործադիրի շենքի մոտ մի քանի ժամ աղմկելուց, ոստիկանության հետ բախումներից, ճանապարհը փակելու բարձրաձայն սպառնալիքներից հետո ընդունեց Հայաստանի վարչապետը:

Հիշեցնենք, 11 ամսվա զինծառայող Արթուր Աջամյանին սպանել են դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան օրը: Նույն միջադեպի արդյունքում վիրավեց զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը, որը գլխի ծանր  վնասվածքով վերակենդանացման բաժանմունքում է: Քննչական կոմիտեն գործ է քննում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ  ավելի անձանց սպանության փորձ, իսկ տուժող կողմի փաստաբանը արձանագրել էր, որ նրա մարմնին տարբեր վաղեմության բռնության հետքեր են եղել` ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածում։

Վարչապետ Փաշինյանը, որը ընդունեց Աջամյանի հարազատներին, իր մոտ չկանչեց պաշտպանության նախարարին, որ հարցեր ուղղեր նրան տուժողի ներկայությամբ, չկանչեց զինդատախազին: Նիկոլ Փաշինյանը, որպես բանակի գլխավոր հրամանատար, կարող էր ընդամենը մեկ հարց տալ զինդատախազին՝ ինչ պատճառով են Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր առաջացել, եթե տղան մահացել է հրազենի կրակոցից: Իսկ նախարարին նա կարող էր հարցնել, թե արդյոք ուսումնասիրել է, թե ինչու էր տղան բռնության ենթարկվել Մարտակերտի զորամասում, որտեղ ծառայում էր, չհարցրեց նրան, թե արդյոք ինքն ընդունե՞լ է Աջամյանի հարազատներին, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են անում:

 Փաշինյանը ներողություն խնդրեց. «Ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել, որ մենք չենք կարողացել դեռևս ձեր ասած, բարձրացրած խնդիրը լուծել, որպեսզի մենք այսօր այս իրավիճակի առաջ չլինենք», — ասաց նա: Իսկ երբ զոհվածի պապիկն ասաց, որ քննիչներն իրենց ոչինչ չեն հայտնում, ոչ  մի տեղեկություն, վարչապետը խոստացավ հանձնարարել, որ տուժողներին տեղեկություն տան նախաքննության տվյալների վերաբերյալ: Իհարկե, եթե դա չի վնասի նախաքննության գաղտնիությանը:

Զոհվածի ծնողներն ու նրանց փաստաբանը խելոք դուրս եկան վարչապետին հավատալով, ու ցույցը ցրվեց:

Իրավապաշտպան, քրեագետ, բազմաթիվ քրեական գործերով կողմերի շահերը ներկայացնող Ռուբեն Մարտիրոսյանին, որը  ժամանակին աշխատել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աշխատակազմում,  հարցրեցինք, թե ինչպես է գնահատում Փաշինյանի հանդիպումը, նրա պահվածքը:

«Հիացած եմ եզդի ժողովրդի միաբանությամբ, որ իրենք ամբողջ ազգով դեմ են դուրս եկել Հայաստանում գործող դատախազություն-քննչական կոմիտե կոռումպացված համակարգին: Սա մեկ, երկրորդը՝ վարչապետը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չի Եվրոդատարանի օրենքներից: Եվրոդատարանը ունի վճիռներ հատուկ տուժող կողմի համար: Այդ վճիռները միանշանակ ամրագրում են, որ նախաքննական մարմինը պետք է տուժող կողմին տրամադրի այքան  նյութեր, որքան անհրաժեշտ են տուժող կողմին իր գործառույթները իրականացնելու համար; Իրականում հանցավոր քննչական մարմինը ստեղծել է կեղծ տեսություն՝ նախաքննական գաղտնիք կոչվող տերմին, որով իրենք ամեն կերպ ցանկանում են տուժող կողմին հեռու  պահել գործի հանգամանքներից, որ տուժող կողմը չկարողանա իր գործառույթները  իրականացնել»:

Ըստ Մարտիրոսյանի, այս, ինչպես և իր պրակտիկայից բազմաթիվ այլ գործեր, վկայում են, որ ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ եզրույթները պետք է դնել չակերտների  մեջ: «Ցավալի է, որ վարչապետը՝ իրեն միամիտի տեղ դնելով, չի տեսնում, թե ինչ է կատարվում այս համակարգում: Նա չի կարող չիմանալ, նա երկար տարիներ լրագրող և խմբագիր է աշխատել, ու նրա ձեռքի տակով բազմաթիվ այդպիսի գործեր են անցել, և նա դրսևորում է պաշտոնեական անգործություն, նպաստելով, որ քննչական կոմիտեի նախագահն ու զինդատախազությունը շարունակեն հանցագործություններ կոծկել», — հայտարարում է իրավապաշտպանը:

Հարցին, թե ինչ կաներ ինքը վարչապետի փոխարեն, եթե  մարդիկ բորբոքված գային և իրենից արդարություն պահանջեին, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Այդ նույն ՀՀ պաշտպանության նախարարն ու վարչապետը ժամանակին եղել է Վազգեն Սարգսյանը, և երբ որ նրան ներկայացրել են հիմնավոր փաստեր ու ապացույցներ, որ այդ կառույցը կոռումպացված է, Վազգեն Սարգսյանը բոլոր կայզորների դատախազներին և քննչական կառույցների պետերին հեռացրել է աշխատանքից»:

Նա հիշեցրեց, որ բազմիցս դիմել է վարչապետին զինծառայող Գրիգոր Ավետիսյանի մահվան մեջ մեղադրվող, սակայն իրականում անմեղ Դավիթ Դումիկյանի վերաբերյալ տեղեկություններ հայտնելով ոչ մի պատասխան չի ստացել:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here