Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» № 1818-Ա որոշումը: Այս որոշումը վերաբերվում է չարչրկված «Երեխաների քաղաք» ծրագրին:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին որոշում էր կայացվել Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում  անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը: Այդ տարածքում նախատեսվում էր ստեղծել սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք:

«Երեխաների քաղաք» անվանումն ունեցող ծրագիրը նախատեսում էր «ապահով օթևան տրամադրել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխայի՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մինչև 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից»:

Ծրագիրն ակնհայտ հակասում էր ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 8-ին հաստատած ծրագրին և ՀՀ կառավարության կողմից այժմ իրականացվող մի շարք այլ ծրագրերի։

«Երեխաների քաղաք» ծրագրի մասին միանգամից բացասական դիրքորոշում հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և մի շարք իրավապաշտպան կառույցները։

Նախագիծը մի քանի փոփոխությունների ենթարկվելուց հետո հանրային քննարկման դրվեց e-draft կայքում։ Մասնավորապես, նախագծից դուրս մնաց «հաշմանդամություն ունեցող անձիք» ձևակերպումը, առաջ գալով «կարողությունների զարգացմանն ուղղված բազմաբովանդակ գործառույթներ» ենթատեքստով նախադասությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որն առաջին իսկ օրվանից բացասական դիրքորոշում է հայտնել ծրագրի վերաբերյալ, այսօր ևս նույն մտքին է։ «Մենք սա համարում ենք մեկուսացման տանող ծրագիր, որը բացարձակ չի համապատասխանում ներառականության մեր պատկերացումներին»,- Forrights-ի հետ զրույցում նշեցին նախարարությունից։

Նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտարարում է՝ քանի դեռ նախարարության համար անհասկանալի հարցեր են մնում, իրենք չեն փոխելու նախնական դիրքորոշումը․

«Միայն այն, որ ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով մարդկանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար, արդեն իսկ խիստ հակասում է ներառականության բոլոր կանոններին։ Մենք այս ծրագրին երբևէ կողմ չենք արտահայտվել, փոխարենն առաջարկել ենք որոշակի փոփոխություններ իրականացնել ծրագրում։ Այստեղ մեկ խնդիր չէ, որը մենք տեսնում ենք, դրանք բազմաթիվ են»- նշեց Մարտիրոսյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին մտահոգությունն է հայտնում «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի և խարանի խորացմանը»,- իր մտահոգությունն է հայտնում ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նախատեսվում է իրականացնել ծրագրի վերանայման աշխատանքներ, ծրագրի փոփոխությունից հետո, անհրաժեշտության դեպքում, կքննարկվի նոր հողամաս հատկացնելու հարցը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest