Forrights.am իրավապաշտպան կայքի դեմ լայնամասշտաբ հաքերային հարձակում է իրականացվում

0
313

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության  http://forrights.am կայքը դեկտեմբերի 12-ից պարբերաբար ենթարկվում է DDoS հարձակումների, որոնց պատճառով կայքի աշխատանքը մի քանի օր ամբողջովին կազմալուծվել էր։

DDoS on forrights.am
DDoS հարձակումներ Forrights.am կայքի դեմ

CiviCERT-AM թիմը դեկտեմբերի 18-ից ստանձնել է կայքի պաշտպանությունը՝ այն տեղափոխելով նոր սերվեր և կայքը մտցնելով Cloudflare-ի պաշտպանության տակ։ Այս ընթացքում՝ ընդամենը 4 օրում, Forrights.am-ի ուղղությամբ հակառակորդ կողմը զգալի ռեսուրսներ է կենտրոնացրել՝ դեպի կայք ուղղվել է ավելի քան 2.8 միլիարդ հարցում, ավելի քան 10 տերաբայթ ծավալով, իսկ և հարձակման արագությունը պարբերաբար հասնում էր 150k/RPS (150,000 հազար հարցում վայրկյանում)։

«Ես հիմնավոր կասկածներ ունեմ, թե ով է դրա հեղինակը: Լուսաբանում ենք ամենահայտնի օլիգարխներից մեկին առնչվող մի քրեական գործ», — մեկնաբանելով հարձակումը՝ Ֆեյսբուքում գրել է Forrights.am կայքի խմբագիր Ժաննա Ալեքսանյանը։ — «Սույն օլիգարխը մինչև օրս մեծ ներգործություն ունի Հայաստանում, ինչպես տեսնում եք նաև խոսքի ազատության սահմանափակման հարցերում»։

Այս տևական ու իր ծավալներով աննախադեպ հարձակումը ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ և CiviCERT-AM թիմը հայտարարում է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Forrights.am կայքի շարունակի գործել և իրագործի տեղեկատվություն ստանալու և տարածելու իր իրավունքը։

Հայաստանում DDoS հարձակումների պատմությունը

Փաստենք, որ DDoS հարձակումները նորություն չեն Հայաստանում։ Դրանք պարբերաբար կիրառվել են 2000-ականների սկզբից շարունակվող հայ֊ադրբեջանական կիբեր֊հակամարտությունում։ Այսպես՝ 2005 թվականին գրեթե բոլոր հայկական ֆորումները գտնվում էին ուժեղ DDoS հարձակման տակ մոտ երկու շաբաթ։

Գրաֆիկը ցույց է տալիս Ամերիկայի ժամանակը, որտեղ տեղադրված է կայքը
DDoS հարձակում iDitord.org կայքի դեմ

Ներքաղաքական և ներհայաստանյան համատեքստում նման հարձակումները սկսեցին կիրառվել 2012 թվականին։ Այսպես՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլում, ապրիլի վերջ ֊ մայիսի սկիզբ հատվածում մի քանի կայք ենթարկվեցին հարձակումների։ Առաջինը ընտրությունների փուլում բացված քարոզչական, ավելի շուտ սև փիարի նյութերով հեղեղված pozor.am կայքն էր, որը հենց այդ ժամանակ էլ փակվեց և հասանելի է միայն արխիվներում։ Հետո հարձակման տակ ընկան 1in.am, blognews.am լրատվականները։ Իսկ հենց ընտրությունների օրը՝ մայիսի 6֊ին, մի քանի ժամով շարքից դուրս բերվեց ընտրական խախտումների արձանագրման iDitord.org հարթակը (որը ստեղծվել էր այսօրվա CiviCERT-AM թիմի անդամների կողմից):

Հետագայում պարբերաբար հանդիպում էին նման հարձակումներ։  Այսպես, օրինակ, 2013-2014 թվականներին մի շարք հարձակումներ իրականացվեցին, որոնց ոչ նպատակը,  ոչ հեղինակը հայտնի չդարձան, բայց դրանց ուժգնությունը այնքան էր, որ հանրապետության մակարդակով կապի խափանումների հանգեցրեցին։

Հետագայում DDoS հարձակումները շարունակվեցին, սակայն արդեն մի քանի տարի նմանատիպ ուժգնության և հստակ թիրախավորված հարձակում չէր արձանագրվել։ Պատվիրատուն ծախսում է բավականին լուրջ ռեսուրսներ։ Եվ շատ մտահոգիչ է, որ թիրախավորվում է իրավապաշտպան կազմակերպությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here